Արցախը սիրեց, Համո Սահյանին էլ տուն բերեց իր հետ պատերազմից

Արցախը սիրեց, Համո Սահյանին էլ տուն բերեց իր հետ պատերազմից

503
Լուսանկարը՝ Արցախի հանրային ռադիոյի էջից

Դեռևս մանկուց նրա շրջապատում պտտվող խոսակցություններն առաջացնում էին ուղղակի բացասական կարծիքներ Արցախի մասին: Վերջինս նրա համար միայն հող էր, տեղ, որտեղ ապրում էին իր ու իր ընտանիքի անդամների նման մարդիկ: Այս մտքերը 20-ամյա Նարեկի հետ շարունակեցին քայլել կյանքին համընթաց, մինչ նա հասավ Արցախ:

2018 թվականին, երբ լրացավ Նարեկ Հովհաննիսյանի 18 տարի, նա զորակոչվեց պարտադիր զնվորական ծառայության. «Մտքովս էլ անգամ չէր անցում, որ կծառայեմ Արցախում, առավելևս որ իմ պատմության էջերից մեկը լինելու էր պատերազմական հիշողություններով»։

Նարեկն ասում է, որ միշտ մտածել է՝ պետք է ծառայի Երևանում, որովհետև քննական փուլում էր․ ծառայության պիտի անցներ ՊՆ Սարդարապատ պարի պետական անսամբլում։ Բայց երբ հերթը հասավ իրեն, վերցրեց վիճակահանության արկղի թուղթը և ուղղակի ապշած նայեցի թղթին․ գրված էր «Արցախի հավաքակայան»։

Պատմում է, որ ծառայության մեկնելու առաջին մի քանի ժամը չէր հասկանում, թե ինչ է կատարվում. «Ճանապարհը տեղից էլ շատ երկար էր ու ահավոր էր, թվում էր, թե գնում-գնում ու չէինք հասնում: Էդ ժամանակ երկրորդ անգամ էի գնում Արցախ: Առաջին անգամ որ գնացի, միևնույն է, չէի հավանել, մեծ բան չէի տեսել Արցախում, սովորական էր ամեն բան ինձ համար»:

Առաջին անգամ Արցախ մի քանի օրով հանգստանալու գնացած Նարեկը պատկերացնել անգամ չէր կարող, որ հաջորդ անգամը կարող է տևել ոչ թե մի քանի օր, այլ երկու տարի. «Ծառայության ընթացքում բախվել եմ շատ խնդիրների, որոնց լուծման ընթացքում կարողացել եմ ինքնակազմակերպվել և ինքնադրսևորվել։ Խնդիրներից մի քանիսը եղել են ռազմական մասնագիտության ընտրության հետ կապված։ Վերջինիս հարցում արդեն կար հստակ որոշում, որ ես զորամասում պետք է ծառայեի որպես կապավոր, բայց ինձ վստահեցին ավելի բարդ և միաժամանակ ավելի պատասխանատու հաստիք՝ հաշվարկողի մասնագիտությունը»։

«Հաշվարկողը,- մեզ հետ զրույցում պատմում է Նարեկը,- մասնագետ է, որը պետք է լինի մաթեմատիկայի բազային գիտելիքներով զինված։ Իսկ ինքը, բախտի բերմամբ թե պատահմամբ, չուներ այդ բազային գիտելիքները, քանի որ դպրոցական տարիներից ի վեր նախընտրում էր հումանիտար գիտությունները։ «Հաշվարկողի մասնագիտությանը ծանոթանալու առաջին իսկ օրվանից սկսեցի սիրել այդ գործը, չնայած որ մաթեմատիկայի ու հաշվարկների մեծ սիրահար չէի։ Ամիսների ընթացքում դարձա հաշվարկող և սկսեցի ղեկավարել մի ամբողջ ջոկ»,- իր ու մասնագիտության կապվելու մասին է պատմում Նարեկը։

Ծառայությունից անցել էր 1 տարի 2 ամիս, երբ իմացան, որ սահմանին թշնամին կրկին կրակում է: Պատմում է, որ իրենց համար արդեն «նորմալ էր». «Շատ ա եղել, որ կրակել են մի քնաի ժամ, հետո թողել: Դա մեզ համար արդեն սովորական էր: Որ տեսնում էինք՝ սովորականից երկար էին մի օր կրակում, մենք էինք պատասխան տալիս արդեն: Բայց 44-օրյայից առաջ լավ շարժ էինք նկատում, հասկանում էինք, որ մի բանի պատրաստվում են»:

Մարտունիում 19-ամյա Նարեկի ծառայության 14-րդ ամսում սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նարեկը չի սիրում դրա մասին երկար-բարակ պատմել, միայն հիշողության մեջ լավ տպավորվել է առաջին օրը կամ ինչպես ինքն է ասում, «պատերազմի առաջին ժամերը»․ «Առաջին արկի հարվածի ծխից ակնթարթորեն կյաքնը կանգ էր առել, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Կրակ էր թափվում երկնքից: Ժամեր շարունակ չընդհատվող կրակի տարափը մի պահ հանդարտվեց, և զգացինք, որ ամեն ինչ լուրջ է, քան մեր պատկերացումներն էին։ Կեսօրին տեղեկացանք, որ հակառակորդն իրականացնում է լայնամասշտաբ մարտական գործողություններ սահմանի ամբողջ երկայնքով»։

Արցախը նրա պատկերացման մեջ մանկուց տպավորվել էր որպես «արյունոտ հող»։ Այսօր արդեն Արցախի փոքրիկ դրոշը հեռախոսի պատյանում պահող տղան հիշում է, որ պատերազմից հետո սկսեց ավելի չսիրել Արցախը, ու չնայած այդ հանգամանքին՝ միևնույն է գնում էր Արցախ։ Հարցին, թե ինչ փոխվեց կամ ինչը փոխեց նրան, որ սկսեց ամեն ինչին այլ կերպ նայել, տվեց ընդամենը մեկ բառ-պատասխան՝ «Ժամանակը»: Նշում է իր սիրած հեղինակի խոսքերից մեկը. «Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ…», իսկ մայրը կողքից հիշում է, որ երբ ծառայության 3-րդ ամիսն էր արդեն, խնդրել էր Համո Սահյանի գրքերից մի քանիսը, որ հիմա դրված են տան մի անկյունում, անպայման ուղարկել: Շեշտում է, որ դրանք իր հետ բերել է պատերազմից. «Համո Սահյանն էլ հետս 44 օր կռիվ տվեց․ ուսապարկումս էր, չէի ուզում թողնել մի տեղ, մորս նվերն էր ծառայության օրերին»: Համո Սահյանից ոգեշնչված էլ սկսել է ստեղծագործել։ Մասնագիտությամբ միջազգայնագետ է, սակայն ինչպես նա է նշում, դա բնավ չի խանգարում:

Մեր զրույցի վերջում պատմում է, որ օրեր առաջ համալսարանի ընկերների հետ մեկնեցին Արցախ։ Եռօրյա ճամփորդության ընթացքում, ասում է, նկատել է, թե ինչպես է իր կյանքը փոխվել 180 աստճանով. «Ես զգացի Արցախի հանգստությունը։ Այն հանգստությունը, որ Արցախում էր, ինձ թվում է՝ չեմ գտնելու ոչ մի տեղ։ Այդ վայրում իմ գիտակցական մակարդակը հասել էր իր գագաթնակետին, ու ես սկսեցի ուղղակի ապրել՝ վայելելով ամեն պահը ․․․»:

Ալբերտ Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել