«Շորժայի քարերը» ու «Շորժայի իմ ծառերը»

«Շորժայի քարերը» ու «Շորժայի իմ ծառերը»

661

Երբ իմացա, որ նկարներն արվել են Շորժայի Նկարիչների պանսիոնատում, ասացի, որ ես էլ եմ այդ կողմերից: Դավիթը ճանաչեց ծննդավայրս՝ Ճամբարակը, որտեղ մի քանի անգամ եղել և շատ է հավանել:

Հայաստանի նկարիչների միության 90 ամյակին նվիրված  «Աշնանային սալոն 2022» ցուցահանդեսի առիթով հանդիպել էի նկարիչ եղբայրներ Դավիթ և Գագիկ Սիրավյաններին։ Նրանք Նկարիչների միության անդամ են: Երկուսն էլ սովորել են Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Նկարիչները պատմեցին իրենց՝ ցուցահանդեսում տեղ գտած նկարների մասին:

Կտավներից մեկը կոչվում է «Շորժայի քարերը»: Անդրադառնալով կտավին՝ ասաց, որ այն  նկարել է, երբ Սևանի ջրի մակարդակն իջել էր, և  քարերը դուրս էին եկել: Նրա խոսքով՝ այդ քարերը կենդանակերպ են, և դրանց միջոցով ինքը տարբեր երևույթներ է արտահայտում:  Այն հարցիս, թե կա՞ն արդյոք այնպիսի երևույթներ, որոնց միշտ է անդրադառնում, պատասխանեց. «Ոչ, ամեն ինչ էլ նկարում եմ»: Եղբայրներից նաև իմացա, որ իրենց հայրը՝ Հենրիկ Սիրավյանը, նույնպես նկարիչ է և Մարտիրոս Սարյանի սանն է եղել: Դավիթի հետ զրույցն ավարտվեց նրա խոսքով։ Ասաց. «Ափսոս շտապում եմ, թե չէ Ձեզ էլ կնկարեի»:

Դավիթից հետո իր նկարը ներկայացրեց Գագիկը՝ ասելով, որ նկարում պատկերված են Շորժայի ծառերը: Կտավը հենց այդպես էլ կոչվում է՝ «Շորժայի իմ ծառերը»: Վերջին շրջանում շատ է անդրադառնում ծառերին. դրանց մեջ մարդկային կերպարներ է տեսնում, շատ հաճախ դրանք  ինքնադիմանկարներ են: Ծառեր նկարելով՝ փորձում է ցույց տալ մարդկային ապրումները, զգացմունքները, հույզերը, ծառերի՝ սեր արտահայտող շարժումները: Դրանք շատ հաճախ նույնանում են մարդկանց հետ: Կան ծառեր, որոնք բնության մեջ իրենց նախատիպն ունեն, և ինչպես տեսնում, այնպես նկարում է, և կան նաև այնպիսիք, որոնք ինքն է ստեղծում: Օրինակ՝ նկարի մեջ գտնվող ծառերը իրական են, գտնվում են մեծ և փոքր Սևանների բաժանման կետում: Նկարչի խոսքով՝ ծառերը կոմպոզիցիայով համոզել և բավարարել են իրեն, այդ պատճառով նկարել է:

Երկու եղբայրներն էլ շատ կապված են Շորժայի հետ, երկուսն էլ ասացին, որ ամեն տարի գալիս են «նկարիչների պանսիոնատ»՝ հանգստանալու և զուգահեռ նկարելու:

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել