Թեքահարթակների բացակայության խնդիրը Երևանի բուհերում

Թեքահարթակների բացակայության խնդիրը Երևանի բուհերում

520

Հասարակությունում կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաև ֆիզիկական միջավայրի անհարմարությունների հետևանքով հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ չեն դիտվում որպես իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, հասարակության լիիրավ անդամ և առօրյա կյանքում բազմիցս հանդիպում են խոչընդոտների իրենց իրավունքների ինքնուրույն իրացման, սոցիալական ներառման և անկախ կյանք վարելու հարցերում:

Հաշմանդամություն ունեցող ուսանողներն այսօր բուհերում բախվում են մի շարք խնդիրների, որոնցից մեկը թեքահարթակների  բացակայությունն է: Հայաստանում բուհերի մեծ մասը  չունի  համապատասխան կառուցված թեքահարթակներ: Այս խնդիրը առկա է տարիներ շարունակ, սակայն ոչ մի աշխատանք չի տարվում այն լուծելու համար: ՄԱԿ-ի կոնվերցիայի վավերացմամբ պետությունը պարտավոր է ապահովել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մյուսների  հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքների ինքնուրույն իրացման համար միջավայրի ստեղծմանը:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն արգելում է բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառուցվածքների շինարարությունն ու վերակառուցումը, եթե դրանք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության և օգտագործման համար: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, որոնց կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Չնայած առկա օրենսդրական պահաջներին՝ ֆիզիկական մատչելիության ապահովման բավարար մեխանիզմեր գործնականում առկա չեն: Այսինքն՝ կան օրենքներ, սակայն չեն գործում:

Չնայած նրան, որ պետությունը պարտավոր է լուծել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները և ստեղծել համապատասխան միջավայր, այսօր էլ  ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անմատչելի է մնում բարձրագույն կրթություն ստանալը: Որոշ բուհերում խնդիրը փորձում են լուծել միայն ԲՈՒՀ-ի դիմաց թեքահարթակ տեղադրելով  և մատչելիությունը սահմանափակում այդքանով, իսկ որոշ  բուհերում անգամ այդ չկա:

Հոգեբան, մարզական լրագրող Գոհար Նավասարդյանը, ով ևս ունի հաշմանդամություն, հաճախ էր ուսանողական տարիներին բախվում այս խնդրին: Նա զրույցի ընթացքում նշում է, որ Երևանի պետական համալսարան մուտք գործելը իր համար բավականին բարդ էր, որովհետև չկային մատչելի պայմաններ: Նա նաև նշում է, որ շատ դժվար է օգտվել գետնանցումներից և վերնանցումներից:

Journalist.am-ին ԿԳՄՍ-ի բուհերի խնդիրների գծով զբաղվող բաժնից պատասխանեցին, որ դեռ 2016թ.-ից խնդրի լուծում տալը մտել է ուժի մեջ, սակայն կան ֆինասական և մի շարք այլ խոչընդոտներ, որոնց պատճառով հարցը դեռ լուծված չէ: Նաև նշեցին, որ տվյալ բուհերը պետք է զբաղվեն այդ խնդրով և իրենք պետք է փորձեն ապահովել հաշմանդամություն ունեցող մարդկանց  հեշտ ու հանգիստ մուտքը համալսարան:

Կատարված հարցման ընթացքում, որին մասնակցել են Երևանի գրեթե բոլոր բուհերից ուսանողներ, մոտ 66.7%-ը պատասխանել է, որ բուհում առկա չեն թեքահարթակներ: 62.9%-ը նկատել է առկա խնդիրը, սակայն 98.6%-ը ոչ մի պատկան մարմին չի դիմել: Ուսանողների 1.4%-ը նշում է, որ դիմել է, սակայն լիարժեք պատասխան չի ստացել: Հայաստանում միակ համալսարանը, որտեղ առկա են թեքահարթակներ, և ստեծվել է մատչելի պայմաններ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանն է:

Նայելով խնդիրը նկատած, սակայն պատկան մարմին չդիմած ուսանողների տոկոսների թվի մեծ տարբերությանը, կարող ենք նշել նաև, որ այս հարցը իր լուծումը չի ստնում նաև հասարակության անտարբերության պատճառով:

Զրուցեցինք  ուսանողներից մի քանիսի հետ՝ հասկանալու, թե ինչու չեն դիմում պատկան մարմիներին: Նշեցին, որ իրենք անձամբ չեն բախվել այդ խնդրին, այդ պատճառով խնդրի լուծմամբ այդքան էլ հետաքրքրված չեն:

ԿԳՄՍ նախարարությունից  տեղեկացրին, որ  քաղաքաշինության կոմիտեն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մի շարք այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով, կազմել են համապատասխան ծրագրեր այդ հարցը լուծելու համար, և այդ ամենը այժմ գործընթացի մեջ է: Թե երբ բոլոր բուհերում առկա կլինեն թեքահարթակներ` հստակ ժամանակահատված չնեշցին:

Սյունե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել