Սպառողի իրավունքների հաշվին կանգնած երթևեկելը «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներում օրինական է

Սպառողի իրավունքների հաշվին կանգնած երթևեկելը «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներում օրինական է

277

Գնացքներում ուղևորափոխադրման կարգը, որը թույլ է տալիս նաև կանգնած ուղևորների փոխադրել, ստորադասում է սպառողների իրավունքները՝ պնդում են «Սպառողների ասոցիացիայից»։

Երևան-Գյումրի գնացքների գերբեռնված լինելու հետևանքով վերջերս վագոններում հաճախ են կանգնած ուղևորներ լինում, ինչն անգամ Ֆեյսբուք սոցիալական ցանցում է քննարկման առարկա դարձել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ գնացքի միջանցքներում ու սրահներում կանգնած երթևեկող ուղևորների լուսանկարներն առիթ էին շատ օգտատերերի համար՝ կանգնած ուղևորության իրենց բացասական փորձը ներկայացնելու և դժգոհությունն արտահայտելու համար։

«Հարավկովկասյան երկաթուղու»՝ միջանկյալ կանգառներ ունեցող երթուղիների գնացքներում թույլատրված է կանգնած ուղևորների երթևեկությունը։ Գնացքներն այս հնարավորությունն ունեն՝ համաձայն այն շահագործելու տեխնիկական անձնագրի, իսկ տոմսերի վաճառքի ժամանակ նստատեղերի սպառված լինելու մասին ուղևորը տեղեկացվում է»,- Ժուռնալիստ.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։

Իսկ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից Ժուռնալիստ.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են, որ երթուղում միջանկյալ կանգառների առկայությունը ենթադրում է ուղևորների իջեցում և նստեցում, ինչի համար էլ նախատեսված է երթևեկության կազմակերպումն ինչպես նստած, այնպես էլ կանգնած վիճակում։ Քանի որ գնացքի սրահներում թե՛ նստած, թե՛ կանգնած երթևեկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ կան, «Հարավկովկասյան երկաթուղին» որևէ կարգ կամ օրենք չի խախտում՝ նշում է նախարարությունը։ Այսուհանդերձ, «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ սպառող-ուղևորների իրավունքները խախտված են։

Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը զբաղվում է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի և էլեկտրոնային հաղորդակցության հարցերով, իրականում պետք է վերահսկողություն ունենա նաև տրանսպորտի նկատմամբ, ընդ որում՝ թե՛ երկաթուղային, թե՛ օդային։

«Շատ լավ է, որ մեր երկրում երկաթուղային երթևեկությունն ունի այնպիսի ցուցանիշ, որ նույնիսկ գնացքի նստատեղերը չեն բավարարում, որպես զարգացման դինամիկա՝ լավ է, բայց սպառողի իրավունքները չպետք է սրա արդյունքում ստորադասվեն»,- նշում է Պողոսյանը՝ հավելելով, որ խնդիրն ունի շատ պարզ լուծում, այն է՝ վագոնների ավելացումը, և սա «Հարավկովկասյան երկաթուղու» համար մեծ խնդիր չէ։

Ուղևորներին նստատեղերի սպառված լինելու մասին նախապես տեղեկացնելը, ըստ Պողոսյանի, լուծում չէ, իսկ ՏԿԵ նախարարության պարզաբանումը միջանկյալ կանգառների վերաբերյալ անընդունելի է։

«Միջանկյալ կանգառները, դրանց ընթացքում մարդկանց նստելն էլ (գնացք բարձրանալը) արդարացում չէ։ Իսկ ինչի՞ պիտի չնստեն, իսկ ու՞ր է իրենց մոնիթորինգը, որ հետևեն, թե որ մասում, որ կանգառում, որ սեզոնին, որ ժամին են ավելի շատ մարդիկ նստում, վերլուծեն ու գոնե մեկ վագոն ավելացնեն»,- նշում է «Սպառողների ասոցիացիայի» նախագահը և հավելում․ «Երբեմն-երբեմն, եթե լինեն իրավիճակներ, որ չնախատեսված կերպով ստացվի, հասկանալի և ընդունելի է, բայց եթե դա սիստեմատիկ բնույթ է կրում, ապա ոչ մի կերպ չի կարելի հաշտվել դրա հետ»։

Էդուարդ Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել