ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. ՈՒՂԵՑՈՒՅՑ

289

Բակալավրիատի ուսանողի՝ տվյալ մասնագիտության շրջանակում ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծումներն առաջարկելու հմտություններն արտացոլվում են ավարտական աշխատանքում։

Ավարտական աշխատանքը բակալավրի կրթական ծրագրի անհատական և ամփոփիչ բաղադրիչն է, որն ունի տեսական և/կամ կիրառական նշանակություն: Աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունն առկա ուսուցման դեպքում իրականացվում են 8-րդ կիսամյակում, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 10-րդ կիսամյակում։

Բակալավրիատում ավարտական աշխատանքի պատրաստումը կատարվում է ղեկավարի խորհրդատվությամբ և վերահսկողությամբ։ Բակալավրիատի բոլոր ուսանողները մինչև 7-րդ (հեռակա ուսուցման դեպքում՝ 9-րդ) կիսամյակի ավարտը պետք է ունենան ավարտական աշխատանքի հրամանագրված թեմաներ և ղեկավարներ։

Ավարտական աշխատանքի նախապաշտպանությունն անցկացվում է տվյալ ստորաբաժանման և բակալավրի կրթական ծրագրի ղեկավարների, ինչպես նաև ուսանողի ավարտական աշխատանքի ղեկավարի մասնակցությամբ։

Նախապաշտպանության ընթացքում գրագողության հայտնաբերման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որը հանձնաժողովին է ներկայացվում ամփոփիչ ատեստավորման, իսկ հրապարակային պաշտպանության ժամանակ գրագողության հայտնաբերման դեպքում աշխատանքը գնահատվում է անբավարար։

Աշխատանքը գնահատվում է 20 միավորանոց համակարգով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների:

Բակալավրիատի ուսանողի ավարտական աշխատանքը գնահատում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի այն անդամները միայն, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի աշխատանքի պաշտպանության ամբողջ ընթացքում։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվում են պաշտպանությունից անմիջապես հետո ուսանողների ներկայությամբ:

Գնահատականների հրապարակումից հետո հանձնաժողովի նախագահը հարցնում է բողոքների առկայության մասին։ Շրջանավարտը բողոք ունենալու դեպքում դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին։ Բողոքարկումը դիտարկվում է, եթե առկա են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի ընթացակարգային դրույթների խախտումներ։

Հանձնաժողովի նախագահը դիմումն ստանալուց հետո շրջանավարտին է ներկայացնում հանձնաժողովի անդամների գնահատման արդյունքները՝ համաձայն սահմանված չափանիշների և չափորոշիչների։ Գնահատման գործընթացում ընթացակարգերի կիրարկման և գնահատման միավորների հաշվարկման ու ամփոփման սխալների հայտնաբերման դեպքում հանձնաժողովը՝

ա) փոխում է ուսանողի գնահատականը, եթե հայտնաբերված խախտումը կամ սխալն ազդել են գնահատման արդյունքի վրա,

բ) չի փոխում գնահատականը, եթե սխալը կամ թերությունը չեն ազդել գնահատման արդյունքի վրա,

գ) չեղարկում է պաշտպանության արդյունքները, եթե առկա են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի ընթացակարգային լուրջ խախտումներ, և անմիջապես կազմակերպում է նոր պաշտպանություն։

Սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք հաջողություն ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքում:

Կարինե Հովհաննիսյան

Սկզբնաղբյուրը՝ ysu.am

Կիսվել