Առանց մրցույթի պետգնումները՝ կոռուպցիոն ռիսկեր

Առանց մրցույթի պետգնումները՝ կոռուպցիոն ռիսկեր

434

Պետական գնումների համակարգում բարեփոխումներն այս իշխանությունների խոստումներից են։ Իշխանափոխությունից հետո՝ 2018-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու։ 2019-ին էլ երկրի ղեկավարն ասում էր՝ իրենց նպատակը համակարգը ճկուն դարձնելն է, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը և զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից։  

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա»,- այս պնդումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է 2018 թվականի օգոստոսի 17-ին, երբ ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը։

Այս խոստումների ֆոնին, այնուհանդերձ, խնդրահարույց են մնում հատկապես առանց մրցույթի՝ մեկ անձից  և հրատապ մեկ անձից գնման ընթացակարգերով կատարված գնումները։ Գնման այս ձևերը թեև օրինական են, սակայն մասնագետների կարծիքով՝ պարունակում են  կոռուպցիոն մեծ ռիսկեր:

Հայտարարությունից շուրջ հինգ տարի է անցել, բայց Փաշինյանի կառավարությունը շարունակում է հարյուրավոր միլիոնների պետական գնումներ կատարել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հաճախ նաև իշխանությունների որոշ ներկայացուցիչների ընկերություններից։

Այսպես՝ 2022 թվականին Անկախության 31-ամյակը տոնելու համար վարչապետի աշխատակազմը պետական բյուջեից 155 մլն դրամ է ծախսել։ Գնումն արվել է մեկ անձից։ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի կազմակերպման համար գործադիրը ծախսել է 309 մլն դրամ՝ կրկին առանց մրցույթի։ 2022-ի մայիսին Երևանում բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունը գնումներն արել է մեկ անձից՝ 10 օրվա համար հատկացնելով 1,5 միլիոն դոլար։ Իսկ ահա Ամանոր 2023-ի պատրաստութունների համար Երևանում և վարչական շրջաններում, ըստ Էլեկտրոնային գնումների պաշտոնական հարթակի, հարկատուների գրպանից ծախսվել է շուրջ երկու միլիոն դոլար։  Առանց մրցույթների գնումները փորձագետները հատկապես ռիսկային են համարում այն պարագայում, երբ ի սկզբանե հայտնի է, որ տվյալ միջոցառումն իրականացվելու է, օրինակ՝ ՀՀ անկախության տոն, Ամանորյա տոներ և այլն։ 

Մեկ անձից կատարվող գնումներն ամենառիսկայինն են կոռուպցիայի տեսանկյունից՝ ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Կառավարության՝ 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման 23-րդ կետով սահմանվում է, որ մեկ անձից գնումներ կարող են կատարվել, երբ տվյալ ծառայությունը մատուցողները եզակի ընկերություններ են, և ծառայությունն այլ մատակարար չունի, կամ տեղի է ունեցել ֆորսմաժորային իրավիճակ, և գնում իրականացնելն ունի կենսական անհրաժեշտություն։ Վերջին շրջանում պետական կամ համայնքային մարմինները մեկ անձից գնումները հիմնավորում են հենց այս կետով։

«Հիմնավորում են, որ միայն տվյալ ընկերությունը կարող էր այդ միջոցառումը կազմակերպել։ Այստեղ առաջ է գալիս ենթաօրենսդրական ակտի վերանայման հարց՝ իսկապե՞ս ցուցակն այդքան մեծ պիտի լինի, իսկապե՞ս այդ ծառայությունները միայն մեկ ընկերություն կարող է մատուցել։ Իհարկե, մեկ անձից կատարվող գնումներում կոռուպցիոն ռիսկ կա»,- ընդգծում է Վարուժան Հոկտանյանը։

Օրենքը թույլ է տալիս նաև մեկ անձից գնումներ կատարել ժամանակի սղության կամ անհետաձգելի կարիքների դեպքում, այսինքն՝ երբ տվյալ գնումը համարվում է հրատապ։ Բայց, հաշվի առնելով մեկ անձից գնումների վերոնշյալ դեպքերը, պետական ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նկատում է՝ այնպես չէ, որ այդ միջոցառումների մասին պետական կամ համայնքային մարմինները օրեր առաջ են իմացել։

«Ակնհայտ է, որ այլ մոտիվներ են գոյություն ունեցել։ Գիտենք՝ Անկախության տոնը երբ է, Նոր տարին երբ է, և, եթե ուզում ենք շուքով նշել, ապա պիտի նախօրոք պատրաստվել՝ գնումներն իրականացնելով մրցութային տարբերակով՝ բաց ու թափանցիկ։ Բայց սա կախված է նրանից, թե պետական մարմիններն արդյոք ուզում են պատրաստվել, վաղօրոք միջոցներ ձեռնարկել, գնումների տեխնիկական բնութագիրը հաստատել, մրցույթ անցկացնել, թե գալ ու վերջին րոպեին ասել՝ այլևս ժամանակ չկա, պիտի շտապ գնում կատարենք»,- ընդգծում է Արտակ Քյուրումյանը։

Փորձագետը կարծում է, որ Կառավարության աշխատանքը, այդ թվում՝ գնումների գործընթացը, պետք է վերահսկվեն խորհրդարանի կողմից, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը բացառվեն, ինչը, սակայն, չի արվում։

Առանց մրցույթի գնումներ իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանը հաճախ է հայտնվում քննադատությունների կենտրոնում։ 2022 թվականին ամանորյա լուսավորության նախագիծն իրականացնելու համար քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր էր կնքել «Սիմեմարտ» ՍՊԸ-ի հետ, որը ոլորտում փորձ չուներ, պետական գնման առաջին «փորձն» էր և միանգամից՝ «մեկ անձից գնման» ընթացակարգով։ «Սինեմարտ» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին, տնօրենը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին պրոդյուսեր Ռուբեն Շահինյանն է։ Ուշագրավ է, որ այս ընկերության վրա 2021 թվականին արգելանք է դրվել, և պետբյուջեի օգտին բռնագանձվել է 130,000 ՀՀ դրամ։ Արգելանքը հանվել է քաղաքապետարանի հետ բազմամիլիոնանոց պայմանագրի ստորագրումից օրեր առաջ։ 

Անդրադառնալով մեկ անձից գնումներին՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այդ ընթացակարգն էլ է բաց ու թափանցիկ համարում։ 

«Մրցույթը երկնքից թափված մանանա չէ, իհարկե, կարևոր են թափանցիկ ընթացակարգերը, բայց սա էլ է թափանցիկ, որ մեկ անձ է, ում հետ է, ինչ գնով է․ թափանցիկությունն այստեղ չի տուժում։ Որոշ կազմակերպություններ կան, որոնք հաճախ հաղթում են մրցույթներում, կամ մեկ անձից գնման պայմանագիր է կնքվում իրենց հետ, ասում եք՝ ինչո՞ւ եք միշտ նույն ընկերության հետ կնքում։ Նոր ընկերության հետ ենք կնքում, ասում են՝ առաջին անգամ են մասնակցում, փորձ չունեն, ինչո՞ւ եք կնքում։ Լավ, ո՞ւմ հետ պայմանագիր կնքենք, որ հարց չառաջանա»,- Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Սուրեն Գրիգորյանը։

Բանն այն է, որ կառավարությունը 2019 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած որոշմամբ թույլատրեց նաև մշակութային միջոցառումների կազմակերպման գնումներն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով, և քաղաքապետարանը հաճախ հենց այս որոշմամբ էլ հիմնավորում է։

Անկախության օրվան նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար  վարչապետի աշխատակազմը առանց մրցույթի պայմանագրեր էր կնքել երեք տարբեր ընկերությունների հետ։ 33 մլն 750 հազար դրամի պայմանագիր՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի հետ, 40 մլն 410 հազար դրամի՝ «Բրիջդ» ՍՊԸ-ի, 80 մլն 183 հազար դրամի էլ՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ «Սթեյջ Սթայլ» ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Այս ընկերությունը հիմնադրման օրվանից առ այսօր պետական կառույցների հետ հարյուրավոր միլիոնների շուրջ երեք տասնյակ պայմանագրեր է կնքել, սակայն ուշագրավ է, որ 2013 թվականից հիմնադրված ընկերությունը, ըստ գնումների կայքի, միայն 2018-ի իշխանափոխությունից հետո է սկսել բյուջեի հաշվին ծառայություններ մատուցել։ Միայն 255 մլն դրամի ծառայություններ է մատուցվել «Հանրային հեռուստաընկերությանը», ինչպես նաև վարչապետի աշխատակազմին, Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարությանը և Լոռու մարզպետարանին։ 2021 թվականից ընկերության սեփականատեր է դարձել Բագրատ Դիվանյանը, ով հիմնադրման օրվանից զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Իսկ ահա «Բրիջդ» ՍՊԸ-ն այս տարի միայն ԿԳՄՍ նախարարության հետ շուրջ 300 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ Երգի պետական և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններում աշխատանքներ իրականացնելու համար։ 2015 թվականին հիմնադրված այս ընկերությունը պետական կառույցներին խոշոր գումարներով ծառայություններ սկսել է մատուցել 2022 թվականից։ Անկախության օրվա միջոցառումների բյուջեից առյուծի բաժինը՝ 80 մլն դրամ ստացող «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն էլ գործունեություն սկսել է ծավալել հեղափոխությունից հետո։ Ըստ գնումների կայքի՝ այս ընկերությունը ծառայություններ է մատուցում միայն վարչապետի աշխատակազմին։

Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով վատթարացրել է ցուցանիշը։ Այս մասին վկայում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը նախորդ տարվա համեմատ թուլացրել է դիրքերը և, կորցնելով 3 միավոր, այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։ Այնինչ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության 2019 թվականին սահմանած նշաձողն այն էր, որ 2022 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը 35-ից պիտի հասցնեն 55-ի։ Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ բոլոր այն պետություններում, որտեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, կոռուպցիան հանդիսանում է լուրջ խնդիր։ 

Արդյո՞ք մեկ անձից գնումները ևս ազդել են կառուպցիայի ընկալման համաթվի նվազման վրա՝ հետաքրքրվեցինք Վարուժան Հոկտանյանից։

«Հայաստանի ցուցիչը հաշվելիս առավել մեծ նահանջ արձանագրել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը։ Համաշխարհային տնտեսական ֆորումը երկու տիպի հարցեր է ի հայտ հանել։ Առաջինը՝ բիզնեսները որքան են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ և այլն։ Եվ երկրորդը՝ որքանով են հանրային միջոցները ոչ օրինական ձևով ուղղվում մասնավորին, այլ կերպ ասած՝ հանրային միջոցների ապօրինի հատկացումն այն ֆինանսաօլիգարխիկ խմբերին, ըներություններին, որոնք, օրինակ, իշխանամերձ են։ Դա սովորաբար գնումների և այլ գործընթացների միջոցով է տեղի ունենում։ Փաստորեն, մեկ անձից գնումներն էլ են կոռուպցիայի ընկալման համաթվի նվազման պատճառ։ Ի վերջո, հանրային փողեր են, որոնք ուղղվում են ընկերություններին, և սա, իսկապես, մտածելու տեղիք է տալիս»,- նշում է Վարուժան Հոկտանյանը։

Մասնագետը շեշտում է՝ անհրաժեշտ են առանձին ոլորտային լուրջ հետազոտություններ՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է լուծել այս խնդիրները։

Էլեկտրոնային գնումների Armeps.am համակարգում հրապարկված տվյալներով՝ 2022 թվականին վարչապետի աշխատակազմը, նախարարություններն ու Երևանի քաղաքապետարանը պետական գնումների 9117 պայմանագրեր են կնքել, որոնցից 3151-ը կամ 37.4 տոկոսը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Արփինե Հակոբյան

մագ. 2-րդ կուրս

«Հակակոռուպցիոն մեդիադպրոց»-ի երրորդ մրցանակակիր

Կիսվել