«ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՀԱՐԹԱԿ»․ ԾՐԱԳԻՐ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՀԱՐԹԱԿ»․ ԾՐԱԳԻՐ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

301

Երևանի պետական համալսարանի մարքեթինգի բաժինը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը համատեղ իրագործում են «ԵՊՀ ուսանողական մեդիա հարթակ» ծրագիրը, որի նպատակն է ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին ներգրավել ԵՊՀ մեդիա հարթակներում հրապարակվող լրատվական նյութերի մշակման գործընթացում, օժանդակել նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ստեղծել ուսմանը զուգահեռ պրակտիկ գործունեություն ծավալելու հնարավորություն։

Ս․թ․ մարտի 1-ից մեկնարկած ծրագրի շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդվող «Վարպետության դաս» առարկայի դասաժամերին դասախոսի ղեկավարությամբ ուսանողները պատրաստում են համալսարանի գործունեության տարբեր բնագավառներին վերաբերող բազմաժանր մեդիաարտադրանք, այդ թվում՝ հարցազրույցներ, ֆոտո- և վիդեոպատմություններ, փոդքասթներ, հետաքննական նյութեր, տեքստային պատումներ, ռեպորտաժներ, լոնգրիդներ, իրագործում են մուլտիմեդիա նախագծեր։

Ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում կարևորելով նախաձեռնության գաղափարն ու իրագործման համար ներդրված ջանքերը, նշեց, որ ուսանողների համար այս ծրագիրը լավ հնարավորություն է՝ ճանաչելու համալսարանը և մասնակիցը դառնալու ԵՊՀ հանրահռչակման գործին:

«Հուրախություն մեզ՝ ուսանողները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ մասնակցում են այս ծրագրին։ Արդեն ներկայացրել ենք 15 աշխատանք, որոնք դիտարկման և գնահատման փուլում են։ Պիլոտային փուլի այս արդյունքները վկայում են, որ ծրագիրը հաջողելու է»,- ընդգծեց Ն. Մարտիրոսյանը:

Ուսումնական տարվա ավարտին կկայանա ծրագրի ավարտական միջոցառումը, որի ժամանակ կամփոփվեն ընդհանուր արդյունքները։ Նախագծերը կկիրառվեն նաև «Վարպետության դաս» առարկայի շրջանակում ուսանողների գնահատման համար։

Նշենք, որ գնահատող հանձնաժողովի դիտարկած և հաստատած ուսանողական մեդիաարտադրանքները հաջորդիվ կհրապարակվեն ԵՊՀ սոցիալական էջերում։

Սկզբնաղբյուրը՝ ysu.am

Կիսվել