«ԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՄ ԲԵՄԻ ՀԵՏ». ԿԱՏՅԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

«ԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՄ ԲԵՄԻ ՀԵՏ». ԿԱՏՅԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

2023

«Պարն արվեստի ձև է, որն արտահայվտում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով: Այն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ: Պարն արտահայտչամիջոց է»,- անկեղծանում է «Cristal shine» խմբի մենակատար` Կատյա Կիրակոսյանը:

-Կատյա՛, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր պրոֆեսիանալ պարով զբաղվել:

-Գիտե՞ք, երբ դեռ վեց տարեկան էի, մայրս շատ մայրիկների նման որոշեց` տանի պարի դասընթացների: Ես սիրահարվեցի այդ արվեստին, և հիմա իմ առօրյան չեմ պատկերացնում առանց նրա:

-Կարծես թե պարը անձնավորում եք այդպե՞ս է։

-Այո՛․ ուրիշ կերպ չի կարող լինել

-Կհիշե՞ս քեզ առաջին անգամ բեմի վրա:

-Ես վեց տարեկանից բեմում եմ, այն ժամանակ չէի հասկանում դրա կարևորությունը իմ կյանքում: Մենք խմբով պարում էինք, մեզ ծափահարում էին, և վերջ: Երկու տարի է, ինչ միայնակ եմ կանգնում բեմի վրա և «խոսում նրա հետ»: Հիշում եմ՝  առաջին անգամ, երբ բոլորը հեռացան դահլիճից, և դրսում շնորհավորում էին իրար, ես, բեմի վրա նստած, արտասվում էի երջանկությունից:

Դու սովորում ես տասներորդ դասարանում, բայց նաև երկու աշխատանք ունես. ինչպե՞ս ես հասցնում:

-Այո՛, պար եմ դասավանդում երեխաներին և պարում եմ միջոցառումներում: Քանի որ սիրում եմ աշխատանքս, հասցնում եմ:

-Այնուամենայնիվ դասերիդ չի՞ խանգարում աշխատանքդ:

-Անկեղծ կլինեմ, մի պահ եղավ, երբ թուլացրի դասերս: Ուսուցիչներիցս մի քանիսը ասացին այդ մասին, դասղեկս էլ ավելացրեց` եթե ուզում եմ անել ամեն ինչ, ուրեմն` լավ պետք է անեմ, եթե ոչ, ապա հրաժարվեմ մի աշխատանքից: Հիմա ամեն ինչ լավ եմ անում, որ մեկը մյուսի պատճառով չտուժի:

-Եղել ես շատ երկրներում. ո՞ր երկիրը ամենաշատը հավանեցիր:

-Ես շատ եմ սիրում պարել ֆլամենկո․ երեք գիշեր չեմ կարողացել քնել Իսպանիա գնալու մտքից։ Շատ չեմ խոսի, միայն կասեմ` Իսպանիան իմն է:

-Ուզո՞ւմ ես այնտեղ շարունակել ապրել:

-Ինչքան էլ սիրեմ, ես այնտեղ հյուր եմ․ իմ տունը Հայաստանն է, և ես ինձ այստեղ եմ ազատ զգում: Ես կաշխատեմ և այնպես կանեմ` տարին գոնե մեկ անգամ այնտեղ լինել:

-Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր նոր են մտնում այս ոլորտ:

-Չէի ցանկանա խորհուրդ տալ, միայն կասեմ` ձեր առաջ դրեք նպատակ և հասեք դրան․ մի դադարեք աշխատել:

 

Գոհար Նալբանդյան

3-րդ կուրս

Կիսվել