ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

1804

Աշխարհի երկրների 97%ում կնոջ կյանքը պահպանելու համար հղիության արհեստական ընդհատումը թույլատրված է, ընդ որում, այդ օրենքները ավելի խիստ են գործում զարգացող, այլ ոչ թե զարգացած երկրներում։

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումը` մինչև 12 շաբաթական ժամկետը, կատարվում է կնոջ դիմումի համաձայն, իսկ մինչև 22 շաբաթական ժամկետը`բժիշկների ցուցմամբ։ Հայաստանում 1000 կնոջ հաշվով կատարվում է մոտ 15 ծննդի ընդհատում։ Մեր երկրում արհեստական ընդհատումների զգալի մասը սեռով պայմանավորված է. այսպիսով`տարեկան 1400 աղջիկ երեխայի կյանք է ընդհատվում արհեստական ճանապարհով։

Ըստ 2016 թվականի վիճակագրական տվյալների` 100 աղջկա դիմաց 115 տղա երեխա է լույս աշխարհ գալիս, մինչդեռ բնականոնը 100-ի դիմաց 106 համամասնությունն է։ Հայաստանում հղիության արհեստական ընդհատման ամենաբարձր ցուցանիշը Գեղարքունիքի մարզում է։

Հղիության արհեստական ընդհատումը, կամ, ինչպես ավելի ընդունված է ասել՝ աբորտը, իրենից ներկայացնում է բժշկական միջամտություն, որն ուղղված է հղիության հետագա զարգացման կասեցմանը։ Հղիության արհեստական ընդհատման խնդիրների մասին խոսեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Վարդանյանի հետ.

«Նախ, նշեմ` հղիության արհեստական ընդհատման հիմնական նպատակը անցանկալի հղիությունից ազատվելն է։ Տարբերում ենք հղիության ընդհատման մի քանի տարատեսակ` դեղորայքային և գործիքային։ Դեղորայքայինը հիմնականում կանայք կատարում են տանը` առանց բժիշկի իմացության։ Գոյություն ունեն մի քանի ցուցումներ, որով բժիշկը կարող է ընդհատել հղիությունը նաև 12 շաբաթականից հետո, դրանք են` կնոջ տարբեր հիվանդությունների ժամանակ (երիկամային, սրտանոթային), որոնց դեպքում հղիությունը կարող է վտանգավոր լինել կնոջ կյանքի համար»։

Հղիության ընդհատման ցանկացած եղանակ իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ: Հատկապես սխալ է կարծել, թե վաղ հղիության արհեստական ընդհատումը անվտանգ է կնոջ առողջության համար: Հղիության արհեստական ընդհատումը առաջացնում է հետևյալ վտանգները՝

  1. արգանդի վզիկի վնասվածք. գործիքային աբորտի ժամանակ արգանդի վզիկը հատուկ գործիքով լայնացնում են, որի արդյունքում այն կարող է պատռվել։ Հաջորդ հղիության ժամանակ սա բերում է ուժեղ արյունահոսության, որը հանգեցնում է բնական վիժման։
  2. Արգանդի պատռվածք․ շատ մեծ վտանգ ներկայացնող բարդություն է, որը ի հայտ է գալիս հղիությունների բազմաթիվ արհեստական ընդհատումների ժամանակ։ Արգանդի պատռվածքը հաճախ ավարտվում է ինչպես պտղի, այնպես էլ մոր մահացութամբ։ Հղիության արհեստական ընդհատումը կարող է պատճառ հանդիսանալ, որ հաջորդ հղիությունը զարգանա արգանդի վզիկում: Այն կարող է հանգեցնել նաև հաջորդ հղիության ընթացքի բարդությունների։ Ամեն աբորտից հետո մեծանում է բնական վիժման, ուշաժամկետ վիժման, արտարգանդային հղիության զարգացման հավանականությունը, նաև հաջորդ ծննդաբերության ընթացքի բարդություններ։

2010 թվականի ցուցանիշի համեմատ` վերջին տարիներին ՀՀ-ում այդ ցուցանիշը նվազել է, բայց այդ միտումը դեռ կա, հիմնականում մարզերում է, երբ տղամարդիկ ցանկանում են տղա երեխաներ ունենալ։

Բազմազավակ Նելլին պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ։ Ունենալով երկու աղջիկ` արդեն գիտի`ամուսնուն երրորդ դուստրն է պարգևելու. «Չեմ ստի, սկզբում վախենում էի, մտածում էի` ամուսինս կնեղվի այս փաստից և կցանկանա` ընդհատեմ հղիությունս, որ հետո տղա ունենանք, բայց հակառակը ստացվեց. գիտեի, որ ամուսինս սիրում է աղջիկ երեխա, բայց որ երրորդ անգամ էլ նույն չափ կհուզվ՝  չէի սպասում։ Մեր ընտանիքում, փառք Աստծո, երբեք խոսք չի գնացել արհեստական ընդհատման մասին, և ես շատ երջանիկ եմ այդ փաստով»։

Կարինեն սկզբում չէր ուզում խոսել այդ թեմայի շուրջ, բայց մտափոխվեց և բարձրաձայնեց. «Մեր օրերում դժվար է երեխաներ մեծացնել, ունենք երկու աղջիկ, ցանկանում ենք արու զավակ ունենալ, այդ պատճառով մի քանի անգամ սեռը իմանալուց հետո հղիությունս արհեստական ընդհատել եմ։ Իմ օրինակը բարձրաձայնելով` խորհուրդ կտամ բոլոր կանանց՝ անկախ երեխայի սեռից, երբեք չգնալ այդ քայլին. հետո զղջալու են»։

 

Գոհար Նալբանդյան

3-րդ կուրս

Կիսվել