«ՈՒՍԱՆՈՂԱԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ» ԶՐՈՒՅՑ

«ՈՒՍԱՆՈՂԱԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ» ԶՐՈՒՅՑ

1765

Ինչ է ստացվում, երբ Երևանի կենդանաբանական այգում որպես այցելու շրջելուց հետո ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը հնարավորություն է ստանում շփվելու Այգու տնօրենի հետ: Այգու անցյալի, ներկայի և ապագա նպատակների մասին իմ հասակակիցներին հետաքրքրող հարցերին պատասխանում է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, Ձեր նշանակումից հետո կենդանաբանական այգում սկսվեցին լուրջ փոփոխություններ: Ու՞մ նախաձեռնությամբ է սկսվել այգու արդիականացման փուլը, և որո՞նք են եղել հիմնական միտումները:

– 2011թ.-ից, երբ հրավիրվեցի դառնալու Կենդանաբանական այգու տնօրեն, նպատակներից մեկն այն էր, որ այգին ծառայի Հայաստանում կենսաբազմազանության պահպանմանը, որը կենդանաբանական այգիների հիմնական առաքելությունն է ամբողջ աշխարհում: Ուզում էի նաև, որ այն ծառայի հանրության էկոլոգիական կրթությանը և դառնա մի վայր, որտեղ մարդիկ ընտանիքով կարող են գալ, մեկ ամբողջ օր անցկացնել, և կենդանիներին տեսնելով` ոչ թե խղճահարություն ապրեն, այլ հասկանան վայրի բնության մեջ ապրող այդ տեսակների խնդիրները և հպարտանան, որ այդ տեսակները կան Հայաստանում: Դրա համար այգի հրավիրվեցին մի շարք միջազգային փորձագետներ, ովքեր այգիների վերափոխման երկար տարիների փորձ ունեին: Իհարկե, սրանք նպատակներ էին, որոնք հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլիներ Երևանի քաղաքապետարանի հետևողական աջակցությունն ու ահռելի մեծ աշխատանքը, որովհետև միայն կենդանաբանական այգին կամ որևիցե հիմնադրամ չէր կարող նմանատիպ մեծ գումարներ ներգրավել այս փոփոխություններն իրականացնելու համար: Ու հենց անձամբ քաղաքապետի մոտեցումներով է նաև պայմանավորված զարգացման այն ուղղությունը, որով այսօր շարժվում է մեր այգին:

Կենդանաբանական այգին, աշխատելով երիտասարդական կառույցների հետ, ունի՞ արդյոք բնապահպանական կամ կրթական ծրագրեր երիտասարդների համար:

– Կենդանաբանական այգու հիմնական առաքելություններից մեկը  բնապահպանական կրթությունն է: Մենք հավատացած ենք, որ միայն կրթության միջոցով հնարավոր կլինի դաստիարակել այնպիսի երիտասարդների, ովքեր կսիրեն բնությունը և կպահպանեն մեր երկրի բնաշխարհը: Այդ նպատակով Այգին իրականացնում է կրթական և ճանաչողական բազմաթիվ ծրագրեր: Ցանկացած միջոցառում կազմակերպվում է այնպես, որ երեխաները այդ ընթացքում նոր տեղեկատվություն ստանան: Այգին բաց է դպրոցականների և մասնագիտական բուհերում սովորող ուսանողների համար: Կազմակերպում ենք արտադրական պրակտիկա, տալիս կամավորական աշխատանքի հնարավորություն: Այգում ստեղծված են բոլոր հնարավորությունները, որպեսզի երեխաներն ու երիտասարդները կարողանան համատեղել հաճելին և օգտակարը:

Այգու առաջիկա նպատակներից  մեկը գայլերի և արջերի միասին բնակեցումն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում արջերի և գայլերի ազատավանդակը, և ինչ կարևոր խնդիր է լուծելու Այգին` գայլերին և արջերին միևնույն ազատավանդակում բնակեցնելով:

– Մենք միշտ բարձրաձայնում ենք, որ կարևոր է կենդանուն ներկայացնել այնպիսի միջավայրում, որը հնարավորին չափով նման է տվյալ կենդանատեսակի բնական միջավայրին: Այս առումով մեր նոր նախաձեռնությունը ևս մեկ քայլ է դեպի այդ իրականությունը: Արջերի և գայլերի համատեղ ազատավանդակը իրենից ոչ միայն կենդանիների համակեցությունն ապահովող միջավայր է, այլև յուրօրինակ պաշտպանված արգելավայր: Այն իր տեսակով միակն է տարածաշրջանում: Այս հսկայական մեծ տարածքում արջերն ու գայլերը հանրությանը ներկայանալու են յուրօրինակ ձևով:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված այգու առաջին հատվածը անվճար դարձնելը և մինչև տոմսարկղը մարդկանց ազատ ելքի թույլտվություն տալը:

– Դա ընդամենը բարի կամքի դրսևորում է, որ մարդիկ ևս մեկ այգի ունենան մեր քաղաքում: Այժմ նրանք որոշակի հատված ունեն, որտեղ կարող են նստել, հանգստանալ, օգտվել սրճարանից: Այստեղ են իրականացվում նաև Այգու հիմնական միջոցառումները: Տարածքի տարանջատումը հնարավորություն է տալիս այցելուներին մասնակցելու միջոցառումներին` առանց վճարելու տոմսերի համար, իսկ մեզ` իրականացնելու այդ միջոցառումները` առանց խանգարելու կենդանիների անդորրը:

Երևանի կենդանաբանական այգին այսօր որտեղի՞ց է հիմնականում ֆինանսավորվում, և արդյո՞ք դա բավարարում է այգուն:

– Այգու ընթացիկ ծախսե րի 50%-ը հոգում է պետու թյունը, իսկ մյուս 50%ը Այգին գեներացնում է տոմսերի վաճառքից և տարբեր ծառայությունների համար Այգու տարածքի վարձակալության շնորհիվ: Ժամանակ առ ժամանակ օգտագործվում են փոքր դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են ընձեռում իրականացնելու էկոկրթական կամ կենդանիների պահպանությանն ուղղված ծրագրեր: Որոշ նախագծերի համար Այգին պարտական է տարբեր կառույցների կամ անհատների, որոնք իրենց ներդրումն են ունեցել Այգու զարգացման գործում: Այգու  հիմնական գործընկերը «Վայրի բնության և  մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է» (FPWC): Իսկ բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

Պատրաստվու՞մ եք առաջիկայում Այգին նոր կենդանիներով համալրել:  Կա՞ այդպիսի նպատակ:

– Իհարկե, փոքր ծավալի կենդանիներ կունենանք, օրինակ՝ թութակների նոր տեսականի, սակայն Այգու համար ավելի առաջնային է եղած կենդանիների համար առավելագույն անվտանգ և բարեկեցիկ միջավայր ստեղծել:

 –Հաշվի առնելով Կովկասի կենսաբազմազանության  խիստ վտանգված լինելը, ի՞նչ ծրագրեր են իրականցվում Այգու կողմից վտանգված տեսակների ցուցադրման կամ պահպանման ուղղությամբ:

– Մեր տարաշածրջանի համար կարևոր կենդանատեսակների պահպանությունն ու ցուցադրությունն այսօրվա այգու առաջնային խնդիրներից է: Այգին իր առջև նպատակ է դրել ոչ միայն պահպանել, այլև բազմացնել ու հետագայում հնարավորության դեպքում նաև վերադարձնել այդ կենդանիներին վայրի բնություն:Այս պահի դրությամբ արդեն ունենք տեսակներ, որոնք պատրաստ են վայրի բնություն բաց թողնման: Խոսքը վերաբերում է օրինակ` գառնանգղերին: Ծրագիրն իրականացվելու է  «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և  ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Օրենքում կան որոշ բացեր, աշխատում ենք այդ ուղղությամբ: Կենդանին, ցավոք,  համարվում է գույք:  Պետք է աշխատանք տարվի, որպեսզի հստակեցվեն իրավասություններն ու կենդանիներին վայրի բնություն բաց թողնելու թույլտվության գործընթացը: Սակայն սա շտկվող խնդիր է. առաջիկա տարում կարծում եմ` կկարողանանք նրանց արդեն բնություն բաց թողնել:

 

Գեմա Աղաջանյան

2-րդ կուրս

Կիսվել