ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ԲԱՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ԲԱՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ

2091

-Ա՛յ տղա, արի խաղալու:

Թայֆունը արդեն ազատավանդակի ծայրին է, պատրաստ է թարմանալու և, ինչպես նրան խնամող Ալլան է ասում, «լկստվելու»: Խաղալու գործընթացը ուղեկցվում է ատամների լվացմամբ, մյուս խնամողը` Գևորգը, նախապատրաստում է  գետաձիուն սնվելուն: Այս գործողությունները արվում են օրվա մեջ երկու անգամ Թայֆունի սնվելուց առաջ կամ հետո:

«Առանց մաքրելու չի լինի, հիմնականում ժանիքների արանքներում կերի մնացորդներ են մնում, եթե չմաքրենք, հետո կարող են բարդություններ առաջանել,- ասում է Ալլան ու բացատրում, որ բնության մեջ նրանց ատամները մաքրելու դերը իրենց ուսերին են վերցնում ձկներն ու թռչունները (այդ մնացորդները իրենց համար սնունդ են)»:

Ատամները մաքրելու գործողությունը Այգու 9-ամյա հսկային շատ է դուր գալիս: Ավելորդ մնացորդներից ազատվելուց հետո Թայֆունն անցնում  է իր համար շատ հաճելի մեկ այլ գործողության` ուտելու: Սնվում է հիմնականում  հյութալի բույսերով, բանջարեղենով, մրգերով, նաև չոր խոտով:

Իսկ սնվելուց հետո «հանգստանում» է: Այս ընթացքում կենդանաբանական այգի այցելողների մեծ մասը գրեթե չի տեսնում նրան` դեմքը շրջած իր «տնակի» կողմը: Թայֆունը նիրհում է:

Ալլան արդեն 3 տարի է` այս օրակարգով է աշխատում Թայֆունի հետ: «Սովորել եմ արդեն, գիտեմ` որ ժամին, րոպեին Թայֆունն ինչ է ուզում, ինքն էլ ինձ է հասկանում, հենց ազատավանդակի դռան ձայնը լսում է, պառկած տեղից վեր է կենում,- ասում է Ալլան և հավելում,- կենդանիները երեխաների նման են, չեն սիրում, որ իրենց վրա բարկանում են, վիրավորում, պետք է զգան, որ իրենց սիրում են»:

Ալլան կենդանաբանական այգում աշխատում է արդեն 18 տարի: Կատակում է. «Կարելի է ասել` ապրում եմ այստեղ, տունս էլ մոտ է»:

Պատահական չէ, որ Ալլան զբաղվում է Թայֆունի խնամքով. ծնվել են նույն օրը` նոյեմբերի 10-ին. «Անցած տարի իրար հետ նշեցինք, գիտեն` երկու հոգու պետք է շնորհավորեն»:

Գետաձիու անունը աշխատողներով են ընտրել: «Շուն ունեինք, իր անունն էր, շատ էինք սիրում, երբ մահացավ (արդեն ծեր էր), մեր Թայֆունը դարձավ գետաձին»,ասում է Ալլան:

Սովորական գետաձիերը համարվում են ցամաքային խոշորագույն կենդանիներից, նրանց քաշը երբեմն  գերազանցում է չորս տոննան, ժանիքների երկարությունը հասնում է 70 սմ-ի: Ու չնայած գետաձիերը համարվում են խիստ վտանգավոր կենդանիներ, խնամողները  չեն վախենում: «Շատ վտանգավոր է, բայց նաև հետաքրքիր, երբ երկար ժամանակ խնամում ես կենդանուն, ճանաչում ես, սկսում ես վստահել նրան, նա էլ քեզ է  վստահում»:

Ալլան նշում է, որ գետաձիու համար այգում կան առաջին անհրաժեշտության պայմանները` ազատավանդակը ջեռուցվում է, ունի բացօթյա և փակ տարածք, լողավազան: Սակայն այժմ, երբ Թայֆունը ինը տարեկան է (արու գետաձիերի հասունության միջին տարիքը համարվում է 7,59-ը տարեկանը), և արդեն անհրաժեշտություն է առաջանում զույգի, պետք է մտածել ազատավանդակի բարեփոխման մասին: «Այս տարածքը երկուսի համար շատ փոքր է, ձմեռանոցը` ևս, եթե բերվի էգ գետաձի, այստեղ հարմար չի լինի,-ասում է Ալլան և հավելում,- երկրորդ գետաձի բերելուց առաջ պետք է լուծվի ազատավանդակի խնդիրը»: Թայֆունի` բնակարանի խնդրի լուծման դեպքում, արդեն հնարավոր կլինեն տեսակի բնականոն աճն ու բազմացումը:

Թայֆունը սնվելուց հետո պառկում է արևի տակ` հանգստանալու: Ալլան անցնում է կողքի ազատավանդակ. այստեղ նրան եվրոպական եղնիկներն են սպասում:

 

Գայանե Պողոսյան

3-րդ կուրս

Կիսվել