ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

2116
Ավստրալացի Սարոն նոր ծնված շոտլանդական պոնիի կողքին

 

Կենդանաբանական այգին օգնականնեչի պակաս չունի: Այստեղ կամավոր աշխատանքի կարող են անցնել բոլոր ցանկացողները, իսկ  նրանց թիվը երբեք չի պակասում: Հետևելով անվտանգության կանոններին և կամավորների նախասիրություններին`  այգու աշխատակիցները ուղղորդում են նրանց: Կամավորների հետ աշխատանքը մի քանի շերտով է իրականացվում: Հատկապես այն օրերին, երբ այգում մի ջոցառում է, կամավորների կարիքը շատ է զգացվում, երեխաները մասնակցում են միջոցառումների կազմակերպման աշխատանքներից մինչև դրանց իրագործումը: Դա հենց այնպես չի կատարվում. կենդանաբանական այգին ոչ միայն օգնության կարիք ունի, այլև նպատակ` երեխաներին, և ինչու միայն, իրազեկել ու տեղեկություններ հաղորդել այգու առօրյայի, այստեղ բնակվող կենդանիների հետ կատարվող աշխատանքների մասին:

Կամավորական աշխատանքների հետքերով հաճախ գալիս են նաև տարբեր դպրոցների աշակերտներ, ովքեր իրենց կրթական աշխատանքների շրջանակում պարտավորված են կատարել համայնքային աշխատանք: Նրանցից շատերին կենդանաբանական այգի է բերում կենդանիների հանդեպ մեծ սերը: Չնայած նրանք այցելում են այգի հանուն կենդանիների, իրենց աշխատանքների շրջանակը չի սահմանափակում այդքանով. աշխատում են, օրինակ, այգեպանի հետ: Ծաղիկների մշակումն ու խնամքը հաճելի է և հեշտ, հասանելի նաև աղջիկներին:

Յուրահատուկ տեղ ունեն և շատ սպասված են արտերկրից եկած կամավորները, այգին կամավոր հյուրեր է ունեցել աշխարհի տարբեր ծայրերից: Նրանք պարբերաբար այցելել են այգի և աշխատել թիմի հետ հավասար: «Դեպի Հայք» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ օտար երկրում ապրող հայազգի երիտասարդները հնարավորություն են ստանում ներգրավվել Այգու կամավորական աշխատանքներին:  Այս պահին այդ ծրագրի շրջանակում Այգում երկու կամավոր է աշխատում: Մարտի 27-ից Այգում է Ավստրալիայից ժամանած Սարո Խորեն Եսայանը: Ապրիլի 21-ից աշխատանքներին միացել է նաև ԱՄՆ-ից ժամանած Գրիգոր Պայիլյանը: Երկու կամավորներն էլ աշխատում են շաբաթը 3 օր ժամանակացույցով:

Սարոն պատմում է, որ երբ լսեց, որ «Դեպի հայք»-ը համագործակցում է Այգու հետ, անմիջապես պատրաստակամություն հայտնեց մասնակցել աշխատանքներին, հետաքրքրված էր հատկապես վայրի կենդանիներով. «Գայլերին, վագրերին շատ եմ սիրում, բայց աշխատակիցներին ասացի, որ ձեզ օգնելու համար եմ այստեղ, կխնամեմ այն կենդանիներին, որոնք իմ կարիքն ունեն, ցանկանում եմ օգտակար լինել»: Այժմ նա աշխատում է գետաձիու, ձիերի և եղնիկների հետ, կերակրում է նրանց, մասնակցում ազատավանդակների մաքրման աշխատանքներին. «Գործը ծանր է, բայց բարի և հանդարտ գործ է: Ես Սիդնեյից եմ եկել, աղմկոտ քաղաք է, հանգիստ անկյուն չես գտնի, բայց այստեղ հանդարտ է, մեքենայի ձայն չկա, թռչունների, ջրի ձայներն են միայն»: Ցանկանում է մյուս կենդանիների հետ նույնպես ծանոթանալ, ասում է, եթե հնարավոր լինի, առյուծի խնամքով էլ կզբաղվի:

Հատկապես արտերկրից եկած կամավորները մեծ ուրախությամբ են մասնակցում աշխատանքներին, ու պետք է նշել` եթե իրենց անգամ առաջարկում են գրասենյակային աշխատանք, միևնույն է, նախընտրում են գործը բնության մեջ, կենդանիների հետ:

Կան կամավորներ, ովքեր ոչ թե ինչ-որ ծրագրով են դիմում, այլ անհատապես, ինչպես Հայաստանում ապրող արտասահմանցիներ, այնպես էլ տեղացի ուսանող կամավորներ, ովքեր իրենց մասնագիտությամբ մոտ են կենդանիներն և ցանկանում են իրենց ազատ ժամանակը անցկացնել մի վայրում, որը կօգնի լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերել:

Կենդանաբանական այգու՝ արտերկրից ժամանած կամավորները՝ Լիլին, Բեքին, Մարգարիտը և Վիքենը

 

Ամռանը կամավորների հոսքը դեպի կենդանաբանական այգի շատ ավելի մեծ է, այստեղ են գալիս ԵՊՀ-ի կենդանաբանության ամբիոնի ուսանողները, ովքեր օգնում են հանրային որոշ միջոցառումների իրականցման ժամանակ. այս պարագայում արդեն կարևոր է ոլորտի մասին տեսական գիտելիքներ ունենալը:

Կան նաև կոնկրետ կրթական հաստատություններ և կազմակերպություններ որոնց հետ ակտիվորեն համագործակցում են, նրանց հրավիրում են, երբ կա թիմային աշխատանքի կարիք: Օրինակ` Հայ բարեգործական ընդհանուր միության սկաուտները այգու լավ ընկերներն են: Նրանք մասնակցում են մաքրման աշխատանքներին, բնապահպանական միջոցառումներին, կենդանիների կերակրման աշխատանքներին, իսկ երբ այգում հատուկ օրերին այցելուների թիվը շատ մեծ է լինում, սկաուտները օգնում են դրամարկղի աշխատակիցներին և ուղորդում հյուրերին: Նրանց բեյջերի թվում նույնիսկ ԿԵՆԴԱ ՆԻՆԵՐ ԽՆԱՄՈՂ  բեյջ կա, որը ստանում են միայն Այգու կենդանի խնամողի փորձառություն անցած սկաուտները:

Կենդանաբանական այգու աշխատակիցները նշում են, որ այգուն օգնելու եկած կամավորների մեծ մասը առաջին փուլում ոչ այնքան օգնում, որքան խանգարում է աշխատանքներին, սակայն հանուն այն գիտելիքի ու սիրո, որ ստանում ու տանում են իրենց հետ այդ մարդիկ, արժե անցնել համագործակցության այդ ճանապարհով:

 

Մարի Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել