ՍԻՐՈՒ՞Մ ԵՔ ՕՁԵՐԻՆ. ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ` ՁԵՐ ՍԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՉԷ

ՍԻՐՈՒ՞Մ ԵՔ ՕՁԵՐԻՆ. ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ` ՁԵՐ ՍԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՉԷ

2687

Կենդանաբանական այգու Ակվատեռարիումի ղեկավար, սողունագետ Կարեն Մարտիրոսյանը 28 տարի գրեթե ամեն օր շփվում է օձերի հետ: Այսպես են շնորհակալություն հայտնում սողուններն ի պատասխան Կարենի  կերակրելուն, խնամելուն. «Ինչի պիտի նեղանամ. չէ՞ որ ես եմ մեղավոր»:

«Երբ դեռ դպրոցահասակ չէի ու քիչ թե շատ տառերը սովորել էի, տառասխալներով գրել էի` կենդանաբան Կարեն: Երբ հարցնում էին` ինչ ես դառնալու, թուղթն էին ցույց տալիս անձնագրի պես»: Մասնագիտությունը դարձավ Կարենի անձնագիրը, նպատակը` ոչ միայն խնամել կենդանիներին, այլև հատկապես օգնել մարդկանց ճանաչելու կենդանիների առեղծվածներով աշխարհը: Սիրում է բոլորին, բայց սողունների` օձերի հանդեպ վերաբերմունքն այլ է:

Ասում է` մասնագետ դառնալու համար քիչ է կրթություն ստանալը, պետք է հոգեբանություն ունենալ կենդանիների հետ վարվել կարողանալու համար: Օձերի հետ լեզու գտնելու ամենամեծ գործոնը սերն է համարում, թեպետ նրանք, որ սիրում են օձերին, պիտի գիտակցեն` իրենց սերը միակողմանի է. օձերը զգացմունք չունեն:

Չնայած զգացմունք չունենալուն` օձերը ևս ամուսնանում են` վերարտադրողության բնազդով. ունեն հարսանեկան շրջան, դե իսկ զույգին ընտրում են հոտով: Ամուսնանում են, բայց մեկ է` ամբողջ կյանքում մենակ են ապրում: Օձերը պատասխանատվության զգացում չունեն իրենց ձագերի հանդեպ. ձվադրում են ու լքում: Նոր լույս աշխարհ եկած օձն արդեն ինքնուրույն է ու գիտի` ինչպես ապրել:

Իսկ ինչպե՞ս ապրել օձերի ներկայությամբ, հարևանությամբ: Այս հարցին Կարենն ունի հստակ պատասխան` հանդուրժելով, հարգելով. «Չէ՞ որ մենք ենք եկել իրենց տարածք, մենք ենք քանդել իրենց տունը, կառուցել մերը… Մարդիկ ամեն հարցում կարծես թե շահ են փնտրում: Շատ հաճախ հարցնում են,իսկ ինչներիս են պետք օձերը. թող չլինեին էլի», իսկ օձերը մեզ պետք են: Այն, որ բնության շղթայի մի մասնիկն են և այդպիսով` ներդաշնակության իրավունքով պիտի գոյություն ունենան, այս սողունները  նաև աղետ են կանխում` վնասազերծելով  կրծողներին: Մեկ օձը կարող է  վերացնել  150 մուկ: Թեպետ մարդիկ հիմա հաճախ են հանդիպում օձերի, բայց պատճառը ոչ թե սրանց թվի աճն է, այլ մարդկանց` լայնածավալ շինարարական աշխատանքները:

Մեր երկրում կա 22 տեսակ օձ. մեծ մասը, կենդանաբանի հավաստմամբ, Կարմիր գրքում է: Միջազգային Կարմիր գրքում է նաև Հայկական իժը: «Հետո ինչ` որ թունավոր է: Նրանք ապրում են 1500 մետր բարձրության վրա, ինչո՞ւ այդքան բարձրանալ, իսկ չի՞ կարելի մտածել, որ աշխարհի ինչ-որ անկյունում կարող են կարդալ Հայկական իժի մասին ու իմանալ մեր երկրի մասին»:

Օձերին տասը մատի պես ճանաչող Կարենն ասում է` Վախթանգ Անանյանի օձերի մա սին պատմությունները պետք է կարդալ, բայց նաև գիտակցել` գիտությունը լեգենդների չի հավատում. Այո, օձերը սառնարյուն են. նրանք չունեն սեփական կայուն ջերմաստիճանն ու ընդունում են այն միջավայրի ջերմաստիճանը, որում հայտնվում են: Այո, օձը տաքացնողին է կծում. նրանք ոչ թե երախտամոռ են, այլ պարզապես սառը ջերմաստիճանի պայմաններում պասիվ սողունը տաքանալուն պես ակտիվանում է:

16 տարեկանից սողունների հետ շփում ունեցող կենդանաբան Կարենը օձերի հանդեպ վախը պայմանավորում է ինչպես հոգեբանությամբ, այնպես էլ դաստիարակությամբ: Դրանով պայմանավորված դասընթացներ է կազմակերպում ոչ միայն ԱԻՆ աշխատակիցների համար, այլ նաև մատչելի կրթական ծրագրերով ներկայանում է մանկապարտեզներում:  «Մեր կյանքում մեքենաները առավել վտանգավոր են, քան օձերը. ամեն օր քանի մարդ է մահանում ավտոճանապարհային պատահարներից, իսկ տարեկան քանի մարդու է վնասում օձը. անհամեմատելի թվեր են: Օձերը վնասում են մեզ մեր իսկ մեղավորությամբ: Երեխաներին պետք է սիրել սովորեցնել և ոչ թե վախեցնել: Եվրոպական շատ երկրներում մայրուղիներին խողովակներ կան. սրանք էլ սողունների անցումներն են, որպեսզի անվտանգ հատեն փողոցը, իսկ մեզ մոտ պատկերը այլ է… Սա, իհարկե, չի ենթադրում` չգիտակցել հնարավոր վտանգները: Բայց սիրել է պետք՝ միևնույն կենսամիջավայրում ապրել կարողանալու համար»:

 

Լիլիթ Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել