Տնտեսության լուսաբանման հիմքում` գրագետ լրագրություն. ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Տնտեսական լրագրողների ակումբի...

Տնտեսության լուսաբանման հիմքում` գրագետ լրագրություն. ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Տնտեսական լրագրողների ակումբի միջև հուշագիր է կնքվել

354

Տնտեսության լուսաբանմամբ հետաքրքրված ապագա լրագրողների կրթմամբ այսուհետ համատեղ կզբաղվեն Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը  և Տնտեսական լրագրողների ակումբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու կառույցների միջև 2023-ի սեպտեմբերի 12-ին կնքվել է հուշագիր: 

20230912_120935.jpg (72 KB)

Համագործակցության նպատակը տնտեսական լրագրության խթանումն է։ Ակումբի ejc.am  սոցիալ-տնտեսական կայքում  կստեղծվի նոր բաժին, որտեղ պարբերաբար կհրապարակվեն ուսանողների լրագրողական աշխատանքները: Իսկ նրանց վերապատրաստման գործընթացում կներգրավվեն  լավագույն տնտեսագետ-փորձագետներն ու փորձառու տնտեսական լրագրողները։ Բացի այդ, ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի 10 և մագիստրատուրայի 2 ուսանողի ուսումնաարտադրական փորձառությունը կկազմակերպվի և կանցկացվի Ակումբում:

20230912_121038.jpg (71 KB)

Կողմերը պարտավորվել են նաև համատեղ իրականացնել նախագծեր, կազմակերպել և անցկացնել գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ, առաջարկել բակալավրիատի ավարտական կուրսի և մագիստրոսական թեզերի թեմաներ:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան՝ բ.գ.թ., դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանն իր խոսքում փաստել է, որ  Տնտեսական լրագրողների ակումբի ներկայությունն ու գործունեությունը մեր իրականության մեջ տեսանելի են։ Նա հույս է հայտնել, որ հուշագրի շրջանակում ուսանողները կստանան լրացուցիչ գիտելիքներ, որոնք կօգտագործվեն ի նպաստ մասնագիտական զարգացման։ 

Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանի խոսքով՝  համագործակցությունը հնարավորություն կտա լրացնել տնտեսական լրատվության մեջ եղած բացը։ Այսօր տնտեսական վերլուծական, հետաքննական, գրագետ նյութերի մեծ պահանջարկ կա, սակայն  դրա համար, ըստ Ա․ Բաղդասարյանի՝  նախ անհրաժեշտ են բազային տնտեսագիտական գիտելիքներ, և  դա փոխանցելու  պարտավորությունն է ստանձնում Ակումբը։

Բուհ-լրագրողական համայնք համագործակցությունից, ըստ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահության անդամ Ալբերտ Ավետիսյանի, ուսանողներն ակնկալում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև՝ որոշակի փորձառություն։

Սկզբնաղբյուրը՝ armenpress.am

Կիսվել