Որակյալ նյութը անխոցելի է, և դրանում ներկայացված փաստերն էլ անվիճարկելի են. Տիրայր...

Որակյալ նյութը անխոցելի է, և դրանում ներկայացված փաստերն էլ անվիճարկելի են. Տիրայր Մուրադյան

283
Լուսանկարը՝ Տ. Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Կոռուպցիան լուսաբանելու, լրագրողական սկզբունքների և ոլորտում առկա խնդիրների մասին զրուցել ենք Հետք-ի լրագրող Տիրայր Մուրադյանի հետ:

-Արդյոք հեշտ է Հայաստանում կոռուպցիային առնչվող տեղեկատվություն ստանալ և լուսաբանել։

-Դժվար չէ, քանի որ բաց աղբյուրներ շատ կան, որոնց հասանելիություն ունեն լրատվամիջոցները։ Այլ խնդիր է տվյալների ոչ լիարժեք լինելը. կարող են լինել տվյալներ, որոնք թվայնացված չեն, նաև կարող են լինել տվյալներ, որոնք ուսումնասիրելու ժամանակ լրացուցիչ ճշգրտման կարիք ունենան, տվյալները մշակողների հետ խորհրդատվական բնույթի զրույցների միջոցով կարիք լինի հասկանալ անճշտությունները։ Գերատեսչություններն էլ կարող են հեշտ չտրամադրել այն տեղեկատվությունը, որը ցանկանում է ստանալ ուսումնասիրություն կատարող լրագրողը, քանի որ ինչ-որ ստանդարտ չկա, ըստ որի բոլորը նույն  ծավալի և որակի տեղեկատվություն տրամադրեն։ Այսինքն՝ տվյաների առումով մի կողմից խնդիր չունենք, քանի որ աղբյուրները շատ են, մյուս կողմից ունենք խնդիր, որ այդ տվյալները լավ մշակված չեն։  Կոռուպցիա լուսաբանելու բարդությունն էլ  կախված է տվյալ խմբագրութան և լրագրողի կարողություններից և հմտություններից։

-Ի՞նչ սկզբունքներ կառանձնացնեք, որոնք առաջնահերթ անհրաժեշտ են կոռուպցիա լուսաբանող լրագրողին։

-Թեմայի լավ ուսումանասիրությունն է կարևոր, առաջնահերթ, լրագրողը պետք է լսի այն կողմի դիրքորոշումը, ում մասին պատրաստում է նյութը, քանի որ շատ հաճախ այդ դիրքորոշումը կարող է էական ազդեցություն ունենալ գնահատողական դատողությունների և փաստերի վրա։ Լրագրողը պետք է պահի իր խմբագրության կողմից ընդունված լրագրողական էթիկայի նորմերը, որոնք համընդհանուր են տվյալ խմբագրության լրագրողների համար։ Նաև շատ կարևոր են լրագրողական ընդհանուր սկզբունքները՝ պատվերով նյութեր չգրելը, տվյալները ազնիվ ճանապարհով ստանալը, կանխակալ չլինելը։

Ըստ Ձեզ, հայաստանյան լրատվադաշտում անաչա՞ռ են լուսաբանում կոռուպցիայի վերաբերյալ նյութերը։

-Այստեղ պետք է խոսենք լրատվամիջոցների ֆինանսավորումից։ Եթե լրատվամիջոցները քաղաքական աղբյուրներից են սնվում, բնականաբար իրենք իրենց քաղաքական ուժի վերաբերյալ չեն կարող օբյեկտիվ լուսաբանել կոռուպցիան։ Սակայն, քանի որ կան և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնք իրենց նախընտրելի կերպով են լուսաբանում կոռուպցիան, ընթերցողը կարող է կարդալ երկու կողմի նյութերն էլ և եզրահանգման գալ: Այնուամենայնիվ, երկուսն էլ իրենց մեջ ունեն մանիպուլատիվ տարրեր, որոնք իհարկե բացասական են անդրադառնում հասարակության կարծիքի վրա և ընթերցողին կարող են մոլորության մեջ գցել։

-Ի՞նչ է անհրաժեշտ այս ոլորտի բարելավման համար։

-Մեդիայի ստեղծած արտադրանքը պետք է լինի որակյալ. այս դեպքում ոլորտը բավականին կբարելավվի։ Որակյալ նյութը անխոցելի է, և դրանում ներկայացված փաստերն էլ անվիճարկելի են, սրանից ելնելով կարելի է ասել, որ ավելի ազդեցիկ ու օգտակար կլինեն նյութերը։

-Մասնագիտական ասպարեզում ի՞նչ հաջողություններ եք գրանցել դուք կամ Ձեր լրատվականը (կոռուպցիայի բացահայտում, կանխարգելում և այլն):

-Առանց առանձնացնելու որևէ լրագրողի կատարած աշխատանք, կնախընտրեմ խոսել լրատվականի գրանցած հաջողություններից: Մեր նյութերից շատերը տվել են սպասված արդյունքը, դրանցից է օրինակ՝

Ծաղկաձորի անտառների վարձակալները

Հղումը՝ https://hetq.am/hy/article/112549

ՔԿ պաշտոնյայի կողմից Ծաղկաձորում սեփականաշնորհված 2.4 հա անտառը վերադարձվեց պետությանը

Հղումը՝ https://hetq.am/hy/article/164093

Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրեական գործ է հարուցվել:

Հղումը՝ https://hetq.am/hy/article/149934

 Այլ նյութ թեմայի շուրջ- https://hetq.am/hy/article/153231

Մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է շուրջ 65 մլն դրամ. նախաքննությունն ավարտվել է

Հղումը՝ https://hetq.am/hy/article/159280

Մանկապարտեզներից վերցրած տարածքները վերադարձվում են և օգտագործվում նպատակային

Հղումը՝ https://hetq.am/hy/article/114328

 Այսպիսի նյութերը շատ են, որոնք մեր խմբագրության, լրագրողների աշխատանքի արդյունքում որոշակի իմաստով վերականգնել են արդարությունը:

Հարցազրույցը՝ Մարիամ Վարդանյանի

4-րդ կուրս

Կիսվել