Լույսի արագությամբ հաջողության հասած «Շողան»

Լույսի արագությամբ հաջողության հասած «Շողան»

345

Քույրերը սովորաբար մանուկ հասակում իրար միջև կիսում են տիկնիկները, հետո՝ տան գործերը, իսկ Ամիրխանովա քույրերը իրար միջև կիսում են օճառի պատրաստման փուլերը: Իզաբելլան բանասեր է, իսկ Անյան՝ ֆլորիստ-դիզայիներ, բայց քույրերը դեռ մանկուց են որոշել՝ պետք է համատեղ բիզնես ունենալ:
Խնամքի միջոցների իրենց բրենդը ունենալու միտքը առաջացել է պատերազմից հետո, երբ շատերը զարկ էին տալիս հայկական արտադրանքին. քույրերն անմասն չեն մնում ու ստեղծում են «Շողան»:
Լինելով բանասեր ու դիզայիներ՝ դժվար էր պատկերացնել, թե որտեղից պետք է սկսել ամեն ինչ: Քույրերն օնլայն կուրսեր են վերցնում ռուսական օճառի պատրաստման մի դպրոցում ու սկսում հմտանալ գործի մեջ: Հետո արդեն սկսվում են անվան որոնումները. լավ, օճառ պատրաստել գիտեն, իսկ բրենդը ինչպե՞ս է կոչվելու:
-Անվան մասին շատ ենք մտածել, սկզբից շաբլոն մտքեր էին գալիս, բայց ցանկանում էինք հնչեղ անուն ունենալ, որը կլինի կարճ, հիշվող ու նաև հայերեն, էդպես եկավ «Շողայի» միտքը:

Տեխնիկային տիրապետում են, անունը ընտրել են, մնացել է լոգոյի ընտրությունը: Աղջիկների մտքին միանգամից գալիս է արևը, որ իրենք անչափ սիրում են: Առանց երկար մտածելու որոշում են, որ լոգոն պետք է լինի արև: Ու սկսում է «Շողայի» օնլայն վաճառքը: Սկզբում էջում ներկայացված էին միայն ձեռագործ օճառներ ու լոգանքի ռումբիկներ: Հետո, երբ տեսնում են, որ էջը իրեն արդարացնում է, որոշում են այլ պրոդուկներ ևս արտադրել, երկար քննարկումներ են ունենում տեխնոլոգիների ու բժիշկների հետ, քանի որ առաջնային նպատակն էր ստեղծել միայն բնական հումքով խնամքի միջոցներ, որոնց բաղադրության մեջ նույնիսկ հոտավետիչներ չկան: Փնտրտուքներից հետո գտնում են մի գործարան, որը համաձայնում է քույրերի պատվերով ու իրենց ընտրած բաղադրիչներով արտադրել խնամքի այլ միջոցներ՝ շամպուն, դիմակ, լվացվելու գել, քսուքներ և այլն:
-Մենք միշտ մտածել ենք էնպիսի արտադրանք ստեղծել, որը կարող ենք առանց ամաչելու ներկայացնել որպես հայկական արտադրանք: Ու թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում պատվով ասել, որ «Շողան» հայկական է, դեռ ավելին՝ օճառներն էլ ձեռագործ են:

Մի տարուց ավելի օնլայն վաճառք ապահովելուց հետո Անյան ու Իզաբելլան բացեցին «Շողայի» առաջին խանութը: Խանութի բացվելուց հետո տեսականին ևս շատացավ, բացի դեմքի ու մարմնի խնամքի միջոցներից, ստեղծվեցին նաև խնամքի միջոցների տեսականի մազերի համար: Իսկ վերջերս ավելացավ մանկական փոքրիկ տեսականին՝ ամենավորակյալ ու բնական բաղադրիչներով:
Չնայած նրան, որ օճառները անձամբ իրենք են պատրաստում, Իզաբելլան խոստովանում է՝ իր սիրելի պրոդուկտը յուղոտ մազերի համար նախատեսված շամպունն է: Իսկ Անյան յուրահատուկ սեր է զգում լվացվելու փրփուրի հանդեպ:
-Քանի որ ի սկզբանե ունեմ պրոբլեմատիկ մաշկ, այն իմ փրկիչն է, ունի հակաբակտերիալ բաղադրություն, ամեն անգամ օգտագործելուց հետո ես զգում եմ փոփոխություն և ուր գնամ, միշտ հետս եմ վերցնում:

Սկսել օճառների պատրաստումից, հետո համագործակցել արտադրող գործարանի հետ, ունենալ խանութ… քույրերի նպատակներն արագ իրականանում են: Պլաններում կա նաև նոր խանութ ունենալ արդեն քաղաքի կենտրոնում:

«Շողայի» ամեն դետալով զբաղվում են միայն իրենք, սկսած բուն արտադրանքի ստեղծման գործընթացից, մինչև դիզայն, վաճառք ու օնլայն հարթակում առաջխաղացում: Ու միգուցե հենց այդ պատճառով Շողան լույսի արագությամբ հաջողության հասավ:

Շողեր Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել