«Մանկատան սաները ամենից շատ ունեն շփման կարիք». Նոր Խարբերդի մանկատան լոգոպեդ Աստղիկ...

«Մանկատան սաները ամենից շատ ունեն շփման կարիք». Նոր Խարբերդի մանկատան լոգոպեդ Աստղիկ Վարձելյան

207

Ցավալի իրականություն է, բայց փաստ, որ մանկատները լեփ-լեցուն են առողջական խնդիրներ ունեցող և նույնիսկ լիովին առողջ երեխաներով, ովքեր իսկապես ունեն խնամքի, շփման և օգնության կարիք։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի մասնագիտացված մանկատան լոգոպեդ Աստղիկ Վարձելյանի հետ։

-Աստղիկ, մանկատանը աշխատելը, կարծում եմ, բարդ որոշում է: Ինչու՞ որոշեցիք մասնագիտական գործունեություն ծավալել հենց մանկատանը։  

-Ինձ համար մանկատանը աշխատելու առաջարկը մարտահրավերի էր նման, ես գիտակցում էի, որ մանկատանը աշխատելը հոգեբանական բարդություններ կարող է առաջացնել անգամ մասնագետների մոտ։ Կարծիքս փոխվեց, երբ շփվեցի երեխաների հետ ու առաջին պահից ունեցա սիրո ու պատասխանատվության զգացում մանկատան երեխաների հանդեպ։ Հասկացա, որ նրանք էլ սիրեցին ինձ ու կապվեցինք: Այդպես էլ ցանկացա նրանց համար ավելին անել ու աշխատել հենց նրանց հետ:

-Մանկատունը ունի 500-ից ավելի սան, հասցնու՞մ եք մասնագիտական օգնություն ցուցաբերել երեխաներին, թե՞ մանկատունն ունի ավելի շատ մասնագետների կարիք ։

-Ճիշտ է, երեխաների թիվը շատ մեծ է, բայց ոչ բոլոր երեխաները մեզ մոտ ունեն առողջական և մտավոր խնդիրներ, մենք ունենք շատ խելացի սաներ, ովքեր տիրապետում են մի քանի լեզվի,: Մանկատանը կան բոլոր լավագույն պայմանները երեխաների զարգացման համար, իսկ մասնագետների կարիք մանկատանը այժմ չկա։

-Դուք նշեցիք, որ մանկատանը կան բոլոր պայմանները երեխաների զարգացման համար։ Ինչո՞վ են զբաղվում երեխաները, ինչպիսի՞ն է նրանց առօրյան։

-Երեխաների առօրյան շատ հագեցած է: Նրանք գրեթե միշտ ունեն զբաղվածություն: Մեզ մոտ անցկացվում են ձիավարության դասընթացներ, կան կավագործության, գորգագործության, նկարչության, ավազանկարչության խմբակներ, որտեղ երեխաները ինքնադրսևորվում են։ Մենք ունենք հատուկ ծրագրեր, որոնց միջոցով երեխաները ստանում են նաև ներառական կրթություն, այսինքն՝ հնարավորություն են ստանում հաճախել նաև սովորական դպրոցներ և շփվել նաև իրենց հասակակից այլ երեխաների հետ հենց դպրոցում:

-Կա՞ն զբաղմունքներ որոնք երեխաները ավելի են սիրում կամ նախընտում:

-Այո, իհարկե, երեխաները հենց իրենք կարող են ընտրել իրենց խմբակները՝ ըստ իրենց նախասիրությունների: Ամեն երեխա ունի իր սիրելի զբաղմունքը և խմբակը: Իմ դիտարկմամբ՝ երեխաները ավելի շատ նախընտրում են հիպոթերապիան՝ ձիավարժության դասերը, որոնք առողջության համար չափազանց օգտակար են և շտկում են հենաշարժողական համակարգի մի շարք խնդիրներ, բացի դրանից կենդանիների հետ շփումը թողնում իր դրական հետքը, տալիս  է լավ էմոցիաներ, զարգացնում է աշխարհընկալումը: Այս թերապիան, կարծում եմ, նրանց համար նաև ամենաօգտակարներից է:

-Ինչի՞ կարիք ամենից շատ ունեն երեխաները։

-Այստեղ երեխաները ամենից շատ ունեն շփման կարիք։ Մանկատան սաների մեծ մասը ծնված օրվանից չի տեսել և շփում չի ունեցել սեփական ծնողների հետ: Նրանց ծնողները մեծ մասամբ ընդհանրապես չեն այցելում մանկատուն՝ իրենց երեխաներին տեսակցության: Շատ դեպքերում էլ ծնողները ուղղակի անապահով են և դրա պատճառով երեխայի խնամքը վստահել են մանկատանը: Հոգատարությունն ու շփումը մեր սաներին միշտ էլ պակասում է՝ չնայած մանկատան աշխատակիցները փորձում են ամեն կերպ լրացնել դա:

-Կա՞ն հատուկ բաներ, որոնք մանուկներին ուրախություն են պարգևում և որոնցից նրանք երջանկանում են:

-Այստեղի առօրյայի մի մասնիկը լինելով՝ միշտ նկատում եմ, որ հանդեսները, միջոցառումները մեր սաներին շատ են երջանկացում: Միշտ միջոցառումներին բոլորը պատրաստվում են շատ մեծ հուզմունքրվ և ուրախությամբ: Չեմ կարող չնշել, որ բարեգործների և ուղղակի այցելուների այցերը նրանց համար նույնպես շատ ուրախալի են և սպասված:

-Բացի պետական ֆինանսավորումից ովքե՞ր և ինչպե՞ս են օգնում, աջակցում մանկատանը:

-Տարածված կարծրատիպ կա, որ մանկատներին ամենից հաճախ օգնում  և աջակցում են մեծահարուստները, բայց իրականում շատ հաճախ պարբերաբար և մշտական օգնություն մանկատները ստանում են  սովորական մարդկանցից՝ ամենասովորական կամ միջին եկամուտ ունեցող: Բարեգործները դրամական ստաբիլ փոխանցումներ են կատարում, նրանցից շատերը անհայտ են. գերադասում են կատարել անանուն փոխանցումներ: Նրանք օգնում են ոչ միայն ֆինանսապես, օրինակ՝  իրենց երեխաների լավ պահպանված հագուստները և խաղալիքները կարող են նվիրաբերել կամ սննդի, քաղցրեղենի որոշակի քանակություն բերել, ուղարկել մանկատուն:

-Ի՞նչն եք ամենաշատը կարևորում ձեր իրականացրած աշխատանքում:

-Լոգոպեդի իրականացրած աշխատանքը մանկատան սաների հետ շատ կարևոր եմ համարում: Հենց լոգոպեդի աշխատանքի շնորհիվ խոսակցական և շփման խնդիրներ ունեցող երեխաները զարգացնում են իրենց խոսակցական կարողությունները, բարելավում շփման և կոմունիկացիոն ունակությունները, ընդգրկվում են սոցիումում, ավելի են զարգանում: Մեր աշխատանքը, տալով իր պտուղները, կարող եմ փաստել, որ հեշտացնում է մեր սաների  կյանքը:

Լուսանկարները՝  Մանկատան արխիվից

Անժելա Խաչատրյան

4-րդ կուրս

Կիսվել