Դիետաները՝ ախորժակի և կամքի խաչմերուկում

Դիետաները՝ ախորժակի և կամքի խաչմերուկում

207

23-ամյա Նարինեն պատմում է, որ փոքր տարիքից ունեցել է ավելորդ քաշի խնդիր, և դա դարձել է բազում բարդույթների առաջացման պատճառ՝ հատկապես դեռահսության շրջանում. «Բազմաթիվ դիետաներ եմ փորձել, դրանք սկզբում հիմանկանում գտնում էի համացանցից, կամ հետևում ծանոթներիս խորհուրդներին․ արդյունքում վիտամինների պակաս և մազաթափություն ունեցա, մինչև հասկացա, որ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է դիմեմ սննդաբանի»,- նշում է նա:

«Ճիշտ սննդակարգի մշակումը սննդաբանի հետ ավելի էֆեկտիվ է, քանզի նա ավելի ճիշտ պատկերացում ունի՝ տվյալ փուլում և առողջական վիճակում օրգանիզմին ինչ է անհրաժեշտ, նա նաև օգնում է ճիշտ սննդակարգը դարձնել կենսակերպ»,- նշում է սննդաբան Արևիկ Պետրոսյանը:

37-ամյա Իրինայի դեպքն այլ է, նա դիետաների միջոցով մի քանի անգամ հաջողությամբ կարողացել է ազատվել ավելորդ քաշից, սակայն որոշ ժամանակ անց չի պահպանել առողջ սննդակարգն ու այս անգամ հավաքել է ավելի շատ կիլոգրամներ, քան նույնիսկ նախկինում էր.

«Ինձ համար հիմա շատ դժվար է, հոգնել եմ բոլոր տեսակի դիետաներից, սկզբում արդյունքն ինձ համար շատ գոհացնող էր, բայց բավական էր ընդամենը 1-2 ամիս մոռանալ դիտաների մասին և սնվել սիրելի կերակրատեսակներով ու հիմա կշռում եմ ավելին, քան երբևէ»,- պատմում է նա:

Շատ մարդիկ այսօր տանջվում են դիետաների անսահման բաղադրատոմսերով, բայց, ցավոք, քաշը միայն աճում է:

«Դիետաների և հոգեբանության միջև կապը հատկապես կարևոր է դառնում այն դեպքերում, երբ անհատը լուրջ դժվարություններ ունի նպատակներին հասնելու ճանապարհին, քանի որ սկզբից շատ անգամ անձը կարող է ունենալ բարձր մոտիվացիա, բայց քանի որ շաբաթներն անցնում են, հավատարմությունը դժվարանում է»,- նշում է հոգեբանը:

Դիետաները և դրանց ազդեցությունն յուրաքանչյուր մարդու օրգանիզմում տարբեր են: Եթե ինչ-որ մեկը կամայական դիետայով կորցրել է 10 կիլոգրամ, դա չի նշանակում, որ դուք եւս կունենաք նույն արդյունքը նույն դիետայի միջոցով: Բժիշկները նշում են, որ սխալ դիետան կարող է հանգեցնել ոչ միայն ավելցուկային կիլոգրամների, այլեւ լուրջ հիվանդությունների:

Անդրադառնալով սխալ դիետաներին՝ դիետոլոգ Շաղիկ Մինասյանը նշում է. «Դիետաների նշանակումն ունի շատ առաձնահատկություններ՝ կապված սեռից, տարիքից, առողջական վիճակից: Մենք ճիշտ սննդի միջոցով փորձում ենք առաջին հերթին լավացնել մեր նյութափոխանակությունը, իսկ սխալ դիետան առաջնային ազդում է հենց նյութափոխանակության վրա»:

Ոչ ճիշտ դիետան ազդում է առաջին հերթին ստամոքսի վրա և բերում շատ խնդիրների, նշում են բժիշները: Արագ դիետաներն ազդում են մարսողության վրա: Եթե տարվա ընթացքում ստամոքսը սովոր է յուղոտ սննդի, քաղցրի և տապակայի, չի կարելի միանգամից փոխարինել հում բանջարեղենով: Ստամոքսը դրան սովոր չէ և կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Օրինակ, դիետաների հաճախակի փոփոխության ժամանակ ստամոքսն արտադրելու է մեծ քանակությամբ ստամոքսային հյութ, ինչը վատ ազդեցություն կունենա ընդհանուր վիճակի վրա եւ կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների դրսևորմանը։

Քաղցած մնալը որոշ մարդկանց մոտ կարող է նպաստել լուրջ առողջական խնդիրների առաջացման: Այսպես, ուսումնասիրությունները փաստում են, որ սննդի ընդունման միջև երկրար (16-17 ժամ) ընդմիջումներ անողներն ունեն լեղապարկի քարերի առաջացման բարձր ռիսկ և ավելի հաճախ են ենթարկվում վիրահատական միջամտության` լեղաքարային հիվանդության կապակցությամբ:

Ախորժակը զսպելու համար միայն մարդու կամքի ուժը բավարար չէ, այդ պատճառով էլ նիհարելու նույնիսկ ամենահաստատակամ որոշում կայացրածները երբեմն չեն կարողանում չգայթակղվել նախընտրելի սննդամթերքներով։ Փաստն այն է, որ մարդու ախորժակի համար հորմոնների մի ամբողջ խումբ է պատասխանատու, դրանցից ամեն մեկն իր գործառույթն ունի։

Սննդաբան Արևիկ Պետրոսյան նշում է. «Պետք է գտնել սննդային բալանս, սննդի այն միջին քանակությունը, երբ դու սննդից բավականաչափ ստանում ես այն, ինչ պետք է օրգանիզմիդ, և բավականաչափ հաճույք ես ստանում նախընտրելի սննդից և նաև քեզ չես ծանրաբեռնում ավելորդ սննդով»:

Այժմ դիետաներին զուգահեռ մեծ տարածում ունեն նաև նիհարեցնող միջոցները և դեղահաբերը: Սոցցանցերի հայկական հարթակներում մեծ տարածում ունեցող «Նիհարեցնող միջոցներ» էջից նշում են. «Մեր նիհարեցնող կապսուլաները պատրաստված են բացառապես բուսական հիմքից և նրանց հիմնական գործառույթը նյութափոխանակության արագացումն է, ճարպերի այրումը և ախորժակի 2-3 անգամ նվազեցումը»:

Մինչդեռ Արևիկ Պետրոսյանը նշում է, որ, եթե մարդու սննդային սովորությունները սխալ են, դեղահաբերը և խոտաբույսերը չեն կարող երկարաժամկետ օգուտ տալ: Բժիշկ-սննդաբանի խոսքով, նման բնույթի հաբեր ընդունելուց առաջ հարկավոր է ամողջությամբ ծանոթ լինել դրանց. «Պետք է հստակ իմանալ հաբի ծագում, ազդեցությունը, արդյոք ունի հակացուցումներ, թե ոչ»:

«Մարդու մաշկի վիճակը առաջնային կախված է իր ընդունած սննդից»,- նշում է մաշկաբան Լիլիան և հավելում, որ դիետանների ժամանակ շատ արագ մաշկային փոփոխություններ են առաջանում, այդ թվում՝ մաշկի դեղնութուն:

«Կտրուկ նիհարելով՝ մարդ կորցնում է կիլոգրամներ, բայց թուլացած մաշկի հետ ոչինչ չի կարողանա անել: Կնճիռներ և պարկեր են առաջանում աչքերի տակ: Որպեսզի նման խնդրի չբախվեք, դիետաներին զուգահեռ նաև մարզվել է պետք»,- նշում է ֆիթնես մարզիչ Սելինեն:

Ի՞նչ անել

Համացանցում տարածված դիետաները միշտ չէ, որ արդյունավետ են լինում, այդ իսկ պատճառով որևէ դիետա պահպանելուց առաջ անպայման խորհրդակցեք բժիշկ-սննդաբանի հետ, հասկացեք՝ ունեք արդյոք առողջական խնդիրներ: Յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է և նրան պետք է անհատական մոտեցում և հատուկ մշակված սննդակարգ: Եթե ցանկանում եք օգտագործել նիհարեցնող միջոցներ, համոզվեք դրանց անվտանգ լինելու հարցում:

Անժելա Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել