Հավատ՝ անմահության ճանապարհով

Հավատ՝ անմահության ճանապարհով

217

«Մայրը չի կարող երեխաների մեջ տարբերություն դնել, 3-ն էլ իմն են, բայց Նարեկիս սիրտն ուրիշ էր։ Այնքան հոգատար, այնքան ծնողամեծար զավակ էր Նարեկը, որ միշտ տղաներիս` Նվերին ու Նորայրին, ասում էի՝ օրինակ վերցրեք Նարեկից»,- ասում է Նարեկի մայրը՝ տիկին Լուսինեն։

Արցախում՝ Սեպտեմբերի 25-ին դեռևս չպարզված հանգամանքներում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Աղետն աղետի հետևից եղավ Արցախում, երբ պատերազմից ընդհամենը մի քանի օր անց վառելիքի պահեստում տեղի ունեցավ պայթյուն։ Մարդիկ գաղթի ճամփին չմնալու համար վառելիքի հերթ էին կանգնել։ Սակայն փրկության արահետում ոմանց կյանքը կանգ առավ։ Նրանցից մեկն էլ Նարեկ Հովսեփյանն էր։

Տիկին Լուսինեն պատմում է, որ 3 տղա ունի, որոնց մեծացրել է միայնակ, 2005 թ․ ամուսինը հատուկ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել էր։ Նարեկը ծառայության մեջ էր, երբ սկսվեց պատերազմը, դիտարկման վերահսկման խմբի մշտադիտարկման կետում էր, որը հաճախ էր հայտնվում ադրբեջանցիների թիրախում։ Պատերազմից փրկված տղան մտածում էր ընտանիքը դժոխքի ճանապարհով անվտանգ անցկացնելու մասին։ «Դժվար էր տունը լքելը։ Մայրս մեզ միայնակ է պահել, մենք փոքր ենք եղել, և տունն ինքն է պահել։ Մեզ հասցրել է մի տարիքի, երբ արդեն մամային մենք էինք պահում։ Վատ չէինք ապրում։ Նարեկի մահով ու մեզ պարտադրված գաղթով ամեն ինչ փոխվեց։ Ոչինչ առաջվանը չի կրող լինել»,-ասում է Նարեկի եղբայրը՝ Նվերը։

Երկար ժամանակ Նարեկին փնտրում էին Ստեփանակերտում, ՀՀ գալուց հետո Երևանում ու ամբողջ Հայաստանի հիվանդանոցներում։ Որևէ տեղեկություն չկար մինչ այն պահը, երբ դատաբժշկական փորձաքննությամբ նույնականացվեց նաև Նարեկի ինքնությունը։ Նարեկի ընտանիքը հիմա ապրում է դժվարությամբ վարձակալած բնակարանում, մինչև այժմ ընտանքի ոչ մի անդամ չի աշխատում, փորձում են համակերպվել ցավին։

Նարեկը նշանադրված էր։ Երկուսով սպասում էին շրջափակման ավարտին, որպեսզի մեծ շուքով նշեին և՛ ամուսնությունը, և՛ կյանքի ճանապարհի բացումը՝ մեր հաղթանակով։ Ավաղ, դեպքերն այլ զարգացում ունեցան․․․ Նարեկի անդառնալի կորստի ցավը սրտներում՝ Հովսեփյանների ընտանիքն այսօր ապրում է Նարեկի կատարած անձնանվեր գործի՝ հայրենիքին իր պարտքը տալու և այդ գործին սրբորեն հավատալու շնորհիվ և հավատով առ այն, որ մի օր կրկին Արցախ են վերադառնալու․․․

Արթուր Ջանվելյան

4-րդ կուրս

Կիսվել