Կամավորությունը տարիք չի հարցնում․ կոտրելով կարծրատիպերը

Կամավորությունը տարիք չի հարցնում․ կոտրելով կարծրատիպերը

212

Երևանում գտնվող Տարեցների առողջության և խնամքի ապահոմվան ասոցիացիայում հավաքվել են տասնյակ տարեցներ, որոնք կամավորական աշխատանքներ են կատարում տարբեր մշակութային վայրերում։ Տարեցները հնարավորություն ունեն մասնակցելու համերգասրահներում իրականացվող կամավորական աշխատաքներին։ Նրանք երիտասարդ կամավորների հետ օգնում են հանդիսատեսին նստատեղերը գտնելու հարցում, բաժանում են տվյալ համերգի ծրագիրը, ինչպես նաև մասնակցում գրասենյակային աշխատանքներին։ Նրանց մի մասը թանգարանային գիշերվա ընթացքում մի շարք կամավորություններ է իրականացրել։ Օրինակ՝ Ռուսական արվեստի թանգարանում տարեցների մի խումբն էքսկուրսիաներ էր կազմակերպել, պատմել ինքնաեռերի մասին պատմություններ, իսկ մյուս խումբը թեյախմության ժամանակ հրավիրում էր այցելուներին սեղանի մոտ և թեյեր հյուրասիրում։

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կամավոր տարեցները այն թոշակառուներից են, որոնք թոշակի են անցել և սկսել զբաղվել տարբեր կամավորական աշխատանքներով։ Սակայն կան թոշակառուներ, որոնք թոշակի անցնելուց հետո մինչ օրս աշխատում են։ Առանձնացրել ենք երեք տարեց կամավորների, որոնք ակտիվ կամավորական աշխատանքներ են կատարում։

Տիկին Արենին երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում և կամավորական գործունեություն ծավալել այնտեղ։ Այնուհետև վերադարձել է Հայաստան և մինչ օրս շարունակում է կատարել կամավորական աշխատանքներ։ Տիկին Արենին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գրասենյակում կատարում է տարբեր տեսակի կամավորական աշխատանքներ։ Նա հասցրել է տարբեր մեխանիզմներ մշակել, որոնց շնորհիվ իր և մյուս տարեց կամավորների աշխատանքը ավելի կհեշտանա։ Գրասենյակային աշխատանքից բացի, նա նաև լինում է համերգասրահում, որտեղ էլ կատարում է կամավորական այլ գործառույթներ։

Տիկին Սվետան նույնպես զբաղվում է կամավորական աշխատանքներով։ Բացի այն ծրագրերից, որոնց մասնակցել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայում, նա նաև հասցրել է կամավորություն անել համերգասրահներում և թանգարաններում։ Տիկին Սվետան կամավորական աշխատանքներ կատարել է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում նա դիմավորել է հյուրերին, հանդիսատեսին և նրանց ուղղորդել։ Ըստ տիկին Սվետայի՝ նա, մասնակցելով համերգասրահում կատարվող կամավորություններին, կարողանում է հաճելին օգտակարի հետ համատեղել։

Տիկին Աստղիկը մասնակցում է մի շարք կամավորական աշխատանքների։ Նա նաև աչքի է ընկնում իր հետաքրքրասիրությամբ։ Տիկին Աստղիկը մասնակցել է տարբեր միջոցառումների, որոնց ընթացքում դիմավորել է մարդկանց։ Օրինակ՝ թանգարաններից մեկում թեյախմության ժամանակ թեյ է հյուրասիրել այցելուներին։

Տարեցների հետ աշխատող հոգեբանի խոսքով՝ համերգասրահում կամավորություն անելը տարեցների համար մեծ հնարավորություն է դեռ իրենց պիտանի զգալու և իրենց առօրյա ակտիվությունը պահելու, քանի որ նրանք տարիներ շարունակ աշխատել են և ակտիվ գործունեություն են ծավալել տարբեր ոլորտներում։

Լուսանկարները՝ Տարեցների առողջության և խնամքի ապահոմվան ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից

Անահիտ Նահապետյան

4-րդ կուրս

Կիսվել