Թատրոնը նախընտրելի է, կինոն՝ առավել ևս

Թատրոնը նախընտրելի է, կինոն՝ առավել ևս

221

Ներկայումս կինոնկարն ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մասն է կազմում, սակայն հասարակության մեծ մասը նախընտրում է այն դիտել մեծ էկրանին էլ ավելի լավ որակով եւ էլ ավելի լավ տեսաձայնագրմամբ։

Մոսկվա կինոթատրոնի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց.

-Կինոթատրոն այցելուների քանակը վերջին տարում կրկնապատկվել է, քանի որ, ինչպես գիտեք, նոր ֆիլմեր են նկարահանվել, եւ հիմնականում պատերազմի,  մարտական գործողությունների մասին։ Բացի այդ, նոր մուլտֆիլմեր են դուրս եկել, որոնք բացի երեխաներից նաեւ երիտասարդներն են սիրում դիտել։ Կինոթատրոն այցելուների քանակը հատկապես շատ է երեկոյան ժամերին, մարդիկ աշխատանքից հետո նախընտրում են ֆիլմ դիտել, մի փոքր լիցքաթափվել, նոր տուն գնալ»։

Մեր կողմից անցկացված հարցման մասնակիցների 50%-ը նշել է, որ օգտվում է Մոսկվա կինոթատրոնից, իսկ ամենաքիչ նախընտրելի կինոթատրոնը, որից օգտվում են քաղաքացիները՝ Նաիրի կինոթատրոնն է։ Հարցվողները չցանկացան մանրմասնել, թե ինչու չեն այցելում Նաիրի կինոթատրոն, միայն մեկ պատճառ էին առանձնացնում՝ առանց հիմնավորման. «Ցավում ենք, որ Նաիրի կինոթատրոնը այլ բանի է վերածվում»։

Նաիրի կինոթատրոնի աշխատակիցներից Բ. Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց. -Մեզ մոտ այցելուների թիվն այնպես չէ որ քիչ է, սակայն, կարծում եմ, որ նրանք, ովքեր չեն նախընտրում Նաիրի կինոթատրոնը, երևի սիրում են ավելի մեծ էկրանին ֆիլմը դիտել, իսկ մեր էկրանն այնքան էլ մեծ չէ:

Քիչ չեն խնդիրները նաեւ մեր թատրոններում։ Թատերասերները հաճախ, որպես թերություն, մատնանշում են բեմից հնչող ոչ գրագետ, ոչ կոռեկտ խոսքի կիրառությունը: Քաղաքացիներից ոմանք նշում են, որ յուրաքանչյուր արվեստի տուն ունի իր յուրահատկությունը, ոմանց համար էլ նորմալ չէ բեմից հայհոյախառն բառապաշարը։

Մենք կապ հաստատեցինք լեզվի տեսչության կենտրոն։ Այնտեղից նշեցին, որ հաճախ են այս հարցով զանգեր ստանում, քաղաքացիներից շատերը բողոքում են թատրոնների ներկայացման ցենզուրայից դուրս բառապաշարի համար, եւ հավելեցին, որ աշխատանքներ են տարվում այս խնդրին լուծում տալու համար:

Հարցման մասնակիցները առանձնացրին Կամերային թատրոնը։ Ըստ նրանց՝ բեմից հնչում է գռեհիկ բառապաշար, եւ ցուցադրվում չափազանց բաց տեսարաններ, ինչը տհաճություն է պատճառում հանդիսատեսին։

Քաղաքացիներից Հ. Սիմոնյանը նշեց.

-Հիշում եմ, թե ինչպես էին դպրոցական տարիներին մեզ դասարանով տարել Կամերային թատրոն՝ ներկայացում դիտելու: Աղջիկները ամոթից կարմրել էին, տղաները՝ ծիծաղում էին ցուցադրվող տեսարանի վրա. մենք պարզապես լքեցինք դահլիճը։

Կամերային թատրոնի աշխատակիցներից Ն.Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց.

-Չեմ կարող հստակ պատասխան տալ, սակայն կարող եմ ասել, որ մեր ներկայացումներից յուրաքանչյուրը արվեստ է, եւ եթե կան ներկայացումներ, որոնք «ցենզուրայից դուրս են», ապա յուրաքանչյուր այցելու թատրոնի տոմս գնելուց առաջ ծանոթանում է տվյալ ներկայացմանը, իսկ բոլոր այն ներկայացումները որոնք մեծերի համար են միայն նախատեսված, նշված է ՝18+։

Առկա խնդիրները, սակայն, չեն խոչընդոտում, որ որպես ժամանցի նախընտրելի տարբերակ քաղաքացիների մեծ մասը նշի կինոն և թատրոնը:

Սեդա Շահնազարյան

4-րդ կուրս

Կիսվել