Գնդապետը՝ կոչումով ուսուցիչ

Գնդապետը՝ կոչումով ուսուցիչ

319

Գնդապետ Նիկոլայ Ավանեսյանը շուրջ 40 տարի ծառայել է խորհրդային, ապա՝ հայկական բանակում։ Մասնակցելով արցախյան պատերազմին՝ 2002 թվականից նշանակվել է պահեստազորային ծառայության, այնուհետև` զինղեկ՝ ծառայությունը շարունակելով այս անգամ դպրոցում: Որ մի օր ուսուցիչ կդառնա, պատկերացնել անգամ չէր կարող։

«Զորացրվելուց հետո ինձ առաջարկեցին դպրոցում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդել, 2001 թվականն էր, և ես մեծ սիրով համաձայնեցի։ Աշխատանքի անցա, և կարճ ժամանակում հաջողվեց երեխաների մեջ մեծ հետաքրքրություն և սեր առաջացնել դեպի զինվորական արվեստը»,- ասում է գնդապետ Ավանեսյանը։

Պաշտպանության նախարարի որոշմամբ գնդապետին անգամ թույլ է տրվել դասավանդելու միաժամանակ երկու դպրոցներում:

«Տարին մեկ աշակերտներիս հետ կրակային պատրաստության ենք մեկնում, այդ ընթացքում, այսպես ասած, ոչ մեկի քթից արյուն չի եկել, ոչ մեկը չի վնասվել, ոչ մեկին ոչինչ չի պատահել: Անգամ պատահել է, որ 500 աշակերտ միանգամից նույն տեղում է եղել և նույն բանն արել։ Նրանց բաժանում էի դասակների, և գործը հեշտանում էր, ամեն դասակը 20-22 հոգուց էր բաղկացած, իրենք ունեին իրենց ջոկի ավագն ու ամեն բան կազմակերպված անում էին»,- ասում է նա։
Նիկոլայ Ավանեսյանը ծնվել է 1946 թվականին Արցախի Շահումյան ավանում: Արցախյան պատերազմի տարիներին և ծառայության ողջ ընթացքում գնդապետն իր սեփական գործն անչափ սիրելու, ազնիվ և պատասխանատու վարքագիծ դրսևորելու արդյունքում մի շարք կարևոր ու պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Պատերազմի տարիներին եղել է Շահեն Մեղրյանի սպառազինության գծով տեղակալը: 1990 թվականի մայիսին Մեղրյանի հրամանատարությամբ մասնակցել է Հայ Պարիս գյուղի սահմանների պաշտպանությանը: Պատերազմի ավարտից հետո ծառայել է ՀՀ ՊՆ թիկունքի վարչության ավագ սպայի պաշտոնում, իսկ 1996 թվականին տեղափոխվել է ԶՈՒ գլխավոր շտաբ՝ զբաղեցնելով բաժանմունքի պետի պաշտոնը:

«Արցախյան շարժման առաջին օրերից՝ 1988 թվականի փետրվարից Շահումյանի շրջանը գտնվում էր առավել ծանր վիճակում: Կամավոր հիմունքներով ընդգրկվեցի ինքնապաշտպանական ջոկատներում և մասնակցեցի պաշտպանական մարտական գործողություններին»,- պատմում է նա։

«Ծառայության ընթացքում, մարտական գործողություններ կատարելիս, պետք է աչալրջորեն վերաբերվել ամեն ինչին, խիստ հսկողություն պետք է լինի, բայց, միևնույն ժամանակ, հոգատարություն ու հարգանք: Վաշտիս հետ, երբ ինը ամիս Ջաբրայիլում էի, այնտեղ մեծ մկներ կային, օձեր և կարիճներ: Զինվորներս գիշերները քնում էին, ես չէի քնում, ամեն պահի նկատում էի սողուններին, վերցնում էի, մի կողմ նետում, որ իմ զինվորին չկծեր, չվնասեր»,- պատմում է նա։
Մինչ օրս զորացրված զինծառայողների հետ կապ է պահում, զանգում են, երկար զրուցում ու քննարկում ինչ-ինչ հարցեր։ Մարտական ընկերների հետ ևս հաճախակի է տեսնվում, վերհիշում են անցյալն ու լավ հիշողությունները: Հիշում է, թե ինչպես էին 2-3 հոգով Զանգելանում Որոտանի ջրերից համեղագույն ձկներ որսում ու կերակրում մի ամբողջ վաշտ:

Նիկոլայ Ավանեսյանն առանձնակի հարգանքով և պատկառանքով է վերաբերվում այն համազգեստին, որը կրում է: Խիստ վերաբերմունք ունի նրանց հանդեպ, ովքեր չեն զբաղվում զինվորական գործով, բայց կրում են համազեստ։

«Այն զինծառայողը, ում զինվորական գրքույկի մեջ գրված է, որ իրավունք ունի զինվորական համազգեստ կրելու, նա ունի այդ իրավունքը, բանվորը չպետք է զինվորական համազգեստ կրի, բանվորություն անի, համազգեստը կեղտոտի: Շատերը հագնում են, գնում որսի․ ա՛յ ընկեր, դրա համար հատուկ համազգեստ կա, դա հագիր: Կարգին վերահսկողություն չկա։ Որ մի քանի անգամ ստուգեն, արգելեն, պատժեն, այսպես չի լինի»,- համոզված է նա:

Նիկոլայի կինը՝ տիկին Սուսաննան, երկար և ձիգ տարիներ մշտապես լինելով ամուսնու կողքին՝ ոգեշնչել ու թևեր է տվել նրան: Հստակ գիտեր, որ ամուսինը կարևոր և պետքական գործով է զբաղվում՝ հայրենիքի պաշտպանությամբ:

«Հեշտ չէ սպայի կին լինելը, անընդհատ սպասումների մեջ լինելը բարդ է. այսօր հերթապահության է, վաղը ռազմաճակետ է մեկնում, ամեն րոպե իրեն կարող էին կանչել ու որևէ տեղ ուղարկել: Ամեն նրա գնալիս աղոթք էի բարձրացնում առ Աստված, խնդրում, որ երեխաներիս հայրն անվտանգ հետ վերադառնա: Արցախյան պատերազմի տարիներին ամիսներով լուր չունեի իրենից, հեռախոսներն անջատված էին, հոսանք չունեինք, դժվար էր: Տղաս էլ էր այդ ժամանակ ծառայության մեջ, չգիտեի՝ ում մասին մտածել»,- ասում է տիկին Սուսաննան:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար Նիկոլայ Ավանեսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» և այլ մեդալներով, 2018 թվականին նշանակվել Աջափնյակ վարչական շրջանի Վետերանների միության նախագահ:

«Հիմա ողջ գործս Վետերանների միության հետ է և Վետերանների միության համար: Այս պահին իմ ղեկավարության տակ է գտնվում 79 վետերան, որոնցից երեքը տարիքով բավականին մեծ են, շուտով կլրանա նրանց 100 ամյակը»,- հպարտությամբ ասում է նա:

Նիկոլայ Ավանեսյանը Վետերանների միության շենքում գրեթե ամեն օր կազմակերպում է վետերանների առօրյան և ժամանցը: Գնդապետը նրանց շրջանում մեծ սեր և հարգանք է վայելում։ Ասում է՝ քանի դեռ ձեռքերի մեջ ուժ կա, շարունակելու է սիրելի գործը՝ հայրենիքի պահպանությունն ու պաշտպանությունը։

Սաթենիկ Խալաթյան

4-րդ կուրս

Կիսվել