Համարձակ ու օբյեկտիվ առաջ գնալը գործի կեսն է․ Զվարթ Խաչատրյան

Համարձակ ու օբյեկտիվ առաջ գնալը գործի կեսն է․ Զվարթ Խաչատրյան

287

Կոռուպցիան լուսաբանելու, լրագրողական սկզբունքների և ոլորտում առկա խնդիրների մասին զրուցել ենք 168.am-ի լրագրող Զվարթ Խաչատրյանի հետ։

-Արդյոք հեշտ է Հայաստանում կոռուպցիային առնչվող տեղեկատվություն ստանալ և լուսաբանել:

-Կարծում եմ՝ որևէ երկրում, որտեղ կա կառուպցիա, բացահայտելը, այնուհետև լուսաբանելը հեշտ չէ, քանի որ կոռուպցիայի մեջ գտնվող անձինք, անհատները հնարավոր բոլոր մեթոդներով այն թաքցնում են։ Վերջին շրջանում մեծ թիվ են կազմում մեկ անձից կատարվող գնումները, որոնք, տարբեր անկախ փորձագետների գնահատմամբ, կոռուպցիայի ցայտուն օրինակներ են։

Դժվար է նաև այն առումով, որ երբեմն լրագրողը կարող է այս կամ այն պետական գնումների վերաբերյալ գրավոր հարցում ուղարկել պետական գերատեսչություն և պատասխան ստանալու համար սպասել մինչև մեկ ամիս, իսկ մեկ ամիս անց ստանալ օրինակ մեկ տող ոչինչ չասող, լղոզված պատասխան։ Այդուհանդերձ, 21-րդ դարում կան բազմաթիվ գործիքներ, որոնց միջոցով հնարավորություն է ստեղծվում բացահայտել կոռուպցիոն սխեմաներ և դրանց հետևից առանձին-առանձին գնալով՝ բացահայտել ողջ շղթան։ Իրականում աշխատանքը կարող է տևել օրեր ու շաբաթներ, սակայն արդյունքում բացահայտվում է ևս մեկ կոռուպցիա։

 -Ի՞նչ սկզբունքներ կառանձնացնեք, որոնք առաջնահերթ անհրաժեշտ են կոռուպցիա լուսաբանող լրագրողին։

-Լրագրողի աշխատանքի համար շատ կարևոր է, որպեսզի համապատասխան գերատեսչությունը պատշաճ ժամկետներում լրագրողին տրամադրի իր գրավոր հարցերի պատասխանները։ Դրանից զատ կարևոր է, որ լրագրողը չընկրկի կառուպցիայի կիզակետում հայտնված անձի, կազմակերպության բողոքների դեմ, քանի որ, երբ զանգահարում ենք որևէ հարց պարզաբանելու համար, սկսում են բողոքել, ահաբեկել, երբեմն արդարանալ․ պետք է այդ ամենը մի կողմ դնել ու սկսել բազմակողմանի քննել, բացահայտել։ Կարճ ասած՝ չվախենալ և ինչպես ասում են՝ համարձակ ու օբյեկտիվ առաջ գնալը գործի կեսն է։

 – Ըստ Ձեզ՝ հայաստանյան լրատվադաշտում անաչա՞ռ են լուսաբանվում կոռուպցիայի վերաբերյալ նյութերը: 

-Ամբողջ լրատվադաշտի առումով չեմ կարող ասել, քանի որ եթե դրանք վերցնեք ու ուսումնասիրենք՝ հասկանալու  դրանց անաչառությունը, դրա համար տարիներ է անհրաժեշտ։ Կոնկրետ մեր լրատվամիջոցը օբյեկտիվորեն է լուսաբանում՝ հանրայնացնելով բոլոր փաստերն ու ներկայացնելով իր ընթերցողներին:

-Ի՞նչ է անհրաժեշտ այս ոլորտի բարելավման համար: Մասնագիտական ասպարեզում ի՞նչ հաջողություններ եք գրանցել (կոռուպցիայի բացահայտում, կանխարգելում և այլն):

-Իրականում այս երկու հարցերն ունեն մեկ պատասխան․ երբ լրատվամիջոցը բացահայտում է որևէ կոռուպցիոն դեպք, սխեմա, այն հանրայանցնելուց հետո անելիքն այլևս իրավապահների դաշտում պետք է լինի․ նրանք պետք է գնան այս գործի հետևից։ Եվ եթե գործն արդեն հայտնվում է իրավական դաշտում, լրագրողը, լրատվամիջոցը կարող է ասել, որ արդեն հաջողություն է գրանցել, իսկ եթե լրատվամիջոցը գրում է նման դեպքերի մասին այն էլ մի քանի անգամ, սակայն իրավապահները լռում են, նշանակում է՝ դեպքը ներկայացնել միայն այն մարդկանց, որոնք հոդվածը կկարդան, կքննարկեն մի քանի օր, իսկ երկու շաբաթ հետո դրա մասին այլևս որևէ մեկը չհիշի։

Այսինքն՝ քանի դեռ մեր գրած հոդվածների հետևից իրավապահները չեն գնում, նշանակում է ոլորտում որևէ հաջողություն չենք գրանցել։

Մարիամ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել