Կոռուպցիոն դեպքերի բացահայտման առումով լրատվամիջոցներն այսօր մեծ դերակատարություն ունեն. Գագիկ Ավետիսյան

Կոռուպցիոն դեպքերի բացահայտման առումով լրատվամիջոցներն այսօր մեծ դերակատարություն ունեն. Գագիկ Ավետիսյան

249

Կոռուպցիան լուսաբանելու, լրագրողական սկզբունքների և ոլորտում առկա խնդիրների մասին զրուցել ենք «Հայկական ժամանակ»-ի էլեկտրոնային կայքի խմբագիր Գագիկ Ավետիսյանի հետ։

-Արդյոք հե՞շտ է Հայաստանում կոռուպցիային առնչվող տեղեկատվություն ստանալ և լուսաբանել:

-Առհասարակ, տեղեկատվություն ստանալու երկու տարբերակ կա. առաջինը՝ ինչ-որ տեղից ինչ-որ միջոցով ինչ-որ բանի մասին իմանալ և երկրորդ՝ այդ իմացածը հստակեցնել համապատասխան իրավապահ կառույցների հետ, այն է՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Քննչական կոմիտե, ՆԳՆ ոստիկանություն և այլ կառույցներ:
Եթե խոսքը այս կառույցներից տեղեկատվություն ստանալու մասին է, ապա գործընթացը այնքան էլ հեշտ չէ, որքան պատկերացնում են, քանի որ նշված կառույցները, գործի նախաքննության շահերից ելնելով, սահմանափակված են ամբողջական տեղեկատվության տրամադրման առումով: Այստեղ պետք է նաև հաշվի առնել, թե ինչ են սահմանում մեր երկրի Քրեական օրենսգիրքը և մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային նորմերը: Այս ամենը հաշվի առնելով՝ բնականաբար, արդեն բարդանում է կոռուպցիոն դեպքեր լուսաբանելու գործընթացը, որը պահանջում է համապարփակ աշխատանք:
Հարկ է նշել, որ այս առումով բավականին ակտիվ է և մեծ աշխատանք է կատարում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

-Ի՞նչ սկզբունքներ կառանձնացնեք, որոնք առաջնահերթ անհրաժեշտ են կոռուպցիա լուսաբանող լրագրողին։

-Ոչ միայն կոռուպցիա, այլ ցանկացած ոլորտ լուսաբանող լրագրող նախ և առաջ պետք է լինի անաչառ և սկզբունքային՝ առաջնորդվելով բարոյական մոտեցմամբ: Կոռուպցիոն թեմաներ լուսաբանող լրագրողի դրությունը մի փոքր ավելի բարդ է, քանի որ այն ենթադրում է ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրել, իսկ սա արդեն մեծ պատասխանատվություն է ենթադրում: Չպետք է առաջնորդել միայն այստեղից-այնտեղից լսած-իմացածով, կրկին սերտ աշխատանք է պետք վերոնշյալ թվարկածս կառույցների հետ: Անհրաժեշտ է կարողանալ օգտվել քրեական օրենսգրքից: Պակաս կարևոր չէ, թե ինչ նպատակ է լրագրողը դնում իր առջև՝ կոռուպցիոն թեմաներ լուսաբանելիս: Իմ խորին համոզմամբ՝ դրա հիմքում բացառապես պետք է լինի հանրային շահը:

-Ըստ Ձեզ՝ հայաստանյան լրատվադաշտում անաչա՞ռ են լուսաբանվում կոռուպցիայի վերաբերյալ նյութերը:

-Ես՝ որպես լրատվամիջոցի խմբագիր, չեմ ցանկանա գնահատականներ տալ մյուս լրատվամիջոցների կատարած աշխատանքին, գործընկերային առումով դա ճիշտ մոտեցում չէ: Առավել նպատակահարմար եմ համարում խոսել «Հայկական ժամանակ»-ում կոռուպցիոն դեպքերի լուսաբանման մասին: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ մեր լրատվամիջոցը նման դեպքերի լուսաբանմանը մոտենում է խիստ զգուշավոր՝ չխախտելու համար անմեղության կանխավարկածը կամ չվնասելու գործի ընթացքին: Սերտորեն համագործակցում ենք համապատասխան իրավապահ կառույցների հետ՝ պահպանելով լրագրողական էթիկայի և լրատվություն մատուցելու բոլոր նորմերը: Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ լինում են դեպքեր, երբ իրավապահների ուշադրությունը մենք ենք հրավիրում այս կամ այն ենթադրյալ կոռուպցիոն դեպքերի կողմը, որոնք էլ համապատասխան ընթացք են ստանում:

-Ի՞նչ է անհրաժեշտ այս ոլորտի բարելավման համար:

-Կարևոր եմ համարում իրավապահ կառույցների կողմից նման թեմաների շրջանակում լրագրողների հետ սեմինարների և քննարկումների պարբերաբար անցկացումը՝ ոլորտին տեղյակ անձանց, պաշտոնյաների, իրավապահ համակարգի, փաստաբանների մասնակցությամբ:

-Մասնագիտական ասպարեզում ի՞նչ հաջողություններ եք գրանցել (կոռուպցիայի բացահայտում, կանխարգելում և այլն):

-Հաճախ է լինում, երբ համապատասխան մարմինները գործի են ընթացք տալիս լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա: Մեր լրատվամիջոցի հրապարակումների հիման վրա ևս արձանագրվել են նման դեպքեր: Հարկ եմ համարում նշել, որ կոռուպցիոն դեպքերի բացահայտման առումով լրատվամիջոցներն այսօր մեծ դերակատարություն ունեն:

Մարիամ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել