Մաշկային խնդիրները կարիք ունեն գրագետ բուժման

Մաշկային խնդիրները կարիք ունեն գրագետ բուժման

190

Մաշկը  մեր ամենամեծ օրգանն է, որը կազմում է մարմնի քաշի 15  տոկոսը: Մաշկի առողջության պահպանումը և առկա խնդիրների լուծումը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար։ Ինչպիսի՞ խնդիրների են բախվում մաշկաբանները, ովքեր շարունակ պայքարում են «ինքնակոչ» մասնագետների դեմ, ի՞նչ են հորդորում մարդկանց բժիշկ-մաշկաբանները, ինչպիսի՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ սխալ բուժման արդյունքում և որո՞նք են այս խնդիրների լուծումը. փորձենք պարզել այս հարցերի պատասխանները:

Նախ հասկանանք՝ որոնք են պատճառները, որ մարդիկ խնդիր ունենալու դեպքում նախընտրում են բժշկի փոխարեն դիմել իրենց ծանոթ/բարեկամին։

«Իմ ծանոթ աղջիկը ունի նույն խնդիրը, դեղեր է ընդունել, որոնք իրեն օգնել են, ինչու՞ պետք է չօգնեն ինձ»։ «Իմ քույրը կոսմետոլոգ է, ի՞նչ տարբերություն, միևնույն է՝ նա նույնպես հասկանում է խնդրից»։ «Այս քսուքի վրա գրված է ստոպ ակնե, ուրեմն ակնեի դեմ է չէ՞, էլ ի՞նչ կարիք կա ճշտելու՝ կարելի է իմ դեմքին կիրառել այն, թե ոչ»։

 Այսպիսին էին հիմնականում մարդկանց կարծիքները, ովքեր իրենց մաշկաբանական խնդիրների դեպքում զբաղվում են ինքնաբուժությամբ, հաճախ դիմում  ծանոթ որևէ մեկին, ով նույնպես ունի մաշկաբանական խնդիր կամ էլ քիչ թե շատ «հասկանում է այդ ոլորտից»։

Այս հարցը մաշկաբանների համար լուրջ խնդիր է հանդիսանում. նրանք փորձում են ամեն կերպ փոխանցել այն ուղերձը, որ չի կարելի խնդրի դեպքում դիմել կրթություն չստացած, ոլորտի հետ որևևէ առնչություն չունեցող կամ այլ կրթությամբ անձի, ով խոստացել է բուժել և լուծել խնդիրը։ Մաշկը մեր օրգանիզմի մի մասն է, նրա հետ կատակ չեն անում: Մաշկաբանները փաստում են՝ չարժե խնդրին թերահավատորեն մոտենալ, փոքրիկ բշտիկը կարող է վերածվել լուրջ խնդրի, որի սխալ բուժման հետևանքով արդյունքները կարող են անդառնալի լինել։

Մաշկաբան-կոսմետոլոգ Օֆելյա Եղիազարյանը կարծում է, որ մաշկաբաններին դիմելը մեր օրերում հասարակության մոտ մեծ խնդիր է.

-Կան շատ տարբեր կոսմետոլոգներ, որոնք, չունենալով ոչ մի կրթություն, զբաղվում են գրեթե ամեն ինչով, ինչի հետևանքով էլ հանգում ենք շատ լուրջ բարդությունների, որոնց բուժումը, ցավոք, առանց հետևանքների չի մնում, այսինքն՝ որքան էլ բուժառուն ստանա իր բուժումը, միևնույն է՝ վերջում ունենում է սպիներ, հետքեր, որոնք արդեն լինում են գրեթե անշտկելի։ Այդ իսկ պատճառով հետագա խնդիրներից խուսափելու համար առաջնային կարևոր է դիմել մաշկաբանի։

Այժմ շատ տարբերակներ կան խնդրին լուծում տալու համար՝ սկսած բազային խնամքից, մինչև ներարկումներ, սարքավորումներ, որոնք կարող են շտկել այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում թվում էին անլուծելի. այստեղ կարևոր է հասկանալ և տարբերակել «կարելին- չի կարելիից»։

Դեղագետ Լիլիթ Մարգարյանի կարծիքով կարևոր է նաև խորհրդատու-վաճառողների, դեղագետների դերը այս հարցում, որոնք գիտեն նյութերի բաղադրությունը և լիարժեք տիրապետում են այն տեղեկատվությանը, որ պիտի ստանա գնորդը տվյալ ապրանքը գնելուց և օգտագործելուց առաջ։

-Հաճախ մարդիկ անտեղյակ են՝ ինչ են նրանք օգտագործում, իսկ դեղատներում կամ այլ վաճառքի սրահներում սխալ խորհրդատվությունը կարող է հանգեցնել լուրջ խնդրի, պետք է փորձենք հնարավորինս օգվտել վստահելի և լիցենզավորված նյութերից։

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ ինչ կիրառել այս կամ այն խնդրի դեպքում։ Սյուզաննա Մուրադյանը նշում է, որ ինքը որպես բուժառու մաշկային խնդրի դեպքում նախընտրում է դիմել մաշկաբանի։

-Իմ նպատակն է խնդրին տալ ճիշտ և գրագետ լուծում՝ խուսափելով տխուր հետևանքներից, որոնց մասին լսել եմ այն մարդկանցից, ովքեր չեն դիմել բժշկի և զբաղվել են ինքնաբուժությամբ։ Խնամքիս հետ կապված էլ փորձում եմ հնարավորինս զերծ մնալ անհասկանալի բաղադրությամբ նյութերից և կիրառել մաշկաբանի խորհրդով նշանակվածները միայն։

Կոսմետոլոգ-բուժքույր Մանե Խաչատրյանը երբևիցե բուժում չի նշանակել.

-Նույնիսկ մաշկաբանները որևէ դեղամիջոց նշանակելուց առաջ երկարատև հետազոտություններ են իրականացնում, ուր մնաց համապատասխան կրթություն չստացած անձը նշանակի բուժում։ Սա շատ ռիսկային է և իրենից ենթադրում է մեծ պատասխանատվություն։ Երբ ինձ դիմում են՝ ասելով դե ավարտել ես էլի, մի բան ասա, քսեմ, անցնի, ես հորդորում եմ դիմել մաշկաբանի՝ չվնասելով առաջին հերթին բուժառուին և հետո էլ չխախտելով օրենքը՝ ըստ որի էսթետը իրավասություն չունի մաշկաբանական խնդրի դեպքում նշանակել բուժում։

Նելլի Մնացականյանը ունեցել է մաշկաբանական խնդիր, փորձել է ինքնուրույն լուծել խնդիրը կամ ուրիշների խորհուրդներով, ի վերջո դիմել է մաշկաբանի.

-Ես հասկացա, որ ինքնաբուժությունը միայն վատթարացնում է վիճակը, եթե խնդիր կա, ապա պետք է դիմել այդ խնդրով զբաղվող մասնագետի, որպեսզի հետո էլ ավելի չբարդանա: Այժմ գոհ եմ իմ գրանցած արդյունքից. խնդրի լուծումը ժամանակ, համբերատարություն և խիստ ուշադրություն է պահանջում: Պետք է հետևողական լինել բժշկի ցուցումներին, մշտապես խնամել մաշկը, որպեսզի հետագայում կոտրած տաշտակի առջև չկանգնենք:

Մաշկաբանը նշում է, որ այժմ բավականին բարդ է տարբերակել՝ անձը բժիշկ է, թե ոչ, քանի որ գովազդները գրավել են ողջ համացանցը և մարդկանց էլ հասկանալի չէ՝ խնդրի դեպքում ում դիմել, արդյունքում հենց իրենք՝ մաշկաբաններն են բախվում մի շարք խնդիրների: Մաշկաբանը բոլորին հորդորում է անպայման ճշտել՝ ում մոտ և որտեղ են հաճախում, ինչ պատրաստվածություն և փորձ ունի տվյալ բժիշկը: Տեղեկատվություն ստանալը մեր օրերում բավականին հեշտ է, այնպես որ պետք է ուշադիր լինել սեփական առողջությանը: Դե իսկ ընդհանուր ոլորտն էլ ունի վերահսկման կարիք:

Նորմալ է ունենալ խնդիր, բայց կարևոր է այդ խնդրին տալ գրագետ լուծում, քանի որ բոլորս ուզում ենք լինել առողջ և գեղեցիկ:

Մարիամ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել