Մասնագիտությամբ տնտեսագետ Նաիրա Հակոբյանի ամենասիրելի հոբբին ձեռագործությունն է, ինչն օգնում է նրան լուծում գտնելու ցանկացած դժվար իրավիճակում։ Տիկին Նաիրան հավատացնում է՝ ձեռագործությամբ զբաղվելն իրեն մեծ հանգստություն և ուրախություն է պարգևում:
-Տիկի՛ն Նաիրա, մի փոքր պատմեք այն ճանապարհի մասին, որը անցել եք: Ինչպե՞ս ստացվեց, որ տնտեսագետին սկսեց հետաքրքրել ձեռագործությունը։
-Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը: Համալսարան ընդունվել եմ իմ ընտրությամբ, քանի որ սիրում եմ թվերի հետ աշխատել։ Այժմ աշխատում եմ բանկում՝ որպես ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետ: Իրականում այդ աշխատանքը ևս սիրում եմ։ Իսկ ստեղծագործելը միշտ ինձ հետ է եղել, թեև եղել են ժամանակներ, երբ որևէ բան չեմ պատրաստել, ինչը միայն ժամանակի սղության պատճառով է եղել:
-Իսկ երբվանի՞ց եք սկսել զբաղվել ձեռագործ աշխատանքներով:
-Միշտ գործել եմ, երբ ինչ-որ բան է հարկավոր եղել ինձ, թոռներիս, ընտանիքիս մյուս անդամներին… Հիշում եմ, դեռևս դպրոցական տարիներին տեխնոլոգիայի դասերին հաճույքով էի նստում, ու երևի թե միայն ես էի, որ բոլոր դասերին պատրաստ էի գնում: Հաճախ ուսուցչուհիս ասում էր, որ մի շաբաթում ամբողջ կիսամյակի աշխատանքն էի կատարում։ Համալսարանական տարիներին ևս այս գործով եմ զբաղվել: Բավական գեղեցիկ պայուսակներ էի գործում, կարուձևով զբաղվում: Հաճախ նվիրում էի աշխատանքներս, բայց դրանք վաճառել երբևիցե չեմ մտածել։
-«Խուճուճիկ» հավաքածուով, կարծես, ամեն բան փոխվեց…
-«Խուճուճիկ»-ի (Նաիրա Հակոբյանի հեղինակած ձեռագործ աշխատանքների հավաքածուի անվանումն է.- հեղ.) միտքը հղացավ շատ պատահական։ Մի սովորական օր աղջիկս առաջարկեց պատրաստած տիկնիկները վաճառել: Սկզբից հրաժարվեցի, բայց աղջիկս պնդեց ու հավատացրեց, որ սկզբնական շրջանում կաջակցի ինձ։ Մտածում էի, որ քչերին կհետաքրեն ձեռագործ խաղալիքները: Ու, եթե անկեղծ լինեմ, շատ զարմացա, երբ տիկնիկները բավական մեծ քանակով վաճառվեցին: Գումար աշխատելն ինձ համար նպատակ չի եղել. այս աշխատանքը նախևառաջ սիրելի զբաղմունք էր, նախասիրություն, որը ինձ հանգստացնում էր։
-Եթե փորձեք շատ կարճ սահմանել՝ ի՞նչ է Ձեզ համար ձեռագործությունը։
-Երևի թե ներաշխարհս հանգստացնելու և, ընդհանուր առմամբ, զարգանալու միջոց։ Գիտե՛ք, ինձ համար անգամ խանութ գնալը, կտոր ու թել ընտրելն արդեն մեծ բավականություն է։ Մի տեսակ ուրախանում եմ, երջանկանում:
-Ի՞նչ եք կարծում՝ մեր օրերում ձեռագործությունն ակտուա՞լ է։ Նշեցիք, որ մտավախություն ունեիք, որ քչերին կհետաքրքրեն Ձեր աշխատանքները:
-Միանշանսկ ձեռագործ թե՛ հագուստը, թե՛ խաղալիքները ոչ բոլորին դուր կգան։ Նկատել եմ, որ այսօր երիտասարդներն ավելի շատ են սկսել կրել ձեռագոծրծ հագուստ, պայուսակներ, աքսեսուարներ, ինչն ինձ ստիպում է մտածել, որ ձեռագործ աշխատանքները գնահատվում են, բացի այդ, դրանք գեղեցիկ են և տարբերվող։
-Նաև թոռնիկների համար եք գործում…
-Իմ ամենաքմահաճ հաճախորդները թոռներս են։ Յուրաքանչյուր դետալ իրենք են ընտրում իրենց տիկնիկների ու պայուսակների համար։ Եթե անգամ մի բան իրենց սրտով չէ, փոփոխել են տալիս։ Բացի այդ, ինձ շատ է դուրս գալիս, երբ իրենք ավելի շատ հենց նման տիկնիկներ ունեն, և այդքան էլ չեն հետաքրքրվում պլաստիկ տիկնիկներով։ Եթե հավանում են, ապա ես ինձ բավարարված եմ զգում, կարճ ասած՝ իմ ոգեշնչման աղբյուրն են։
-Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են պատահել, որոնք կարող եք հիշել:
-Հետաքրքիր մի դեպք կարող եմ առանձնացնել: Երկու ընկերուհիներ, իրենց երրորդ ընկերուհու բալիկի ծննդյան համար խաղալիք են պատվիրում ինձնից։ Մայրիկը շատ է հավանում նվերը, գրում ինձ, շնորհակալություն հայտնում: Այդ պահին հասկացա, որ այն աշխատանքը, որը ես կատարում եմ անգամ անծանոթ մարդկանց համար, գնահատված է։
-Տիկի՛ն Նաիրա, եթե կարողանայիք հետ տալ ժամանակը, ապա նորից կընդուվեի՞ք պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, կանցնեի՞ք նույն ուղով:
-Երևի թե ոչինչ չէի փոխի. հենց անցածս ուղին է օգնել, որ ես կայանամ կյանքում, ինքս սովորեմ այն ամենը, ինչը որևէ այլ տեղ չես կարող սովորել։ Համալսարանական տարիներին չէի պատկերացնում, որ կգա մի օր, որ այս գործով էլ կզբաղվեմ. ինձ թվում էր՝ միայն ֆինանսական ոլորտում եմ աշխատելու, բայց ամեն բան մարդու ձեռքում է: Եթե կա ցանկություն, ապա կա արդյունք։ Յուրաքանչյուր գործ սկսելիս համառ և համբերատար պիտի լինես։ Ճիշտ է՝ մտավախություները, որ չես հաջողի, միշտ էլ լինելու են, բայց դրանք չպետք է շատ լինեն, որ որոշումներից հետ կանգնես, վախենաս: Հակառակը, պետք է առաջ գնաս:
-Եվ մի կարևոր խորհուրդ, որը կտաք մեր ընթերցողին…
-Խորհուրդ կտամ, որ անկախ ամեն ինչից անեք այն, ինչ ձեր սիրտն է թելադրում, և միշտ հիշեք, որ երբեք ուշ չէ նոր բան սկսելու համար, հատկապես երբ գիտես, որ դրանից բավականություն ես ստանալու։ Բացի այդ, օգտագործեք ցանկացած հնարավորություն ձեր սրտում ունեցած յուրաքանչյուր ցանկություն, միտք, գաղափար իրագործելու համար, և ինքներդ ստեղծեք ձեր ճանապարհը:
Անթառամ Բարսեղյան
4-րդ կուրս