Երաժշտությունը երեխայի կյանքում

Երաժշտությունը երեխայի կյանքում

369

«Դաշնամուրի դասերին հաճախելը աղջկաս մոտ զարգացրել է պատասխանատվության զգացում, սովորեցրել է ինքնուրույն լինել, ուղղել կեցվածքը»,- պատմում է 8-ամյա Մանեի մայրը և ավելացնում, որ հիմա երեխան դասերը սկսել է ինքնուրույն անել, ինքնուրույն պատասխաններ տալ թերացումների համար:

 Երեխայի մոտ երաժշտական ճաշակի զարգացման կարևորության մասին շատերն են խոսում: Դարեր առաջ, երբ ստեղծվեցին առաջին երաժշտական ուսումնական հաստատությունները, դպրոց հաճախող երեխաների մոտ, ի տարբերություն երաժշտությամբ չզբաղվող երեխաների, մտավոր ավելի մեծ կարողություններ նկատվեցին: Դրանք հետագայում մասնագետները պայմանավորեցին նրանով, որ երաժշտությունը օգնում է զարգացնել զգայարանների աշխատանքն ու մտավոր ունակությունները: Երգահան, մանկավարժ Հռիփսիմե Խրիմյանը վստահ է՝ արվեստի հետ շփումը նոր հորիզոններ է բացում երեխաների համար. զարգանում է լսողությունը, ռիթմի զգացողությունը, երգչական հմտությունները, լայնանում է մտահորիզոնը: «Նոր տեխնոլոգիաները զարգացել են, երեխաները ավելի շատ հեռախոսով են զբաղվում: Բայց որպես ուղեղի թարմացում ու զարգացում՝ շատ օգնում են երաժշտական գործիքները: Օրինակ՝ երեխան հաճախում է ջութակի կամ մեկ այլ երաժշտական գործիքի դասերի, անցնում է երգեցողություն, սոլֆեջիո, որոնք իր մեջ նոր հմտություններ են արթնացնում»,- նկատում է մանկավարժը: Երգչախմբում երգելը, ըստ նրա, երեխայի մոտ նաև խմբում միմյանց լսելու կարողություն է զարգացնում. երգչախմբում մասնակցություն ունեցող երեխան սկսում է հասկանալ, որ աշխատանքը հաջողված է, երբ իրար լսում են: «Արվեստն էլ, ընդհանուր առմամբ, սեր է արթնացնում երեխաների մոտ, ուշադրություն դեպի գեղեցիկը»:

Մասնագետները փաստում են, որ երեխաները մանկական հաղորդումներ դիտելիս պետք է հնարավորություն ունենան նաև երաժշտության միջոցով զարգանալու՝ երգելու, պարելու, շարժվելու…  Հռիփսիմե Խրիմյանի խոսքով՝ հեռուստաէկրանից այս կողմ փոքրիկ հեռուստադիտողը պետք է փորձի, օրինակ, կրկնել հաղորդավարի պարային շարժումները, երգի նրա հետ, ինչ-որ բան սովորի:

«Տարիներ առաջ, երբ ես փոքր էի, հեռուստացույցով նայում էի արդեն հաջողության հասած երեխաների, ու դա ինձ համար շատ մեծ մոտիվացիա էր: Իրենց բնույթով զվարճալի հաղորդումներ էին, բայց ավելի շատ ուսուցողական ուղերձ էին կրում»:

18-ամյա Արիանան 5 տարի կիթառի դասերի է հաճախել: Արդեն ավարտել է երաժշտական դպրոցը, բայց ամեն օր նվագում ու երգում է: «Վա՜յ, ես այնքան եմ հանգստանում նվագելիս: Մանավանդ, երբ հոգնած տուն եմ գալիս, առաջինը, ինչ անում եմ, կիթառ նվագելն է: Նաև մի քիչ երգում եմ: Էներգիաս միանգամից տեղն է գալիս»,- ժպտում է Արիանան: Արիանայի մայրը, սակայն, հիշում է՝ օրեր են եղել, երբ երաժշտական դպրոցից լացելով եկել է տուն և ասել, որ էլ չի գնալու:

«Քանի որ երբ չէր ստացվում բարդ հատվածները նվագել, նեղվում էի… Ուսուցիչը բացատրում էր, իսկ ես չէի կարողանում: Բայց լացելուց հետո միանգամից նստում էի ու ուսուցչուհուս ապացուցելու համար այնքան էի պարապում, մինչև ստացվում էր: Իսկ հիմա այնքան եմ տանջվում, մինչև չհաջողեմ… Երաժշտությունը ինձ օգնեց ձգտել ու հասնել»,- անկեղծանում  է Արիանան:

Գիտնականները հայտնաբերել են, որ 10 րոպե Մոցարտի երաժշտություն լսելը բարձրացնում է ինտելետը: Այս ամենը այն պատճառով, որ Մոցարտի երաժշտության մեջ գլխուղեղի համար օգտակար նոտաներ կան: «Երաժշտությունը կարող է ամրապնդել երեխաների առողջությունը». տարիներ առաջ ապացուցել է հայտնի հոգենյարդաբան Վլադիմիր Բեխտերևը: Նրա պնդմամբ՝ երեխայի քմահաճություններն ու նյարդայնությունը շատ ավելի լավ են բուժում մոր օրորոցայինները, քանի որ դրանք հանգստացնում ու քնեցնում են նրան, ինչի շնորհիվ սթրեսի հորմոնի մակարդակն արյան մեջ իջնում է: Երգահան, մանկավարժ Հռիփսիմե Խրիմյանը այս առիթով պատմում է. «Երբ հղի կինը, նախածննդյան շրջանում, Մոցարտ է լսում, ապա պտուղը զարգանում է այլ ձևով: Ընդհանրապես, դասական երաժշտությունն է թերապիա համարվում: Այն կրթում է, ճաշակ ձևավորում»:

Երաժշտություն, ազգային երգ ու պար առարկաներ դասավանդող ուսուցչուհի Գայանե Ղազարյանը ընդգծում է նաև ազգային երաժշտության կարևորությունը. «Անհրաժեշտ եմ համարում դեռ օրորոցից երեխային սովորեցնել լսել մաքրամաքուր երաժշտություն, որպեսզի հետագայում երեխան արժևորի հայ ազգային երաժշտությունը»,- վստահեցնում է նա: Մանկական երգահան Հռիփսիմե Խրիմյանը հավատացնում է, որ հետաքրքիր դասերը երեխայի մոտ կարթնացնեն սեր դեպի ազգային երգ ու պար: «Ուսուցիչը կարող է հետաքրքիր բեմականացումներ մտածել, ազգային մոտիվներ մտցել դասավանդման մեթոդաբանության մեջ: Երեխաները այդ դասաժամերին կարող են ազգային տարազներ կրել, ինչը կմոտիվացնի, կոգևորի նրանց. չէ՞ որ առօրյայում այդպիսի հագուստ չեն կրում»:

 «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի անդամ, ազգային պարի ուսուցչուհի Ռուզաննա Ղարաջյանն ընդգծում է՝ ազգային պարը բացառություն է: «Եթե երեխան իմանա, որ Փափուռի պարելիս հարվածը չարխափան նշանակություն ունի, մեծ հաճույքով կհարվածի գետնին ու «հե՜յ» կգոռա ու կիմանա, որ դա չար ուժերին հեռացնելու համար է: Այսինքն՝ եթե երեխային ազգայինը ներկայացնում ես բացատրելով, երեխան ուղղակի սիրահարվում է դրան»: Ուսուցչուհին կարևորում է նաև այն մեթոդները, որոնցով պետք է ծանոթացնել երեխային երգին ու պարին:  «Կարծում եմ՝ դասավանդումը ոչ միայն դպրոցում պետք է տեղի ունենա՝ դասի տեսքով, այլև տանը, բակում կամ ժամանցի վայրերում, որտեղ պետք է հնչի ազգային երգ, կազմակերպվեն տարբեր խաղեր. օրինակ՝ քարարձանը խաղան ոչ թե արտասահմանյան, այլև մեր ավանդական երգերի տակ: Մեր 9-ամյա զրուցակից Ալլան դպրոցում երգ ու պարի դասերին սիրով է հաճախում: Սիրում է ազգային քոչարին ու վերվերին, հատկապես այն ժամանակ, երբ պարողները շատ են լինում, իսկ շրջանը՝ մեծ: «Մենք դպրոցի բակում Տյառնընդառաջը նշեցինք: Վառվող կրակի շուրջ ազգային պարերով ու երգերով պտտվեցինք: Ես նման միջոցառումներ շատ եմ սիրում: Դրանց մասին, օրինակ, հեռախոսում ոչ մի խաղ չես գտնի»,- պատմում է Ալլան:

«Մենք ունենք անչափ սիրուն խաղեր, որոնք ուղեկցվում են ազգային երգերով ու պարերով: Մեր մշակութային ժառանգությունը շատ հարուստ է, ու եթե հնարավորություն ունենայի՝ երեխաների համար ազգային խաղերին ու ծեսերին վերաբերով հաղորդումներ կստեղծեի»,- ասում է Ռուզաննա Ղարաջյանը: Գայանե Ղազարյանն էլ է հավատացնում՝ փոքրերի համար արժեքներ ձևավորող հաղորդումներ են պետք թե՛ համացանցում, թե՛ հեռուստաեթերում. թեկուզ դրանք լինեն  ազգային մուլտֆիլմերի տեսքով: «Օրինակ՝ «Մենք և մեր ծեսերը» խորագրով հաղորդաշար կարելի է թողարկել, որի ընթացքում երեխաները կծանոթանան ծեսերին, հարսանեկան, թաղման արարողություններին, որ իմանան՝ եղել են նաև սգո պարեր ու երգեր»…

8-ամյա Մանեի մայրը հուսով է, որ երեխան մի քանի տարի հետո կկարողանա նաև հայկական երաժշտություն նվագել: «Հիմա միայն արտասահմանյան կոմպոզիտորների թեթև գործերն է նվագում: Շատ կուզեմ՝ մի օր, օրինակ, Կոմիտաս նվագի»:  

Օֆելյա Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել