Մեզ՝ սյունեցիներիս համար Տաթևը 8-րդ հրաշալիքն է…

Մեզ՝ սյունեցիներիս համար Տաթևը 8-րդ հրաշալիքն է…

106

«Տաթև եկած ցանկացած մարդու հետաքրքում է, թե որտեղից է ծագել անունը։ Շատերը համացանցից կամ որոշ գրքերից փորձում են տեղեկատվություն ստանալ, սակայն այն ավելի պատկերավոր է լինում, երբ տեղի բնակիչն է ներկայացնում»,- նշեց Տաթև համայնքի բնակիչ Իզա Ասծատրյանը։

Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական հաստատություն՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում, այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի աջափնյա եզերքին: Այն հիմնադրվել է 4-րդ դարում։ Միջնադարում և նոր ժամանակներում Տաթևի պարսպապատ վանքը ու նրան կից նորաբաց Տաթևի անապատը ունեցել են կարևոր ռազմավարական նշանակություն։ 12-րդ դարի Սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136թ.-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1722-30 թվականներին Տաթևը եղել է Սյունիքի ազատագրական պայքարի, 1919-21 թվականներին՝ Զանգեզուրի ինքնապաշտպանության կարևոր օջախներից մեկը։ Բազում փորձություններ է տեսել վանքը, բայց մինչև օրս մնացել է կանգուն։ Տարիների ընթացքում ձեռք է բերել էլ ավելի հայտնիություն։

«Տաթև անունը շատ տարածված է, տաթևեցիներից շատերն էլ իրենց աղջիկներին հենց այդ անունով են կնքում։ Կարծում եմ, դա կապված է իրենց բնակավայրին նվիրված լինելու հետ։ Մեզ՝ սյունեցիներիս համար Տաթևը 8-րդ հրաշալիքն է»,- ասաց Իզան։

Տաթևի վանքի անվան հետ կա երկու տարբերակ, առաջինը՝ «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թևեր» արտահայտությունից։ Երկրորդ տարբերակի համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների հետևում պահպանվել են եկեղեցու ավերակները, որոնք հեռու չեն Տաթևի վանքից։

Իզայի խոսքով՝ շատերն են երազում կյանքում գոնե մեկ անգամ լինել Տաթևում։

«Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում մեզ մոտ։ Ճոպանուղին ևս նպաստել է դրան։ Եթե ամռանը որոշենք ճոպանուղի նստել, մի փոքր դժվար կլինի, որովհետև տոմսերը նախապես գնում են օնլայն տարբերակով»,- վերջում ավելացրեց Իզան։         

2010 թվականին շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար հետադարձելի՝ ՏաԹևեր ճոպանուղին (5.7 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։

Հասմիկ Գյոզալյան

5-րդ կուրս

Կիսվել