Երեւանում շարունակվում են լուսավորության արդիականացման աշխատանքները

Երեւանում շարունակվում են լուսավորության արդիականացման աշխատանքները

186

Երեւան քաղաքում լուսավորության արդիականացման ծրագրերը շարունակվում են: Ծրագրերը ակտիվ կերպով սկսել են իրականացվել 2023 թվականից: Այդ տարում տեղադրվել են ռեկորդային թվով (11,153) նոր LED տեսակի լուսատուներ:  Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նաեւ ունեցել են մեծ հաջողություններ  հաղորդալարերը գետնի տակ անցկացնելու գործընթացում.

«Տվյալ գործընթացն արդեն ավարտված է Ամիրյան, Աճարյան փողոցի վերեւի հատվածում: Շարունակությունը կլինի Միասնիկյան պողոտայում, իսկ այս պահին աշխատանքներ են տարվում Թումանյան, Վարդանանց, Խորենացի փողոցներում: Անդրանիկ Թեւոսյանը նշեց, որ ունեն  հաջողություն նաեւ հեռակառավարման համակարգի պիլոտային տեստավորման արդյունքում:

Նրա խոսքով` իրենց նպատակն է փոխարինել քաղաքի բոլոր հին նատրիումային լույսերը նոր LED տեսակի լուսատուներով, որպեսզի կարողանան գեներացնել խնայողություն:

«Նոր լուսատուների տեղադրման ժամանակ հին հաղորդալարերը փոխվում են նոր մալուխներով: Ցանցը պետք է արդիականացնել, քանի որ հին հաղորդալարերը չեն կարող ապահովել նոր լուսատուների ապահով աշխատանքը: Թեքված կամ անմխիթար վիճակում գտնվող հենասյուները եւս փոխվում են»,- հավելեց պարոն Թեւոսյանը: Անդրանիկ Թեւոսյանը կարեւորեց  նշել նաեւ, որ այս ծրագրերը միանշանակ կրելու են շարունակական բնույթ, քանի որ իրենց նպատակն է ունենալ ամբողջությամբ «լեդավորված» քաղաք: Այն հարցին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ քաղաքում նախատեսվող փոփոխությունները իրականացնելու համար, պարոն Թեւոսյանը պատասխանեց, որ իրենց գերնպատակն է 3 տարում փոխել քաղաքի ամբողջ լուսավորությունը եւ տեղադրել 10.000-12.000 նոր լուսատուներ: Պարոն Թեւոսյանը ներկայացրեց նաեւ  Լուսատուների արդիականացման ընթացքում առաջացող դժվարությունները.

«Դժվարությունները կայանում են նրանում, որ շատ տեղերում ցանցը անհասանելի է, շատ ժամանակ խնդիրներ կարող են լինել նաեւ եղանակային վատ պայմանների պատճառով: Աշխատանքների ընթացքում նաեւ փոփոխվում կամ հանվում են ժողովրդին եւ աշխատող թիմին խանգարող հենասյուները»:

Դիտարկվում է նաեւ խելացի լուսատուների տեղադրման հարցը: Այս մասով Անդրանիկ Թեւոսյանը նշեց, որ մրցույթն արդեն տեղադրված է, եւ մի քանի շաբաթ անց մրցույթի հայտերը կբացվեն: Դրանք կտեղադրվեն Բաղրամյան, Կասյան եւ Կոմիտաս փողոցների հատվածում եւ ավտոմատ կերպով կաշխատեն  հեռակառավարման համակարգի հետ:   Խելացի լուսատուների տեղադրման դեպքում ամեն մեկի մասին բավականին հեշտ կերպով կարող են տեղեկություն իմանալ: Հեռակառավարման համակարգի միջոցով կարող են իմանալ, թե որքան է ծախսում լուսատուն,  ունի արդյոք խնդիր եւ այլ հարցեր: Հնարավոր է լինելու նաեւ կառավարել առանձին լուսատուի լուսատվությունը, ուժեղացնել կամ թուլացնել նրա լույսը:

Անդրանիկ Թեւոսյանը մանրամասն ներկայացրեց նաեւ հեռակառավարման համակարգի առավելությունների մասին եւ նշեց, որ  հիմա Նուբարաշենում այս համակարգը գործում է, այն կարգավորվում է ավտոմատ, մարդկային գործոնը գրեթե բացակայում է, լույսերը միանում եւ անջատվում են նշված ժամին, առանց որեւէ միջամտության: Նույնիսկ եթե համակարգը խնդիր ունենա, լուսատուներն ավտոմատ կերպով աշխատելու են, եւ հավելեց, որ դա իսկապես մեծ առավելություն է: Այժմ  խնդիր է դրված, որ այս համակարգը այլ վարչական շրջաններում եւս կիրառվի: Ամփոփելով լուսատուների արդիականացման թեման՝ Անդրանիկ Թեւոսյանը նշեց, որ սրանք բավականին մեծ եւ լուրջ ծրագրեր են, որոնք ընթանում են մեծ հաջողությամբ, եւ սրանք բարեհաջող ավարտին հասցնելուց հետո աշխատանքներ կտարվեն նոր ծրագրերի ստեղծման եւ իրականացման գործում:

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել