Մասիս քաղաքի հարակից մի շարք գյուղերում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ...

Մասիս քաղաքի հարակից մի շարք գյուղերում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ անլուծելի

291

Խմելու ջրի բացակայությունն արդեն երկար տարիներ շարունակում է անլուծելի խնդիր  մնալ Մասիս քաղաքի հարակից մի քանի գյուղերի (Արեւաբույր, Ջրահովիտ եւ այլ գյուղեր), ինչպես նաեւ Խալբերդ, Այնթափ եւ մի քանի այլ համայնքների համար: Արևաբույր համայնքի բնակիչ Նարինե Մարտիրոսյանը  պատմում է, որ արդեն տևական ժամանակ՝ տասը տարուց ավելի, գյուղում չկա խմելու ջուր։ Մեզ  հետ զրույցում Նարինեն նշեց, որ գյուղի բնակիչները խմելու ջուր բերելու համար ստիպված են լինում հասնել հարակից գյուղեր, ինչը ոչ բոլորին է հարմար, քանի որ կան ընտանիքներ, ովքեր չունեն մեքենաներ։ «Հիմա գյուղի ջրերը կիսաարտեզյան են, ինչը վտանգավոր է առաջին հերթին առողջության համար»,- նշեց Նարինեն։

Կիսաարտեզյան ջրերը պարունակում են մեծ քանակությամբ աղեր, որոնք պատճառ են  հանդիսանում  բնակիչների գույքի  քայքայմանը։

                                 Լուսանկարները տրամադրեց Նարինեն

Մեկ այլ, ավելի վտանգավոր դեպքի մասին խոսեց Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Ալինա Լալայանը, ով իր խոսքով մոտ հինգ  տարի առաջ  կիսաարտեզյան ջրի պատճառով  թունավորվել է։ «Երեք-չորս հիվանդանոցում եմ եղել։ Բացի ինձնից ևս հինգ հոգի  թունավորվել են այդ օրը»,- պատմեց Ալինան:

Դեպքի մեծ աղմուկից հետո ջրի որակը բարելավվել է, նշում են բնակիչները, սակայն այն դեռ շարունակում է մնալ խմելու համար ոչ պիտանի։

Մասիսի համայնքապետարանին ուղղված մեր դիմումին ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ մարզի շատ համայնքներում, օրինակ՝ Սայաթ-Նովա, Նիզամի, Սիփանիկ, Ռանչպար և այլ համայնքներում, ստեղծման օրից չկա խմելու ջուր, և փոխարենը օգտագործվում են կիսաարտեզյան կամ արտեզյան ջրեր։


Համայնքապետարանից տեղեկացանք նաեւ որ 2022թ․ հետո բանակցային աշխատանքներ են տարվում համայնքների և «Վեոլիա ջուր» ՓԲԸ միջեւ: Խնդիրը դեռեւս շարունակում է անհանգստություն պատճառել բնակիչներին, եւ, փաստացի,  այս պահին այն  լուծելու համար  որեւէ հստակ  քայլ չի արվում:

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել