Հայաստանում կներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը

Հայաստանում կներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը

184

Նախատեսվում է Հայաստանում ներդնել ծրագիր, որի նպատակն է  բարելավել թափոնների մշակումը և կառավարումը։ Ըստ ծրագրի՝ արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է վճարի բնապահպանական հարկ, որի շնորհիվ ստեղծվելու է կառույց, որը կհավաքագրի թափոնը և կվերամշակի:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի խոսքով այս համակարգը գործում է մի քանի երկրներում և բավական հաջողված է: Նա նշեց՝  նախատեսվում է ներդնել ծրագիր, որի նպատակը կլինի թափոնների կառավարումը: Նրա խոսքով, այս ծրագիրը եւրոպական շատ երկրներում մեծ հաջողությունների է հասել, եւ դա էլ իր հերթին նպաստել է  ծրագիրը Հայաստան բերելու ցանկությանը: Լուսինե Ավետիսյանը հավելեց, որ արտադրողը եւ ներմուծողը պետք է պատասխանատվություն կրեն ապրանքի ողջ ցիկլի համար.  թափոն դառնալուց հետո եւս պատասխանատվություն են կրելու: Խոսքը վերաբերում է ոչ բոլոր թափոններին: Հիմնականում դրանք փաթեթավորումներն են, տարբեր տեսակի տարաները, մարտկոցները, անվադողերը եւ այլն: Թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշեց, որ սա  քառամյա ծրագիր է՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող: Ծրագիրը իրականացնում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ծրագրի նպատակն է աջակցություն տրամադրել շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներդնելու տվյալ համակարգը: Ալպետյանի խոսքով նրանք օժանդակելու են ստեղծել հարթակ, որտեղ արտադրողները կկարողանան գրանցվել եւ կատարել իրենց պարտավորությունները՝ հաշվետու լինելով պետությանը: «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանը  շարունակեց  խոսել ծրագրի կարեւորության մասին եւ նշեց, որ այս ծրագրի գլխավոր նպատակը թափոնների հավաքագրումն ու վերամշակումն է: Նա հավելեց, որ ՀՀ-ում գործող միջազգային կառույցները ավելի հեշտ կինտեգրվեն ծրագրին, քան տեղական ընկերությունները, ովքեր դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: Էլինա Մարգարյանի խոսքով, պետք է ընդօրինակել միջազգային փորձը, որպեսզի շատ ավելի հեշտ լինի հաղթահարել այս անցումային շրջանը:

Ծրագիրը դեռ սկզբում նախատեսվում է իրականցնել  փոքր բնակավայրերում: Այժմ մասնագետները մտածում են այն Հրազդան քաղաքում անցկացնելու մասին: Դրական ցուցանիշի առկայության դեպքում ծրագիրը կիրականացվի ավելի խոշոր համայնքներում: Ըստ ծրագրի՝ արտադրող կամ ներմուծողը ընկերությունը պետք է վճարի բնապահպանական հարկ, որի շնորհիվ ստեղծվելու է կառույց, որն էլ կիրագործի ծրագրի գլխավոր նպատակը՝ թափոնների հավաքագրումը եւ մշակումը:

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել