ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կայացավ «Վաչագան Մանուկյան» կրթամրցանակի հանձնման արարողությունը

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կայացավ «Վաչագան Մանուկյան» կրթամրցանակի հանձնման արարողությունը

493

Ապրիլի 10-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ամփոփվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված կրթամրցանակի արդյունքները։

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, հիշելով Վաչագան Մանուկյանի հերոսական կերպարը, նշեց, որ լիահույս է՝ կրթամրցանակներ կլինեն նաև ի պատիվ ֆակուլտետի մյուս ազատամարտիկ ուսանողների:

Միջոցառմանը ներկա էր «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, ով Վաչագան Մնուկյանին հետմահու շնորհեց «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալը:

Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ ունեցան Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները:

«Պետք էր փարատել պատերազմի թողած վիշտը, շաղկապել հերոսների անունները կրթության ու գիտության հետ, զարգանալ, գրանցել նոր հաջողություններ և նոր հաղթանակներ: Հենց այս նպատակով էլ սկիզբ դրեցինք այս նախաձեռնությանը՝ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք» կարգախոսով»,-ասաց «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:

Ժյուրիի նախագահ, Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 ուսանող, առաջին մրցանակին արժանացել են Ժաննա Բեքիրյանը, Արեն Նազարյանը եւ Անուշ Մկրտչյանը, երկրորդ մրցանակակիրներն են ՝ Քնարիկ Վարդանյանն ու Միքայել Սարգսյանը, իսկ երրորդ մրցանակին են արժանացել Գայանե Ասոյանը եւ Էդուարդ Պողոսյանը:

Կիսվել