Երեխաների մասնակցությամբ հրապարակումներ․ ազդեցությունն ու հետևանքները․ զրույց հոգեբանի հետ

Երեխաների մասնակցությամբ հրապարակումներ․ ազդեցությունն ու հետևանքները․ զրույց հոգեբանի հետ

206

Չնայած այն փաստին, որ Հայաստանը վաղուց միացել է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, այնուամենայնիվ, երեխաների հիմնարար շահերից բխող մի շարք սկզբունքների խախտումների պակաս չի զգացվում հայաստանյան լրատվամիջոցներում։ Խախտվում է նրանց անձնական կյանքի և տվյալների գաղտնիությունը, ոտնահարվում է երեխաների սոցիալ-հոգեբանական բարեկեցության, պատվի ու հեղինակության հանդեպ հարգանքը: Եվ չնայած առկա լուրջ խախտումներին, հաճախ  դրանք  թույլ տված ԶԼՄ-ները պատասխանատվության չեն ենթարկվում:

ԶԼՄ-ներում երեխաների վերաբերյալ հրապարակումներին և հաղորդումների վերաբերյալ զրուցել ենք մանակական հոգեբան Քնարիկ Ղազարյանի հետ, պարզելու, թե դրանցում ի՞նչ խախտումներ կան, ինչպե՞ս պետք է լուսանբանվեն այդ թեմաները, և ի վերջո ի՞նչ հետևանքներ են դրանք ունենում ներգրավված երեխաների վրա, և ինչու ոչ, նաև դիտողների։

«Որպես հոգեբան, իհարկե կցանկայի, որ երեխաների մասնակցությամբ հաղորդումները լիներ բնական՝ թեկուզ հենց խաղային միջավայրում, որտեղ էլ երեխան կներգրավեր պրոցեսին։ Սակայն, այնուամենայնիվ, երեխայի շահերից բխում է, որ երեխային չտեսանկարահանեն։ Պետք է այնպես նկարել, որպեսզի հետագայում երեխան չբախվի խնդիրների: Բացի այդ, երեխայի մասնակցությամբ նկարահանումը պետք է իրականացնել բացառապես ծնողի թույլտվությամբ»,- նշում է հոգեբանը։

Սակայն մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հենց ծնողն է նախաձեռնում երեխայի նկարահանումը, և հիմանակնում այսպիսի դեպքերի ետևում կանգնած են սոցիալապես անապահով ընտանիքները, ովքեր երեխայի միջոցով ցանկանում են օգնություն ստանալ հանրությունից։

 «Սոցիալապես անապահով երեխաների մասնակցությամբ հաղորդումները  բավականին պահանջված են հասարակության կողմից։ Այն, որ հաղորդումները ունեն դրական, բարի ու օգնել ցանականլու միտում, պարզ է, սակայն պետք է  նշեմ մի քանի կետեր, որոնք սովորաբար բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեվիճակի վրա։ Տեսանյութերում հաճախ երեխային կամ իր ընտանիքին ներկայացնում են որպես խեղճ ընտանիքի, ավելի ծանրացրած ներկայացնում  նրանց վիճակը, քան իրաանում կա։  Երեխայի դեմքին չես կարող տեսնել մանական ուրախություն կամ հպարտություն, փոխարենը՝ «ավելի շատ օգնենք ինձ, ես անկարող եմ» արտահայությունն է։ Ցավոք, շատ հաճախ նաև  բացակայում են էմոցիանները։

Ես միանշանակ կարեկցում են նման ընտանիքներին, սակայն կցանկանայի ավելի շատ հաղորդումները միտված լինեին այնպիսի ծրագրերի բարձրացմանը, որոնք կօգնեին ընտանիքին ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից։  Հակառակ դեպքում,  երեխան մեծանում է՝ հետագայում անընդհատ ինչ-որ մեկից սպաելով օգնության։ Նրա մոտ ձևավորվում է «հիմա կլացեմ, խեղճի կերպար կընդունեմ և ինձ կօգնեն» հոգեբանությունը»։

Հոգեբանի խոսքով, այս ամենին առավել վատ ազդեցություն է գումարվում, երբ հաղորդումներում կամ լրատվական ծրագրերում, նյութը առավել տպավորիչ դարձնելու համար, այն, այսպես ասած, համեմվում է բեմադրված կադրերով։

«Բեմականացված կադրերի առկայության դեպքում նախ և առաջ հստակ երևում է, որ երեխան իր դերում չէ։ Բնական է, որ այն ազդում է երեխայի հուզական վիճակի վրա, ունենում է կաշկանդվածություն, ամաչում է։

Առհասարակ, շատ հաճախ երեխայի համար դժվար է տեսախցիկի առաջ խոսել կամ ասել այն, ինչը հուզականորեն կազդի երեխայի հոգեվիճակի վրա, մանավանդ, երբ շեշտը դրված է խղճահարություն առաջացնելու, հասարության խղճի վրա ազդելու վրա։ Դրա փոխարեն կարելի ներկայացնել երեխայի ուժեղ, դրական կողմերը։

Մի բացասական կետ էլ եմ նկատել. դա «մենք գումար չունենք, որ գնամ իմ ուզած տեղը…» արտահայությունն է։ Ցավոք, երևում է, որ տեքստը անգիր արված է, իրենը չէ։ Դրա փոխարեն պետք է երեխային հնարավորություն տալ պատմել իր երազանքի մասին»։

Քնարիկ Ղազարյանի խոսքով, այս ամենը իր հետքը այնուամենայնիվ թողնելու է երեխայի հետագա կյանքի, աշխարհընկալման ու ձևավորման վրա, սակայն կան ավելի մեծ վտանգ պարունակող հրապարակումներ։

Խոսելով ԶԼՄ-ներում հաճախ տարածում գտնող՝ երեխաների մասնակցությամբ բռնության դեպքերի լուսաբանման մասին, հոգեբանը նշում է, որ այսպիսի դեպքերի լուսաբանում ոչ միայն վատ ազդեցություն է ունենում այն երեխայի հոգեբանության վրա ում մասնակցությունը կա, այլև նրանց, ովքեր դիտում են այդ ամենը, իսկ վերահսկել, որ երեխան այդպիսի տեսանյութեր չտեսնի, ոչ բոլորի մոտ է ստացվում։ 

«Ես դեմ եմ, որ նմատիպ դեպքերը տարածում գտնեն։ Ցավոք, շատ հաճախ տրածվում են բռնության մասին նյութեր,  որոնցում անգամ հաշվի չեն առնվում տուժող կողմի շահերը։ Այդ բովանդակությամբ անգամ ամենահասարակ նյութը կարդալիս մեզ մոտ առաջանում է լարվածություն, սթրես, պատկերացնո՞ւմ եք երեխաների վրա ինչպես կարող է անդրադառնալ։

Կան համապատասխան մարմիններ, որոնք պետք է զբաղվեն նման հարցերով։ Նման թեմաներով նյութեր տարածելու դեպքում պետք է հաշվի  առնել, որ այդ տեսանյութերը կարող են դիտել երեխանները, դեռահասները, որոնց հոգեբանության վրա բացասական ազդեցություն կթողնի։ Նկատելի կլինեն վախ, տագնապներ, լարվածություն, շփման դժվարություն։ Վերջերս  ինձ այցելած մի դեռահասի մոտ նկատելի էին նմատիպ տագնապներ, որոնք առաջացել էին բռնության տեսանյութի դիտելուց հետո։ Դեռահասը բավականին դյուրագրգիռ էր, վախեցած, նկատվում էին էմիոցիոնալ խնդիրներ և այլն։ Իհարկե, երեխայի հետ կարելի է խոսել նմանատիպ նյութերի մասին, որպես տեղեկատվություն, որպեսզի նյութը ճիշտ ընկալի, հաշվի առնելով երեխայի տարիքը, առաձնահատկությունը, էմոցիոնալ վիճակը, և արդյոք պատրաստ է երեխան նման խոսակցություների»։

Հարցին, թե՝ որ հաղորդումները կամ լրատվական նյութերն են երեխաների ներկայացման օրինակելի ձևերից,  Քնարիկ Ղազարյանը պատասխանեց․

«Հաղորդումների մեջ մի բացասական կողմ էլ  պետք է նշեմ, որ շատ մանկական ձայնով են խոսում հաղորդավարները, ինչը ճիշտ չէ։

Իսկ լավ օրինակներից են դիցուք՝ «Մեծ Փոքրիկներ», «Հազար ու մի հարց» և այլ հաղորդաշարերը։  Այս հաղորդումները ավելի շատ օգնում են երեխային հաղթահարել իր բարդույթները, վստահել իր սեփական ուժերին, և հասկանալ, որ այն ինչին ցանկանում է հասնել, կարող է միայն համառ պայքարի արդյունքում։ Ի միջայլոց, պետք է նաև նշել, որ վերը նշված այս կամ այն հաղորդումները, կամ լրատվական նյութերը կարող են ունենալ իրենց դրական կողմը, իհարկե եթե խոսքով բռնության դեպքերի լուսաբանումները չեն։ Դրանց նպատակներից է նաև օգնել մարդկանց, երեխաններին՝ դուրս գալ դժվար իրավիճակից, որի դեպքում երեխան ակնկալում է օգնություն։ Իսկ այս  հաղորդումները ավելի շատ ստեղծում են իրավիճակներ, որ երեխան դուրս գա, պայքարի իր նպատակի համար։ Նշված հաղորդումներում երեխաները փորձում են լավ ներկայանալ, իսկ հեռուսատացույցից այն կողմ գտնվող երեխաները տեսնում են նրանց որպես օրինակ և ուզում նմանվել այն մասնակցին, ով ուժեղ է, խելացի, համառ։ Երեխանների համար սա նաև գիտելիքներ ստանալու միջոց է, և որոշակի չափով ապահովվում  երեխայի որակյալ հաղորդումներ դիտելու հավանականությունը, ինչի առումով ծնողը ավելի հանգիստ է լինում»,- եզրափակեց Ղազարյանը։

Հարցազրույցը՝ Մանուշակ Մելքոնյանի

4-րդ կուրս

Կիսվել