Ավարտական աշխատանքը՝ մասնագիտական հասունության վկայական

Ավարտական աշխատանքը՝ մասնագիտական հասունության վկայական

592

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդվող «Գիտահետազոտական աշխատանքի տեխնոլոգիա» դասընթացի առանձնահատկությունների, ավարտական աշխատանքների պաշտպանությանն առնչվող խնդիրների  մասին զրուցել ենք  Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի հետ:

Պարոն Պետրոսյան, ֆակուլտետում Դուք վարում եք «Գիտահետազոտական աշխատանքի տեխնոլոգիա» դասընթացը: Կխնդրեի՝ մի քանի խոսքով ներկայացնեիք այն:

-Դասընթացը նախատեսված է բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների համար: Նպատակն է փոխանցել նրանց  ավարտական աշխատանքին առնչվող տեսական և գործնական  գիտելիքները, ճիշտ պատկերացում տալ կառուցվածքի, մեթոդական ուղղությունների մասին, բացահայտել ուսանողների վերլուծական կարողությունները, սովորեցնել նյութի գիտական մատուցման հմտությունները և այլն: Դասընթացի սկզբին՝ սեպտեմբերին,  ամբիոննները հաստատում են  ավարտականի թեման,  ղեկավարին, ինչը կոնկրետացնում ու որոշակիացնում է մեր անելիքները:

-Հատկապես ի՞նչը նկատի ունեք:

-Միանգամից  «անցնում ենք գործի»: Առկա է թեման, որն ուսանողն ընտրել է՝ ելնելով իր նախասիրություններից: Ամբիոնը հետևում է ղեկավարի հետ նրա աշխատանքների ընթացքին: Իմ խնդիրն է մատուցել  գիտահետազոտական աշխատանքի տեխնոլոգիայի նրբությունները, իսկ մեկ-երկու ամիս  հետո հետևել, թե  ուսանողը գործնական պարապմունքների ժամանակ  ինչպես է հիմնավորում   սեփական հետազոտությունները տեսական գիտելիքների  հիմքի վրա:  

-Դասերի ժամանակ ավարտական աշխատանքի հատկապես ո՞ր հատվածների վրա եք կենտրոնանում:

-Ընդհանրապես՝ բոլոր, այնուհանդերձ առաջնահերթ են «Ներածություն» և «Եզրակացություններ» բաժինների հստակ ու համակողմանի մատուցման շուրջ քննարկումները: Առաջինի դեպքում  հիմնավորվում են ավարտական աշխատանքի արդիականությունն ու կարևորությունը, նորույթը, նպատակի, խնդիրների ճիշտ ձևակերպումները, որոնք հետագայում  հնարավորություն կտան հանձնաժողովին պատկերացում կազմելու ուսանողի պատրաստվածության մասին: Իսկ «Եզրակացություններն» այն կարևոր հատվածն է, որտեղ   ուսանողը պետք է ի մի բերի և առանձին կետերով ներկայացնի իր կատարած աշխատանքի  գլխավոր   արդյունքները, հարկ եղած դեպքում հանդես գա  նաև առաջարկություններով: Վերջիններիս հանդեպ հանձնաժողովի անդամների վերաբերմունքն  առանձնահատուկ է, քանի որ ուսանող հետազոտողի կերպարը, նրա ինքնուրույն մոտեցումները այստեղ ավարտուն տեսք են ստանում:

-Տեսական հատվածն ունի  գլուխներ, ենթագլուխներ…

-Այո, բուն հետազոտական աշխատանքը ուսանողն իրականացնում է  այս էջերում, որտեղ հիմնական ասելիքն իրենն է՝ ղեկավարի հետ նախնական քննարկումներից հետո: Մինչև հետազոտությունը նա իր ձեռքի տակ պիտի ունենա սկզբնաղբյուրները, տեսական գրականությունը, կոնսպեկտավորի անհրաժեշտ նյութերը: Հստակ պիտի լինեն առաջադրված խնդիրները, շարադրանքի պլանը, որոնց այնուհետև հաջորդում են սեփական հետազոտական կարողությունների բացահայտման դժվարին, բայց և հաճելի գործընթացը:

-Մեր ֆակուլտետում ավարտական աշխատանքներն առանձնանում են նաև նրանով,   որ ունեն գործնական բաժին, առանց որի աշխատանքը չի կարող ներկայացվել պաշտպանության:

-Ճիշտ եք, նկատի ունենալով մեր մասնագիտության մեջ գործնականի  կարևորությունը՝   ուսանողից պահանջում ենք պաշտպանությանը ներկայացնել տվյալ ուսումնական տարվա ընթացքում տարբեր կայքերում (այդ թվում նաև՝ journalist.am-ում)   նրա հրապարակած նյութերը (ռադիոհեռուստատեսային,  տպագիր և առցանց հրապարակումներ): Այդ կերպ հնարավորություն ենք ունենում ականատես լինելու ուսանողի մասնագիտական հասունությանը, տեսնելու,  թե ինչ ձեռքբերումների է հասել անցած չորս տարիներին, ամրագրելու հաջողությունները, նաև կանգ առնելու չարվածի ու թերացումների վրա՝ հետագայում դրանք  շտկելու համար:

-Դասընթացի ավարտից հետո էլ շարունակվում են Ձեր անմիջական շփումները ավարտականի ուսանողների հետ:  Դուք պատրաստակամորեն կիսվում եք նրանց հետ Ձեր գրավոր ու բանավոր  խորհուրդներով:

-Դա անհրաժեշտ է և՛ մարդկայնորեն, և՛ ի պաշտոնե: Եվ երկրորդ, աշխատանքների պաշտպանությունը սովորաբար  տեղի է ունենում  մայիսին, իսկ մինչ այդ ավարտականների տեսական ու գործնական բաժիններում ծագող խնդիրները  քիչ չեն: Ուստի բնական է մինչև վերջին օրը ինչպես ֆակուլտետի ղեկավարության, այնպես էլ դասախոս ղեկավարների ներկայությունը իրենց սաների կողքին: Չանտեսենք նաև հոգեբանորեն աջակցելու իրողությունը, որի կարիքը նրանք շատ ունեն  այդ օրերին…

Նման պայմաններում բարձր արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս: Այդպես եղել է նախորդ տարիներին, հուսով եմ՝ այդպես կլինի նաև այս տարի:  Հաջողություններ եմ մաղթում մեր ուսանողներին:

-Շնորհակալություն:

Հարցազրույցը՝ Ռուբինա Բրուտյանի

4-րդ կուրս

Կիսվել