«Հեռուստատեսությունը չի փոխվում, պարզապես հեռուստատեսություն նայելու ձևն ու տեխնոլոգիաներն են այլ». Նարեկ...

«Հեռուստատեսությունը չի փոխվում, պարզապես հեռուստատեսություն նայելու ձևն ու տեխնոլոգիաներն են այլ». Նարեկ Նիկողոսյան

537

Հայկական հեռուստաընկերությունները, ելնելով հասարակության պահանջից, «սովորական» հեռուստաալիքներից աստիճանաբար անցում են կատարում մասնագիտացված հեռուստաալիքների: Մասնագիտացված ալիքները ոչ միայն սպասարկում են խորքային լսարաններին, այլև ծառայում են որպես հարթակներ եզակի թեմաների ուսումնասիրության համար:
Հայաստանում մասնագիտացված ալիք ստեղծողներից մեկը ABN MEDIA․Armenian Business News լրատվականի տնօրեն Նարեկ Նիկողոսյանն է: Վերջինիս հետ զրուցել ենք մասնագիտացված հեռուստաալիք ստեղծելու, գովազդի և գովազդատուների հետ աշխատելու, մարտահրավերների և հեռանկարների մասին:

-Ինչու՞ որոշեցիք հենց մասնագիտացված հեռուստաալիք ստեղծել:
-Քանի որ նախկինում աշխատել եմ որպես Armnews լրատվական հեռուստաընկերության տնօրեն, ուստի աշխատանքի բերումով ես ամեն օր ուսումնասիրում էի հեռուստատեսային վարկանիշերը: Ուշադրությունս միշտ գրավում էր այն հանգամանքը, որ քաղաքական լուրերից հետո, ամենամեծ դիտողականությունը ունեին բիզնես լուրերը: Սա ինձ հուշեց, որ Հայաստանում բիզնեսի մասին լրատվական հեռուստաընկերությունը հնարավոր է մեծ լսարան ունենա:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մասնագիտացված հեռուստաալիքի առավելությունը:
-Կաբելային ցանցերը հնարավորություն են տալիս մարդուն ընտրել այն հեռուստաալիքները կամ այն մեդիակոնտենտը, որի կարիքը տվյալ պահին ունի հեռուստադիտողը. դա կարող է լինել երաժշտական ալիք, խոհարարական կամ ֆիլմերի ալիք: Նույնն էլ բիզնես ալիքի դեպքում է: Երբ գիտես՝ լսարանդ հստակ քեզնից ինչ է սպասում, այդ դեպքում առավել հեշտ է բավարարել նրա կարիքները:

-Ինչպիսի՞ն են Հայաստանում մասնագիտացված հեռուստաալիքների հեռանկարը:
-Հեռուստատեսությունը փոխվում է. հիմա նորաձև է ասել՝ ես հեռուստացույց չեմ դիտում. հեռուստատեսությունը չի փոխվում, պարզապես հեռուստատեսություն նայելու ձևն ու տեխնոլոգիաներն են այլ:
Կարծում եմ՝ Հայաստանում ամենադիտված կաբելային հեռուստաալիքները հումորային և երաժշտական ալիքներն են: Ամենադիտվածների թվում են նաև լրատվական ալիքները: Այնպես որ, ավելի մշուշոտ են բազմաբովանդակ հեռուստաալիքների ճակատագրերը. մասնագիտական մեդիան, իմ կարծիքով, միայն զարգանում է: Նախկինում տեխնոլոգիաները թույլ չէին տալիս այդքան տարբեր մասնագիտական ալիքներ ստեղծել, իսկ այսօր այն արդեն իրականություն է: Այժմ լսարանն ինքն է ընտրում, թե որ ժամին, որ թեմայով, ինչպիսի կոնտենտ ստանա:

-Կնշե՞ք՝ ինչ գործոններ են նպաստում Հայաստանում մասնագիտացված հեռուստաալիքների դիտելիությանը, և ինչո՞վ են դրանք տարբերվում հիմնական հեռուստաալիքներից:

-Հայկական հեռուստատեսությունների լսարանը այսօր մի քիչ տարբեր է, ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները ավանդաբար դիտում են բազմաժանր մեդիաբովանդակություն ունեցող հեռուստաալիքներ, իսկ համեմատաբար երիտասարդները, եթե դիտում են, ընտրում են մասնագիտականները: Եթե հեռուստաալիքը կարողանում է համապատասխանել նոր մարտահրավերներին, անկախ նրանից, թե որ երկրում է, նա կարող է զարգանալ՝ լինի դա հեռուստատեսությամբ հեռարձակվելով, յութուբով կամ այլ սոցիալական ցանցերով: Հայ լսարանը դեռ որոնման փուլում է, ու եթե մեդիան կարողանա ճիշտ «դիրքավորվել», կունենա նաև մեծ լսարան:

-Հայաստանում հեռուստադիտողները գերադասում են մասնագիտացված բովանդակություն դիտել հեռուստատեսությա՞մբ, թե՞ իրենց սմարթֆոններով/պլանշետներով: Որո՞նք են այս նախապատվության պատճառները:
-Նոր ժամանակների հետ փոխվում է նաև հեռուստացույց դիտելու ձևաչափը: Մինչև համացանցը, հեռուստատեսությունը այլ ընկալում ուներ, այսօր այն ակտիվ լսարանի համար կա՛մ անջատված է, կա՛մ անձայն միացված՝ որպես ֆոն:
Այսօր հեռուստատեսությունը ավելին է, քան հեռուստացույցով երևացող ալիքը: Պրոֆեսիոնալ հեռուստատեսություն նշանակում է բարձրորակ մեդիա կոնտենտի ստեղծում: Եվ բացարձակ էական չէ, թե տվյալ կոնտենտը մարդը սպառում է հեռուստացույցով, կայքով թե սոց.ցանցերում:

-Արդյոք մասնագիտացված հեռուստաալիքների բաժանորդագրությունները Հայաստանում հանրաճանաչություն են ձեռք բերում, թե՞ հեռուստադիտողները նախընտրում են բովանդակություն մուտք գործել ուղիղ հոսքային հարթակների կամ այլ միջոցների միջոցով:
-Բաժանորդագրման ձևաչափով մեդիայից օգտվելը կուլտուրա է, որը Հայաստանում դեռ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, զարգացած չէ: Ինչու՞ վճարել, եթե կարող ես անվճար օգտվել: Իհարկե միշտ էլ կլինեն մարդիկ, ում ավելի հարմար է անվճար տարբերակը, սակայն կամաց-կամաց ավելի կշատանան մարդիկ, որոնք պատրաստ կլինեն վճարել՝ որակյալ մեդիակոնտենտ ստանալու համար:
Շուկայի փոքրության պատճառով մեր համար դեռ վաղ է այդ մասին մտածելը, սակայն վստահ եմ, մի օր մեր մոտ էլ դա կաշխատի:

-Ինչպե՞ս են Հայաստանում մասնագիտացված հեռուստաալիքները հարմարեցնում իրենց բովանդակությունը՝ գրավելու և պահելու հեռուստադիտողներին ավելի ու ավելի թվային և մրցունակ մեդիա դաշտում:
-Մեդիայի դեպքում գլոբալ հզոր մրցակիցների դեմ պայքարելու միակ տարբերակը լոկալ արտադրանքն է: Մեր դեպքում հայկական բիզնես լուրերը. այն ինչ հայ գործարարը չի գտնի Forbes-ում, Bloomberg-ում կամ RBK-ում հայկական բիզնեսի մասին, հեշտությամբ կգտնի մեզ մոտ:

-Ձեր ստեղծած մասնագիտական ալիքի օրինակով կարո՞ղ եք նշել՝ ի՞նչ դեր են խաղում գովազդը և հովանավորությունը Հայաստանում մասնագիտացված հեռուստաալիքների պահպանման գործում:

-ABN-ը բացառապես բիզնես արտադրանք է, ոչ միայն բովանդակությամբ, այլև կառուցվածքով: Այսինքն մենք ոչ թե քաղաքական պրոյեկտ ենք, այլ բիզնես շահույթ հետապնդող ընկերություն: Մեր շահույթը ձևավորվում է գովազդից, հետևաբար առանց դրա հնարավոր չէ աշխատել: Իհարկե երբեմն որոշ գովազդատուներ ցանկանում են ավելին, քան թույլատրվում է գովազդատուին, օրինակ՝ խառնվել ինֆորմացիոն քաղաքականության մեջ, սակայն նման դեպքերում մենք պարզապես հրաժարվում ենք նրանց հետ աշխատել: Երբ գովազդատուները ոչ թե մի քանիսն են, այլ շատ, նրանցից ոչ մեկը առանձին վերցրած չի կարող ազդել մեդիայի գործունեության որակի վրա: Գովազդատուն վճարում է մեդիային իր ցանկացած կոնտենտը սահմանափակ ձևաչափով լսարանին հասցնելու համար, մյուս բոլոր դեպքերը բացառված են: Մենք հեծանիվ չենք հորինել, սա շատ երկրներում արդեն վաղուց կայացած բիզնես մոդել է: Մեզ մոտ էլ, հուսով ենք, նաև ABN-ի շնորհիվ, այն ավելի կկայանա:

-Հայաստանում կա՞ն արդյոք մասնագիտացված հեռուստաալիքների ոլորտում ի հայտ եկած միտումներ կամ նորամուծություններ, և ինչպե՞ս են դրանք ձևավորում երկրում հեռուստատեսության սպառման ապագան:
-Մասնագիտացված հեռուստաալիքների գոյությունն արդեն իսկ նորություն է մեր լսարանի համար. մնացածը ժամանակի հարց է: Վստահ եմ՝ շատ կարճ ժամանակում դրանք լուրջ մրցակից են դառնալու հիմնական բազմաժանր հեռուստաալիքների համար, եթե արդեն չեն:

-Հայաստանում մասնագիտացված հեռուստաալիքները ինչպե՞ս են համագործակցում իրենց լսարանի հետ և ընդգրկում հեռուստադիտողների կարծիքը՝ իրենց ծրագրավորումը բարելավելու համար:
-Այլ մասնագիտական ալիքների մասին կդժվարանամ ասել, իսկ ABN-ում լսարանն է պատվիրատուն. ամենօրյա ռեժիմով մենք մոնիթորինգ ենք անում լսարանի արձագանքը:

-Որո՞նք են Հայաստանում մասնագիտացված հեռուստաալիքների առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները:
-Ոչ միայն մասնագիտական, ամբողջ հայկական հեռուստադաշտում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Փոխվում է հեռուստաընկերության կառուցվածքը, բիզնես մոդելի ձևը, աշխատանքը: Մենք ունենք չորս մեծ սպառնալիք՝ գլոբալ մեդիա շուկան, դժվար է օրինակ մրցակցել CNN-ի հետ, փոքր շուկան, դեռ զարգացման փուլում գտնվող բիզնես հասարակությունը և, իհարկե, պետական մասնագիտացված կառույցների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը:

Հարցազրույցը՝ Լիլիթ Հովհաննիսյանի
4-րդ կուրս

Կիսվել