«Արտերկրում ձեզ սպասվում է անփոխարինելի փորձ, այնպես որ զենքերը վայր չդնեք». Լիլիթ...

«Արտերկրում ձեզ սպասվում է անփոխարինելի փորձ, այնպես որ զենքերը վայր չդնեք». Լիլիթ Մանուչարյան

190

Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Լիլիթ Մանուչարյանն 2023 թվականին ավարտել է բակալավրիատը։ Ուսման 3-րդ կուրսի առաջին կիսամյակում ԵՊՀ կայքէջում տեսել է Վալենսիայի համալսարանի հետ համագործակցության ծրագրի հայտարարություն և որոշել է դիմել։ Հարցազրույցի փուլից հետո ստացել է նամակ այն մասին, որ ընտրվել է որպես պահեստային։ Մեզ հետ զրույցում Լիլիթը նշեց՝  որոշել է ժամանակ չկորցնել և դիմել է նաև Իսպանիայի Ալմերիայի համալսարան։ Նա պատմեց․ «Թե իսպանական որ համալսարան կանցնեի ծրագրով, իրականում այդքան էլ կարևոր չէր, քանի որ ծրագրում ներառված համալսարանները անխտիր բարձրորակ էին, իսկ ինձ համար կարևոր էր Իսպանիայում ուսանելը, քանի որ իսպաներենն իմ մասնագիտական լեզուն է»։

Արտերկրում սովորելու ծրագրի՝ «Էրազմուս +»-ի մասին վաղուց էր լսել՝ թե′ ընկերներից, թե′ դասախոսներից։ 

«Էրազմուս+»-ը համագործակցում է տասնյակ երկրների համալսարանների հետ, որոնց ուսանողները ծրագրի շրջանակներում 5 ամսից մինչև 1 տարի տևողությամբ ուսանում են աշխարհի մի շարք համալսարաններում։ 

Ծրագիրն ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ, ուսման վարձն է մարում, հոգում նրանց փոխադրման ծախսերը։

Ընդունող համալսարանում ինքդ ես ընտրում` ինչ առարկաներ ես ցանկանում ուսումնասիրել։ Նա նշեց․ «Ես ընտրել էի բիզնես հաղորդակցություն անգլերենով, իսպաներենի ակադեմիական կիրառությունը, իսպաներեն հաղորդակցություն և անգլերեն հաղորդակցություն առարկաները»։

Ուսման ընթացքում Հայաստանի և Իսպանիայի մշակութային տարբերությունները որոշ դժվարություններ են առաջացրել Լիլիթ համար, բայց նրա խոսքով՝ առաջին ամիսը լիովին բավարար էր դրանց հարմարվելու համար։ Ժամային գոտին և իսպանացիների գիշերային կյանքը նույնպես մարտահրավեր էր նրա համար։ Ուսանողուհին պատմեց․ «Իսկ ակադեմիական մշակույթի հիմնական տարբերությունը դասախոսների վերաբերմունքն էր։ Եթե հայկական ակադեմիական մշակույթում սովորական է դասախոսներին ընտելանալու արդյունքում մտերմիկ հարաբերություններ ստեղծելը, Իսպանիայում դասախոսները մի ամբողջ կիսամյակից հետո կարող էին նույնիսկ իրենց ամենաակտիվ ուսանողների անունները չիմանալ»։

Ըստ նրա՝ կրթական համակարգում հիմնական տարբերությունը նորագույն տեխնոլոգիաներն են, որոնք «Իսպանիայում, իհարկե, առավել լայն կիրառություն ունեին»։

Լիլիթի համար Իսպանիայում սովորելու հնարավորությունը հիշարժան էր նրանով, որ իրականացրեց իր երկար տարիների երազանքը՝ այցելեց Բարսելոնա՝ «Կեմպ նոու» մարզադաշտ. «Իսպաներենը ես ընտրել եմ՝ իսպանական ֆուտբոլի հանդեպ ունեցած իմ սիրուց ելնելով։ Գիտակցումը, որ քեզ համար ոգեշնչման աղբյուր հանդիսացող մարդիկ նույն մարզադաշտում են լեգենդ դարձել, որտեղ դու կանգնած ես, լավագույն ակնթարթն էր «Էրազմուսի» ու միանշանակ լավագույններից էր իմ կյանքում»։ 

«Էրազմուսյան փորձի»՝ իր ամենասիրելի ու սպասված հատվածը ճանապարհորդելն է եղել․ «Ճանապարհորդել ենք Իսպանիայի տարբեր ուղղություններով` Մալագա, Կադիս, Մադրիդ, Բարսելոնա, Ագուադուլչե, Իբիցա։ Երբ արդեն հարմարվել էինք նոր մշակույթին, որոշեցինք ճանապարհորդել նաև Եվրոպայի այլ երկրներ, քանի որ եզակի հնարավորություն էր տրվել մեզ։ Այցելեցինք Ֆրանսիա, եղանք Փարիզում և Լիլում։ Լուվր այցելությունն ուղղակի աներևակայելի զգացողություն էր։ Փարիզից ավտոբուսով ճանապարհ ընկանք դեպի Բելգիա` Բրյուսել։ Բրյուսելից մեր ընկերներից մեկը մեզ հասցրեց նաև Բղուժ և Անտվերպեն։ Հաջորդը Ամստերդամն էր, և այս ամենը Սուրբ Շաբաթվա արձակուրդների ընթացքում (Semana Santa)։ Որոշակի դադարից հետո այցելեցինք նաև մեր երազանքների Իտալիա` Հռոմ, Վենետիկ և Միլան»։

Լիլիթի համար արտերկրում սովորելու և ճանապարհորդելու փորձը անձնական և մասնագիտական աճի մեծ խթան է եղել։ Նա ազատվել է բազմաթիվ կարծրատիպերից։ Շփման առումով ավելի ազատ է դարձել, կարծիքը շատ մշակույթների հարցում կտրուկ փոխվել է, ձեռք է բերել ընկերական մեծ շրջապատ։ Իր մասնագիտական երկու լեզուները՝ անգլերենը և իսպաներենը թե′ գրավոր, թե՛ բանավոր մակարդակում բավականին զարգացրել է։ Նա այս առիթով հավելեց․ «Եվ վերջապես սովորեցի նաև իտալական պաստա պատրաստել ու արաբական դաբկե պարել»։

Արտերկրում կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին Լիլիթը խորհուրդ է տալիս ճանապարհի կեսից ետ չկանգնել։ Նա, իր փորձից ելենելով, ասաց․

«Հարցուզրույցի փուլը հաղթահարելուց հետո սպասվում է բավականին բարդ շրջան. ձեր նախընտրած երկիր մուտք գործելու համար փաստաթղթերի հավաքագրման շրջանն է, որը ծրագրի շատ կարևոր, բայց նաև շատ մարտահրավերային փուլ է։ Արտերկրում ձեզ սպասվում է անփոխարինելի փորձ, այնպես որ զենքերը վայր չդնեք»։  

Լուսինե Արտակի Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել