«Արտերկրում սովորելն իմ առջև նոր նպատակներ բացեց, նոր ծրագրեր գծեց». Լիաննա Մովսեսյան

«Արտերկրում սովորելն իմ առջև նոր նպատակներ բացեց, նոր ծրագրեր գծեց». Լիաննա Մովսեսյան

189

Երևանի պետական համալսարանն ուսանողներին հնարավորություն է տալիս փոխանակման ծրագրերով կրթություն ստանալ աշխարհի տարբեր երկրներում։ Օրինակ՝ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն փոխանակման ծրագրերով կրթություն ստանալ արաբական տարբեր երկրներում։ 

Ֆակուլտետի արաբագիտութան ամբիոնի ուսանող Լիաննա Մովսեսյանը 2023 թվականին ավարտել է բակալավրիատը: Նա Journalist․am-ի հետ զրույցում խոսեց արտերկրում սովորելու՝ իր առաջին փորձի մասին։

Նա սովորել է Հորդանանի համալսարանի արաբերեն լեզվի կենտրոնում՝ նախատեսված օտարերկրացիների համար։  

Փոխանակման ծրագիրն իրականացվում է Հայաստանի ու Հորդանանի ուսանողների միջև: Լիաննա Մովսեսյանը պատմեց․ «Ֆակուլտետի ամբիոնի միջոցով դիմել ենք և 2021թվականի հոկտեմբերին մեկնել։ Վերադարձել ենք 2022 թվականի հունիսին։ Խմբով էինք գնացել՝ մի քանի հայ ուսանողներով»։

Լիաննան ասաց՝ առաջին կուրսից նպատակ ուներ անպայման արտերկրում սովորել։ Նրա խոսքով՝ լեզուն զարգացնելու ամենակարևոր նախապայմանը լեզվակիրների հետ ապրելն է. «Մեր մասնագիտության համար շատ էր պետք արաբական երկրում ապրել, շփվել արաբների հետ, ապրել այդ մշակույթում։ Հստակ գիտեի, որ երրորդ կուրսից հետո դիմելու եմ։ Այդ ժամանակ հնարավորություն կար Հորդանան կամ Եգիպտոս գնալ, ես էլ ընտրեցի Հորդանանը»։ 

Խոսելով բարդությունների մասին՝ ուսնողուհին ասաց, որ շատ էին հոգնեցնում երկար դասաժամերը, ու շարունակեց․ «Ամեն դասը մոտ մեկ ու կես ժամ էր տևում։ Առանց ընդմիջման այդքան նստելը մի քիչ դժվար էր, հատկապես սկզբում։ Անգամ քննության օրերին այդ դասերը անպայման անում էինք»։

Փոխանակման ծրագիրը մեծ ազդեցություն է ունեցել արաբագետի անձնական ու մասնագիտական աճի զարգացման համար։ Նրա խոսքով՝ դա առաջին փորձն էր առանձին ապրելու, ծնողներից հեռու լինելու. «Դարձել եմ ավելի ինքնուրույն, ավելի պատասխանատու։ Բացի այդ, ես ապրում էի ալժիրցի աղջկա հետ։ Նա էլ էր ինձ շատ օգնում մշակույթին ծանոթանալու հարցում»։

Հիշում է, թե ինչպես էին երեկույթներին հայերով ու ալժիրցիներով քննարկում տարբեր թեմաներ երկրների, իսլամի ու քրիստոնեության հետ կապված։ Նաև ամեն հայկական տոնի ժամանակ հայկական ուտեստներ են պատրաստել, հրավիրել արաբ, եվրոպացի ընկերներին, ապա միասին համտեսել դրանք։ Համալսարան նույնպես տանում էին. առանձին դասեր էին ունենում իրենց հայրենի երկրների, դրանց մշակույթի և առանձանահտկությունների մասին։ 

Ուսանողների համար սովորաբար բարդ է լինում հստակեցնել իրենց աշխատանքային ոլորտը։ Հաճախ ակնկալիքներն ու իրականությունը բախվում են, ինչի պատճառով շատերը շեղվում են իրենց ընտրած ճանապարհից՝ փորձելով գտնել այլ ուղիներ։ Լիաննան կարծում է, որ արտերկրում սովորելը հնարավորություն է տալիս հասկանալու՝ արդյոք ճի՞շտ տեղում ես գտնվում, թե՝ ոչ։ Այս առիթով նկատեց․ «Երբ չորս տարի սովորում ես համալսարանում, այլ բան է, բայց երբ դու ապրում ես այդ միջավայրում, հասկանում ես, թե հետագայում գործի բերումով ում հետ կարող ես շփվել, որտեղ կարող ես գործուղվել, լրիվ այլ բան է։ Դու հստակ հասկանում ես՝ արդյոք այդ մասնագիտությունը քո՞նն է, թե՝ ոչ։ Եվ միանշանակ արտերկրում սովորելն իմ առջև նոր նպատակներ բացեց, նոր ծրագրեր գծեց»։

Լիաննա Մովսեսյանը կարևոր է համարում նաև կրթությունից բացի ինտերակտիվ շփումը։ Արտերկրում սովորել ցանկացողներին խորհուրդ է տալիս իրենց օրերը տրամադրել ոչ միայն սովորելուն, այլև ճանապահորդելուն։ Հյուրընկալող երկրի բնակիչների, քաղաքացիների հետ շփում, ըստ նրա, հաճախ ավելի շատ բան է տալիս, քան ուղղակի դասերին ներկա լինելն ու տնային աշխատանքները կատարելը. «Բացի այդ, շատ-շատ կարևոր է երկրով ճանապարհորդելը, մշակույթին ավելի լավ ծանոթանալը։ Հորդանանը շատ տեսարժան վայրեր ունի, և ես գրեթե բոլորն այցելել եմ՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրը՝ Հորդանան գետը, Մեռյալ ծովը, Պետրա հնագույն քաղաքը, Վադի Ռամ անապատը։ Այդտեղ վրաններում ենք մնացել, բեդվինների հետ ենք շփվել։ Ամեն անգամ նկարները նայելիս ուզում եմ կրկին հայտնվել այդ վայրերում։ Դրանք անբացատրելի զգացողություններ էին»։

Լուսինե Արտակի Հակոբյան 

4-րդ կուրս

Կիսվել