Արբիտրաժ և հաշտարարություն. ինչպե՞ս են այլընտրանքային դատարանները տալիս վեճերի լուծումներ

Արբիտրաժ և հաշտարարություն. ինչպե՞ս են այլընտրանքային դատարանները տալիս վեճերի լուծումներ

185

Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը գնալով զարգանում է: Այս մասին փաստում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որի նպատակն է ապահովել բարենպաստ ներդրումային միջավայր, նպաստել իշխանության երրորդ օղակի ծանրաբեռնվածության նվազեցմանը: Կենտրոնը, լինելով անկախ կառույց, հնարավորություն է ընձեռում տալ վեճերի արագ և արդյունավետ լուծում և՛ Հայաստանում, և՛ միջազգային մակարդակում:

Կենտրոնի գործունեության, արբիտրաժային և հաշտարարական գործընթացների, ԶԼՄ և Կենտրոն փոխհարաբերությունների մասին խոսել ենք Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանի հետ:

-Բացման շրջանից ի վեր ի՞նչ զարգացում ունի Կենտրոնը և ընդհանրապես ի՞նչպիսինն է այլընտրանքային դատարանների դերը Հայաստանում:

-Կենտրոնը ժամանակի հրամայական էր, որովհետև ամբողջ աշխարհն արդեն 100 տարի է իր վեճերը լուծում է արբիտրաժի և հաշտարարության միջոցով: Գործնական վեճերը, ընդհանրապես, լուծվում են բանակցությունների և մեդիացիայի միջոցով: Հայաստանում այս գործընթացները դանդաղել էին այս վերջերս՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններով, սակայն ունենք այնպիսի գերծանրաբեռնված համակարգ, ինչպիսին այսօր է, երբ գործերը տևում էին տարիներ շարունակ:

«Վեճերի լուծումը հնարավոր է ունենալ կա՛մ դատարանում, կա՛մ արտադատարանական եղանակով: Արբիտրաժը և հաշտարարությունը արտադատարանական եղանակն է»:

Այն հասարակության պահանջն էր, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ծրագրում ներառված պարտադիր գործընթաց, որը պետք է բերեր դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը և երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը, որովհետև ցանկացած ներդրող, երբ գնահատում է տվյալ երկրի ներդրումային վիճակը, դիտարկում է՝ արդյոք վերջինս ունի անկախ դատական համակարգ, և արդյոք բացի տրադիցիոն դատարանից առկա է վեճերի լուծման այլ գործիք:

-Ի՞նչ բացեր են դեռևս նկատվում ոլորտում և, վերջիվերջո, ո՞վ է արբիտրաժի և հաշտարարության գործընթացի շահառուն:

-Ինձ թվում է՝ այսօր ամենամեծ խոչընդոտը, որ կա ոլորտում, տեղեկացվածության բացն է թե՛ հասարակության շրջանում, թե՛ նաև մասնագետների, թե՛ բիզնեսի: Գործիքը լայնորեն չի կիրառվում, նրա մասին տեղեկացվածությունը ցածր է: Առաջինը, ում հարկավոր է ունենալ արբիտրաժ, բիզնեսն է: Բիզնեսը չգիտի արբիտրաժի մասին, հետևաբար պետք է կրթել թե՛ հասարակությանը, թե՛ գործարարներին և թե՛ հենց իրավաբաններին, մասնագետներին, որպեսզի վերջիններս սույն գործիքը ակտիվորեն կիրառեն:

Սեպտեմբերից գործող Կենտրոնին վեճերի կողմերը համաձայնեցված վստահում են իրենց գործը՝ հնարավորություն ունենալով անձամբ ընտրել արբիտրին՝ կախված գործի առանձնահատկություններից: Արբիտրները, ովքեր ընտրվում են ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի ցանկացած երկրից, տվյալ գործերում նեղ մասնագիտական կրթություն, ինչպես նաև փորձառություն ունեցող անձիք են:

-Ձեր խոսքում նշեցիք, որ Կենտրոնի ստեղծումը պետք է բերեր դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Այս ֆոնին առաջխաղացում տեսնո՞ւմ եք:

-Եվրոպական զարգացած երկրներում դատարան դիմում են բացառիկ դեպքերում, մնացած բոլոր վեճերը գնում են արբիտրաժի և հաշտարարության միջոցով: Որքան մեր դատարանները քիչ գործ են ստանում, այնքան իրենք  որակական արդարադատություն են իրականացնում: Յուրաքանչյուր դատավոր միջինում ունենում է շուրջ 5000 գործ իր վարույթում միաժամանակյա: Հիմա այն գործերը, որոնք որ արբիտրաժի ենթակայության գործեր են, դուրս կգան դատարաններից, դատարանները հնարավորություն կունենան քննել, գուցե, 500 գործ ամսվա մեջ, և այս պարագայում նրանք ավելի շատ ժամանակ կկարողանան տրամադրել տվյալ գործերի վարմանը:

-Դիցուք, ունենք վեճ և երկու կողմերի միջև կա համաձայնություն դիմել Ձեր Կենտրոնին: Պետք է խնդրեմ՝ ներկայացնեք դիմելու ընթացակարգը:

-Մեր Կենտրոն կարելի է դիմել ինչպես առդեմ՝ հայտը ներկայացնելու միջոցով, այնպես էլ առցանց: Երբ անձը գտնվում է Հայաստանի տարածքից դուրս, վերջինս խոչընդոտ չէ, որ նա կարողանա դիմել մեր Կենտրոնին: Արբիտրաժի և  հաշտարարության միջոցով վեճը լուծելու համար կա այսպիսի «կախարդական փայտիկ»՝ արբիտրաժային վերապահում կամ հաշտարարության համաձայնություն հասկացությունը: Դա այն է, երբ որ երկու կողմերը միասին մեկ միասնական փաստաթուղթ կազմելու միջոցով համաձայնում են իրենց վեճի լուծումը վերապահել այս կամ այն հաստատությանը կամ անհատ հաշտարարին: Անձը, երբ գալիս է մեզ մոտ և ներկայացնում է իր հաշտարարության կամ արբիտրաժի համաձայնությունը, և երբ ստուգվում է բոլոր փաստաթղթերի ամբողջականությունը, վավերությունը, մենք առաջարկում ենք ընտրել իրենց հաշտարար կամ արբիտր: Շատ կարևոր է, որ կողմերը իրենք ազատ են ընրել, և չկա որևէ սահմանափակում:

Կողմերի՝ արբիտրին ընտրելուց հետո, Կենտրոնը մինչև չի համոզվում, որ ընտրված թեկնածուի հետ կողմերից և որևէ մեկը չունի շահերի բախում, չի հաստատում: Գործընթացը իրականացվում է կողմերի նախընտրելի լեզվով: Արբիտրաժային վճիռները վերջնական են, բողոքարկման ենթակա չեն և պարտադիր են իրականացման համար աշխարհի ավելի քան 70 երկրներում:  Հաշտարարությունը իրականցվում է ընտանեկան, քաղաքացիական, աշխտանքային, օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերում, իսկ արբիտրաժը՝ առևտրային, կառուցապատման, ներդրումային, ֆինանսաբանկային և այլ ոլորտներում:

Առաջխաղացման ի՞նչ տեսլական ունի Կենտրոնը:

-Մեր հիմնական աշխատանքը կայանում է որպես քարտուղարություն հանդես գալ արբիտրաժ և հաշտարարություն իրականցնելու համար, և մեր մյուս կարևոր գործիքակազմը, որ մենք իրականացնում ենք, շարունակական կրթությունն է: Կրթություն նաև ուսանողների շրջանում, որովհետև մենք նաև կազմակերպում ենք մի շարք դատախաղեր արբիտրաժի ոլորտում, ինչպես միջազգային այնպես էլ ներպետական մակարդակներում: Մենք աշխատում ենք գործարարների, բիզնես միջավայրում գործունեություն ծավալող փաստաբանների, իրավաբանական կազմակերպությունների և լրագրողների հետ:

«Մարդիկ պետք է սկսկեն հասկանալ, թե ինչ է արբիտրաժը, և ինչ է հաշտարարությունը, որպեսզի օգտվեն այդ ծառայություններից, այլապես երբ մարդը չի հասկանում, չի էլ վստահում: Վստահությունը գալիս է, երբ դու տեսնում ես ոչ միայն ծառայության որակը, այլ նաև ընկալում ես վերջինիս իմաստը»:

Այս համատեքստում ապրիլի 6-7-ը անցկացվեց ԶԼՄ ներկայացուցիչների վերապատրաստման դասըթնաց Կենտրոնի կողմից, որին մասնակցում էին 28 գործող լրագրողներ հայկական տարբեր լրատվամիջոցներից: Տնօրենի խոսքով՝ կան առանձնահատկություններ այս գործընթացներում, և վերապատրաստման դասըթնացների շարքը նպատակ է հետապնդում տալ լրագրողին հարմարավետ տարածք, որպեսզի վերջինս հասկանա գործի բնույթը, օգտագործի ճիշտ բառամթերք: Հարցին, թե ինչպիսի առանձնահատկությունների մասին է խոսքը, Մատինյանը նշեց. «Օրինակ՝ հաշտարարությունները գաղտնի գործընթացներ են, այսինքն այնքան պարզ ու թափանցիկ չեն, ինչքան դատական նիստերը, երբ լրագրողը կարող է գալ, պարզ լսել ամեն ինչ ու դրա մասին պատրաստել նյութ: Այստեղ շատ ավելի փակ գործընթաց է պրոցեսուալ իմաստով, սակայն չիմանալով էությունը, շատ դժվար է լուսաբանել»:

Նորաբաց Կենտրոնում ամսվա սկզբին նաև վերջիններիս հաշտարարության կանոնների կիրառմամբ տեղի է ունեցել  համահաշտարարության առաջին գործը:

Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի

4-րդ կուրս      

Կիսվել