«Պետք է պայքարել և հասնել նրան, ինչին ձգտում ես»

«Պետք է պայքարել և հասնել նրան, ինչին ձգտում ես»

280

Ծանոթացե՛ք, Քրիստինեն է, ով դպրոցական հասակից սիրել է իր շուրջը հավաքել երեխաներին և սովորեցնել ձեռագործ աշխատանքներ կատարել։ Ապրում է Արարատի մարզի Նորաշեն գյուղում, որտեղ ստեղծել է «Հմուտ ձեռքեր» խմբակը: Գյուղում  բոլորն են նրան ճանաչում, քանի որ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը առնչվել են իրենց ընկեր Քրիստինեի հետ՝ նրանից սովորելով տիրապետել ձեռքի աշխատանքի հմտություններինն։ Մեր զրույցը անցկացրել ենք գյուղի մշակույթի տանը, որտեղ էլ ազատ օրերին աշխատում է մեր հերոսուհին։ Այնտեղ հասանք այն ժամանակ, երբ պարապմունքն ավարտվում էր, բայց հասցրինք շփվել երեխաների հետ և մի քանի կադր էլ «անմահացնենք»։

-Քրիստինե, գիտեմ, որ այս աշխատանքները դու անում ես քո հանգստյան օրը։ Խնդրում եմ՝ պատմիր սկզբից՝ ինչպես սկսվեց այս ամենը։

-Իմ մայրիկը զբաղվել է ձեռագործությամբ, որն էլ մանկուց լինելով իմ տեսադաշտում՝ գրավել է ինձ։ Այս ամենը ինձ այնքան գրավեց, որ սկսեցի ավելի ու ավելի կատարելագործել իմ հմտությունները, ու նաև ցանկություն ունեցա դրանք սովորեցնել երեխաներին։ Մեր դպրոցի երեխաների մի մասը մեծ հետաքրքրությամբ էր հետևում իմ աշխատանքներին։ Այս ամենը ինձ ստիպեց իմ հոբբին դարձնել աշխատանք և փոխանցել նրանց։

-Քո մասնագիտությունն ու քո կատարած աշխատանքը շատ են տարբերվում իրարից. ինչպե՞ս բուժքույրը մի օր որոշեց, որ պետք է վերադառնա ձեռքի աշխատանքներ պատրաստելուն և սկսի կարի արտադրամասում աշխատել։

-Կարի արտադրամասում իմ կատարած աշխատանքը մշտական եկամտի աղբյուր է, բայց այն ինձ համար առաջնային չէ։ Ես այս հմտությունը ձեռք եմ բերել աշխատանքի ընթացքում, իսկ ձեռքի աշխատանքը ինձ համար մի ուրիշ աշխարհ է, բառերով չեմ կարող բացատրել, կարծես արյանս մեջ լինի։ Բուժքույր դարձել եմ, քանի որ փոքր տարիքից բոլոր երեխաներին ասում էին, թե երբ մեծանաք, պետք է լուրջ և կարևոր մասնագիտություն ձեռք բերեք և աշխատեք։ Թերևս ինձ համար դա բուժքույրն է, որովհետև ավելի պատասխանատու և «սառը» մասնագիտություն չկա։ Բայց իմ պատկերացումներն ու ուսանողական տարիները իրարից շատ հեռու էին։

-Ինչպե՞ս ես համատեղում քո աշխատանքը և խմբակի պարապմունքները, քանի որ աշխատում ես 6-օրյա գրաֆիկով,  ընդամենը մեկ ազատ օր ունես և այն նվիրում ես քո խմբակի սաներին։

-Սա ինձ համար հանգստի լավագույն միջոցներից մեկն է։ Ես ուղղակի չեմ կարող չզբաղվել, որովհետև իմ ներքին զգացողությունները ինձ հանգիստ չեն թողնի։ Տեսակով շատ ակտիվ եմ, և եթե գլխումս մի միտք է պտտվում, անպայման այն պետք է իրագործեմ։ Սա այդ դեպքերից է, որ իմ գլխում է միշտ և ամենուր, նույնիսկ քնած ժամանակ։ Ես ինձ չեմ հիշում առանց իմ գործերի և իմ սիրելի սաների։

-Ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունես։

-Շատ եմ սիրում արշավել։ Տարվա մեջ միշտ ժամանակ եմ հատկացնում Հայաստանը բացահայտելու համար։ Ինձ համար սա հայրենասիրության լավագույն դրսևորումն է։ Ամեն վայր, ծառ, նույնիսկ քար ունի իր խոսքը, ասելիքը, և մոտ լինելով բնությանը՝  կարողանում ես գտնել նաև արվեստը, բնության գույները և այդ ամենը ներկայացնել ձեռագործ աշխատանքներում։ Այս ամենից ես լիցքավորվում եմ և ավելի մեծ եռանդով սկսում աշխատել։

-Իսկ ո՞րն է քեզ համար ամենատպավորիչ վայրը Հայաստանում, որ խորհուրդ կտաս բոլորին այցելել։

-Իհարկե, շատ դժվար է առանձնացնել կոնկրետ մի վայր, որովհետև ամեն վայրը այցելելիս յուրովի զգացողություններ ես ունենում։ Ամեն դեպքում, կառանձնացնեմ Գյումրին՝ իր մշակույթով ու կոլորիտով, քանի որ այսպիսի խոսք կա. «Եթե չես տեսել Գյումրին, չես տեսել Հայաստանը»։ Կնշեմ Երերույքի տաճարը, Հառիճավանքը, որոնք գտվում են Շիրակի մարզում, Աշոտ Երկաթի բերդը՝ Տավուշի մարզում, Տաթևի վանքը, ինչպես նաև Լոռին՝ իր հմայքով։

-Ի՞նչ կուզեիր ասել, որ եթե չասես, կհամարես, որ մեր զրույցը կիսատ է:

-Բոլորին, ովքեր երկմտում են իրենց ցանկությունների մեջ, խորհուրդ կտամ երբեք չհանձնվել և գնալ առաջ, ավելի կատարելագործվել և ի կատար ածել բոլոր նպատակները։ Ոչինչ այս կյանքում հեշտ չի տրվում, բայց պետք է պայքարել և հասնել նրան, ինչին ձգտում ես։

-Շնորհակալություն։

Հարցազրույցը՝ Ռուբինա Բրուտյանի

4-րդ կուրս

Կիսվել