Հայփը՝ խա՞յծ, թե՞ փառքի հասնելու արագ միջոց․ մեկնաբանում են մեդիահոգեբանն ու հայ...

Հայփը՝ խա՞յծ, թե՞ փառքի հասնելու արագ միջոց․ մեկնաբանում են մեդիահոգեբանն ու հայ ինֆլուենսերները

267

Ժամանակակից տեղեկատվական աշխարհում հաճախ առնչվում ենք մեր լեզվամտածողության մեջ նոր եզրույթների ներթափանցման, որոնք ոչ միայն ձևի, այլև բովանդակության փոխակերպումներ են ենթադրում: Հենց այդ եզրույթներից մեկը կոչվում է «հայփ»: Այն մարքեթինգային տեխնիկա է, որը ստեղծում է ապրանքի խիստ գրավիչ ընկալում: Դրա միջոցով ապրանքանիշերը կարող են շփվել իրենց թիրախային հաճախորդների հետ և ազդել նրանց վարքի վրա:

Քանի որ հայփը արդի ժամանակաշրջանում ավելի շատ կիրառելի է սոցիալական մեդիայում, իսկ այստեղ իրենց մեծ դերն ունեն կարծիքի առաջատարները՝ ինֆլուենսերները, ապա կարելի է ասել, որ հայփի կիրառման առյուծի բաժինը հասնում է հենց ինֆլուենսերներին։

Ֆենոմենի տարընկալմանը չբախվելու  և հստակ սահմանում ունենալու համար հայփ կիրառող ինֆլուենսերներից մի քանիսի հետ ունեցած զրույցը ավելի խայտաբղետ պատկեր ստեղծեց։

Հայփ ասելով որոշ ինֆլուենսերներ հասկանում են սենսացիոն դեպք, երևույթ կամ իրադարձություն, որը ներկայացնելով լսարանին կարող ենք քննարկման առիթ տալ նրանց։

Journalist.am-ի հետ զրույցում բլոգեր Հայկ Մկրտչյանը նշում է՝ հայփ ասելով կարելի է հասկանալ մի այնպիսի իրադարձություն կամ երևույթ, որը արդեն իսկ որոշակի պատկերացում, ընկալում ունի հասարակության կողմից և շատերը խոսում են դրա մասին և ինֆլունեսերը կամ բլոգերը այդ ամենի ֆոնին փորձում է իրեն արտահայտել այնպես, որ ակտուալ լինի և ունենա դիտումներ։

Որպես հայփի այսպիսի ընկալման օրինակ կարելի է դիտարկել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում» Հայաստանի պատվիրակ LADANIVA-ի երգը՝ «Ժակո»-ն, որը քննադատության մեծ ալիք ստացավ, սակայն զուգահեռ աջակցության ալիք ևս նկատելի էր։ Ի վերջո երգի տարբեր հատվածներ տիկտոկյան հարթակում դարձան թրենդային։

Հակադարձելով այս ընկալմանն ու օրինակին՝ ինֆլուենսերներ կան, որ բացատրում են․ Եվրատեսիլը այն երգի մրցույթն է, որը հայփի կարիք չունի և այդ ընկալումն առհասարակ հայփի հետ կապ չունի։

Հայփը կարելի է բաժանել երկու տեսակի պայմանականորեն՝ լավ և վատ։ Լավ հայփի օրինակ է լավ և որակյալ գովազդը, վատ հայփի օրինակ՝ վատ գովազդը։ Լավ հայփի օրինակ է Ռուբեն Եսայանի կողմից հրապարակված «Թումանյանը» կարճամետրաժ ֆիլմը՝ նրա ծննդյան 150 ամյակին նվիրված։

Բլոգեր, Ինֆլուենսեր Ռաֆիկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում ընդգծում է՝ հայփը միջոց է  մարդկանց էմոցիաների օգտագործման հաշվին ճանաչելիություն ստանալու, որը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Օրինակ՝ բացասական հայփ կարելի ընկալել ինֆլուենսերների, դերասանների կիսամերկ քայլելը քաղաքում, որը ստեղծում է թերըկնալում ոլորտի մնացած ներկայացուցիչների նկատմամբ, հաճախ էլ առաջ է բերում ագրեսիա, քանի որ այդ ամենը դուրս է ազգային ընկալումից և ավանդական ընտանեկան արժեքներ կրող հասարակության համար անընդունելի է։

Հայփի կարող է վերածվել նաև սիրավեպերը հայտնի անձանց միջև։ Հայ բլոգերներից Եվա Ղարիբյանն ու Հայկ Մկրտչյանը պարբերաբար հրապարակում են հոլովակներ, որտեղ ներկայանում են որպես սիրահար զույգ՝ արտահայտելով սարկազմ, հումոր, լինելով պարզապես ընկերներ։ Հայկի խոսքով՝ իրենք որպես զույգ ներկայանալու և որևէ ապրանք գովազդելու համար ստանում են համագործակցության բազմաթիվ առաջարկներ, որոնք, սակայն, մերժում են, քանի որ դա ազնիվ չէ լսարանի առջև։ Դա իրականություն չէ, այլ այն, ինչ ուզում են տեսնել հետևորդները։ Իսկ երբեմն արված հայփը այդ թեմայով միայն հումորային բնույթ է կրում։

Հատկանշական է նաև այն, որ շատ հաճախ հայփի կարող է վերածվել խիստ անձնական տիրույթում գտնվող իրադարձություններ։ Ըստ մեր ուսումնասիրությունների՝ էջի ակտիվությունը բարձրանում է հատկապես հարսանիքների, հղիության ընթացքի ժամանակ։ Սակայն հարկ է նշել նաև, որ հայփը հիմնականում հիմնված է ժամանակի վրա։ Երբ իրադարձութունը, որի վրա հիմնված է տվյալ հայփը, կորցնում է իր արդիականությունն ու ակտուալությունը, հայփը ևս դառնում է անիմաստ ու կորցնում է իր ուժը։ Այս կարծիքը հաստատում է նաև բլոգեր, ինֆլուենսեր Օվսիկը։

Այսպիսով, եթե ամփոփենք հայաստանյան ինֆլուենսերների ընկալումները հայփի մասին, կարելի է գալ այն եզրահանգմանը, որ  հայփը հասարակության էմոցիոնալ ֆոնին առաջացրած սենսացիաների, հետաքրքրությունների ստեղծումն է, որի միջոցով ձեռք է բերվում ճանաչելիություն, տեսանելիության բարձրացում։

Իր հերթին մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը, անդրադառնալով մարքեքինգային գործիքին, նշում է մի քանի առանձնահատկություն, որոնցով հայփը առանձնանում է․

-Նախ այն, որ հնարքը միշտ եղել է արդիական, քանի որ զարտուղի ճանապարհ է ապրանքի արհեսատական սպառմանը խթանելուն: Ամենահիշվող օրինակներց մեկը 1-1,5 տարի առաջ տեղի ունեցած իրավիճակն էր snickers-ի շուրջ, երբ բոլորը գրում էին, որ խանութներում snickers չեն գտնում, որտեղից կարող են ձեռք բերել, որ այն սպառվել է  և դրանով պայմանավորված շոկոլադի գինը երկար ժամանակ գրեթե կրկնապատկվել էր: Ստեղծելով արհեստական դիֆիցիտի էֆեկտը՝ խանութները միայն տվյալ մթերքից մի քանի անգամ մեծացրին իրենց եկամուտը:

Եթե անդրադառնանք լրատվամիջոցներն, ապա հնարը հիմականում կիրառում են այն լրատվամիջոցները, որոնք ոչ այնքան արժանահավատ գործունեություն են իրականացնում: Դիցուք, սունկ կայքերը, լսարան գրավելու խնդիր ունեցողները, որոնք սենսացիոն վերնագրեր են տեղադրում և այլն,- ընդգծում է մեդիահոգեբանը:

Խոսելով հայփի՝ մարդկանց վրա հոգեբանական  ազդեցության մասին Գրիգորյանը կարծում է, որ այն խայծ է․

-Հոգեբանական առումով այն խայծ է, որը լսարանին դրդում է գործողության, ստիպում հնարավորինս շուտ օգտվել պրոդուկտից, քանի դեռ չի սպառվել, եթե նույնիսկ դրա անհրաժեշտություն մարդը չուներ: Ստեղծվում է ենթադրյալ անհրաժեշտության պատրանք, որից հետո հիասթափություն է առաջանում, սակայն դա արդեն կարևոր չէ, քանի որ մաիպուլյացիան հաջողել է:

Եվ այսպես, կարելի է եզրակացնել, որ հայփը մանիպուլիացիայի ոչ այդքան վնասակար տեսակ է, որը ճիշտ կիրառելու դեպքում բերում է նախատեսված փառքը, ճանաչումը, դիտողականությունը։ Սխալ կիրառելու դեպքում՝ լավագույն դեպքում դառնում է սև PR (բացասական տեղեկատվության տարածում, որը սովորաբար օգտագործվում է որևէ անհատի, կազմակերպության, քաղաքական ուժի իմիջի վատթարացման, հեղինակության խեղաթյուրման, ստի տարածման համար), վատագույն դեպքում՝ հնարավոր է նույնիսկ սեփական կյանքին, առողջությանն ու գործունեությանը խոչընդոտող գործիք դառնա։

Մարիամ Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել