Թրաֆիքինգը Հայաստանում

Թրաֆիքինգը Հայաստանում

217

Հայաստանը, ինչպես մյուս բոլոր երկրները, բախվում է չարաբաստիկ խնդրի` մարդկանց թրաֆիքինգի հետ, որը հաճախ թաքնվում է ստվերում: Չնայած մարդու իրավունքների այս կոպիտ ոտնահարման դեմ պայքարելու կառավարության և տարբեր կազմակերպությունների ջանքերին, խնդիրը պահպանվում է՝ թողնելով անթիվ կործանված կյանքեր և չսպիացող վերքեր:

Մարդկանց թրաֆիքինգը, որը կատարվում է գաղտնի ճանապարհով և ծաղկում է շահագործման արդյունքում, ներառում է տարբեր ձևեր, ինչպիսիք են հարկադիր աշխատանքը, սեռական շահագործումը և օրգանների առևտուրը: Հայաստանում խնդիրը բազմաշերտ է. ազդում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց վրա, և հաճախ ընդգրկում է խոցելի խմբերին, ինչպիսիք են միգրանտները, փախստականները և աղքատության մեջ ապրողները:

Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի տարածված ձևերից մեկը հարկադիր աշխատանքն է, որտեղ անհատները հայտնվում են շահագործական աշխատանքային պայմաններում: Չնայած տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին, հարկադիր աշխատանքի համատարած խնդիրը շարունակում է բիծ թողնել Հայաստանի աշխատուժի վրա: Հատկապես վտանգի տակ են խոցելի խմբերը, այդ թվում՝ աշխատանքի հնարավորություն փնտրող միգրանտները: Անհատները, գայթակղված շահավետ աշխատանքի խոստումով, հաճախ հայտնվում են շահագործական իրավիճակներում, որտեղ ոտնահարվում են աշխատանքային տարրական իրավունքները, իսկ արժանապատվությունը խախտվում է: Անբարեխիղճ գործատուներն օգտվում են այս անհատների հուսահատությունից՝ նրանց ենթարկելով ծանր աշխատանքային ժամերի, չնչին աշխատավարձերի և անմարդկային վերաբերմունքի։ Այն աշխատողները, որոնք հաճախ ծանոթ չեն տեղական օրենքներին և չունեն համապատասխան աջակցության ցանցեր, դառնում են շահագործման հեշտ թիրախ:

Հայաստանում բազմիցս իրականացվել են օրենսդրական միջոցառումներ՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու համար, իսկ իրավապահ մարմինները ակտիվացրել են թրաֆիքինգի մասնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու աշխատանքները: Այնուամենայնիվ, այդ երևույթի գաղտնի բնույթը զգալի մարտահրավերներ է ստեղծում, ինչը պահանջում է շարունակական համագործակցություն Կառավարության, ՀԿ-ների և միջազգային կառույցների միջև: Ըստ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմից բաղկացած մարմին է: Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հիմնական ուղղությունների որոշումը, այդ ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր համակարգումը, խորհրդին կից գործող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների վերահսկումը: Խորհրդի աշխատանքներին դիտորդական կարգավիճակով կարող են մասնակցել նաև շահագրգիռ՝ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Թրաֆիքինգի ենթարկված յուրաքանչյուր զոհ ունի օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք ունեն եթե․

  • ՀՀ քաղաքացի են կամ ունեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում,
  • ՀՀ քաղաքացի են կամ ունեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձ են, սակայն հայտնաբերման պահին գտնվում է օտարերկրյա պետության տարածքում, կամ օտարերկրացի են և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում,
  • Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ են և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում:

Թրաֆիքինգի զոհ դարձած անձանց իրավական համակարգում աջակցելու հարցում ըստ փաստաբանի՝ պետք է ավելի շատ ընդյալնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը պետք է շատ ավելի հաճախ կազմակերեպել իրազեկման ուղղված միջոցառումներ, ընդլայնել հոգեբանական կենտրոնները և թրաֆիքինգ վերապրած անձանց համար ներդնել սոցիալական վերականգման ծրագրեր, քանի որ հնարավոր է՝ նրանք այդպես էլ չկարողանան արդյունավետ կյանքի վերադառնալ:

Հասարակական կազմակերպությունները նույնպես վճռորոշ դեր են խաղում Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում: Այս կազմակերպությունները հաճախ աջակցություն են ցուցաբերում վերապրածներին, բարձրացնում են մարդկանց իրազեկվածությունը և համագործակցում իրավապահ մարմինների հետ՝ բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու թրաֆիքինգ իրականացնողներին: Իրենց հավաքական ջանքերով ՀԿ-ները նպաստում են այս համատարած խնդրի դեմ պայքարի համապարփակ մոտեցմանը: Այդպիսի կազմակերպություն է «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիան», որը հիմադրվել է դեռևս  2003 թվականին, և առաքելությունն է` նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը: Այս կազմակերպությունը տարիներ շարունակ պատրաստում է մի շարք ուղեցույցներ թրաֆիքինգ լուսաբանող լրագրողների համար («Ինչպես նկարահանել թրաֆիքինգի զոհին»,  «Ինչպես լուսանկարել թրաֆիքինգի զոհին», «Ես գիտեմ ինչ է թրաֆիքինգը», «Լրագրողական էթիկայի և անվտանգության պահպանման 10 հիմնարար սկզբունքներ թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ հարցազրույց վարելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկները» և այլն), որոնք կօգնեն հայկական մեդիայում խուսափել կարծրատիպերից, թրաֆիքինգի զոհերին վնասելուց, ինչպես նաև ինֆորմացիան ճիշտ ներկայացնել հանրությանը։ Ըստ հոգեբան Մայրանուշ Գևորգյանի՝ կան հստակ էթիկական նորմեր լրագրողների համար, թե ինչպես լուսաբանել, քանի որ եթե բարոյական նորմերը խախտվում են, բնականաբար, շատ ցավոտ է լինում յուրաքանչյուր իրավիճակում  անունը տեսնելը, խարազանում են զոհերին, թիրախավորում են, որ հետագայում չվերցնեն իրենց աշխատանքի, չկարողանան տվյալ վայրում ապրել, կախված թե թրաֆիքինգը ինչ մասշտաբով է եղել և ինչ բնույթի գործողություն է իրականացվել․դա շատ բացասական է անդրադառնում զոհերի վրա․«Կարծում եմ, որ նախ լրագրողը պետք է մասնագետ լինի, փայլուն տիրապետի մասնագիտական էթիկային, բոլոր՝ այդ թվում նաև ԶԼՄ-ների մասին օրենքին և կանոններին, որպեսզի հասկանա, որ դա միայն լրագրողական կամ շահեկան նյութ չէ իր համար, այլ դա մեկ ուրիշի ճակատագրի մասին է։ Այս դեպքում լրագրողը պրոֆեսիոնալիզմի միջոցով կկարողանա չվնասել արդեն իսկ թրաֆիքինգի ենթարկված զոհին և խնդիրը ճիշտ տեսանկյունից լուսաբանել»։

 Հայաստանում մարդկանց թրաֆիքինգը բարդ և համատարած խնդիր է, որը պահանջում է կայուն ջանքեր հասարակության բոլոր հատվածներից: Հարկադիր աշխատանքը շարունակում է մնալ հրատապ մտահոգություն մեր երկրում՝ պահանջելով շարունակական ջանքեր գործադրել բոլոր շահագրգիռ կողմերից:

Անահիտ Նահապետյան

4-րդ կուրս

Կիսվել