«Քեզ բացակա չենք դնի». Հրաչյա Սարուխանյանը ապրում է բոլորի սրտերում

«Քեզ բացակա չենք դնի». Հրաչյա Սարուխանյանը ապրում է բոլորի սրտերում

570

Հիշողությունների պահոց-պարկը գրկած, ձայնագրիչը՝ ձեռքիս, քայլերն այս անգամ ինձ տարան Հրաչյայենց տուն։ Երբ արդեն մոտենում էի դռանը, այն արագ բացվեց, երևաց մի տարեց կին: Սեր ու ջերմություն պարուրող այդ տարեց կնոջ դեմքից վիշտ էր կաթկթում, ինչպես հորդ անձրևի վերջին կաթիլները, որ անհունորեն հիշեցնում էին իրենց երբեմնի հորդառատության մասին: Հայ կնոջ վեհ հայացքի տակ հուսահատ ու տանջված սիրտ էր բաբախում, ու հանկարծ ժամանակը մի պահ կանգ առավ. Հրաչյային հիշեց։ Այդ կինը՝ տիկին Վարդուհին, Հրաչյայի տատիկն էր։ Ներս անցանք, ու թելի կծիկի պես անվերջ գալարվեցին Հրաչյայի մասին հյուսվող պատմությունները։

«2022 թվականի հունվարի 14-ն էր, որ զորակոչվեց բանակ Հրաչյաս, գնաց ու տանը բոլորին հրամայեց, որ տատիկին լավ նայեն, մինչև գա: Իսկ ինքը գնաց ու հետ չեկավ, հրամանն օդում կախ մնաց, ախր, տատն առանց Հրաչյայի ո՜նց ապրի»,- ասում է տիկին Վարդուհին և  հանում միզարի տակից խնամքով պահված թաշկինակն ու սրբում աչքերից ցած գլորվող մարգարտաշախ արցունքները:

Հրաչյան, զորակոչվելով  հայկական բանակ, նախնական ծառայությունն անցնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետև նույն թվականի փետրվարին տեղափոխվում է Սյունիքի մարզի Խնձորեսկի զորամաս: Վեցամսյա ծառայությունից հետո տեղափոխվում է  Գորիսի զորամաս։ 2022 թվականի սեպտեմեբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ թեժ մարտեր սկսվեցին Իշխանասարում։ Հրաչյա Սարուխանյանն ու ծառայակից ընկերները իրենց մասնակցությունն ունեցան հայրենիքի պաշտպանության գործում։

«Հրաչյան մանկուց իրեն պատրաստել էր բանակում ծառայելուն, երեխա էր, բայց արթնանում էր առավոտ շուտ, մարզվում ու սառը ջրով լողանում էր: Չէր համբերում, թե երբ պիտի գնա ու սահմանապահ դառնա, ասում էր, որ երազում է թշնամու հետ ձեռնամարտի բռնվել, վստահ էր, որ ինքը եթե միայնակ լիներ, նրանք՝ տասը, ջարդները կտար: Առանց չափազանցնելու, նա ամբողջ գիշեր անդադար մարզվում էր, նրա մոտ ամեն ինչ կատարյալ էր ստացվում, պրոֆեսիոնալիզմ էր սիրում ու որ բնագավառ մտներ, կանաչում էր ամեն ինչ»,- պատմում է հայրը՝ Արայիկ Սարուխանյանը:

 «Ասում են՝ մարդիկ իդեալական չեն լինում, բայց Հրաչյան իդեալական էր բոլոր առումներով, իր մարդ տեսակը եզակի է եղել, ամբողջ տիեզերքում անգամ իր նմանը չկա: Մոր արգանդից սկսած ինքը պայքարել է իր կյանքի համար, դժվարություններով է ծնվել Հրաչյան ու մինչև վերջ էլ պայքարող տեսակ է եղել»,- ասում է Հրաչյայի հորաքույրը՝ Գայանեն։

Իշխանասարում ընթացող մարտերի ժամանակ Հրաչյան ուժերի գերլարումով վիրավոր ընկերներին մեկ առ մեկ հասցրել է բուժօգնության, ընկերները փաստում են. ամեն մեկին առել է շալակն ու, թշնամու արկերից փախցնելով, նրանց հասցրել փրկության: Դրսևորած աննկարագրելի խիզախ վարքի ու հերոսական արարքների համար  արժանացել է զորամասի հրամանատարի շնորհակալական նամակին:

«Իր հրամանատարական կազմն ու ընկերները ինձ պատմեցին, որ Իշխանասարում ընթացող մարտերի ժամանակ Հրաչյան վնասվածքներ է ստացել, բայց ոչ թե թշնամու կողմից էին դրանք արված, այլ գերլարումով աշխատանքի արդյունք է եղել: Ասում են՝ վիրավորում ստացած զինվորներին կարողացել է հասցնել բուժօգնության, ինչի արդյունքում Հրաչյայի մոտ ոտքերի երակների վարիկոզ լայնացում է առաջացել, արյունահոսել է»,- պատմում է Արայիկը:

Հրաչյան անսահման սիրել է մարզվել, մարզել է թե՛ միտքը, թե՛  մարմինը: Շուրջ 6 տարի պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է Կիոկուշին կարատե մարզաձևով, ունեցել է հաջողություններ:

«Նա տեսակով այնքան առանձնահատուկ էր, այնքան համեստ էր,  բայց միևնույն ժամանակ կրկնակի անգամ ֆիզիկապես ուժեղ,  զարմանում էինք՝ որտեղի՞ց նրան այդքան ուժ: Իր Սենսեյը ասում էր, որ Հրաչյայի թեթև հարվածը մարդու ոսկորները կփշրի, եթե հանկարծ մի քիչ ուժեղ հարվածի, կսպանի տեղնուտեղը, այդքան ուժեղ ու դիմացկուն  է եղել: Ունցել է և՛ սուր տեսողություն, և՛ սուր լսողություն»,- ասում է հորաքույրը:

Դեռ մանկուց անսահման բարի ու կարեկից է եղել Հրաչյան,  ինքն իրեն չի խնայել դիմացինին օգտակար լինելու համար, անսահման սիրված է եղել թե՛ ընկերների, թե՛ ուսուցիչների, թե՛ հարազատների կողմից:

«Մի օր, երբ մթնել էր արդեն, Հրաչյան չկար, տասը տարեկան էր դեռ, անհանգիստ էինք, ասում էինք ու՞ր է, ի՞նչ եղավ: Մեկ էլ եկավ, թե բա տատ, մի խեղճ ու մենակ տատիկ ծանր տոպրակներով երկար ճանապարհ պիտի գնար, դա էլ քիչ էր ինը հարկ պիտի բարձրանար, իրեն էի օգնում, տարա տուն եկա: Ասեցինք, Հրաչյա ջան, դու ճանաչում էիր նրան, ասեց՝ չէ տատ, իմ տատիկին շատ էր նման, օգնեցի»,- անթաքույց հպարտությամբ պատմում է Վարդուհի տատը:

 Կրթությունից ու արհեստից անմասն չի մնացել Հրաչյան, 2009-2018 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցը, որտեղ սիրելի ուսուցիչներն ու ընկերները հավաքել են հուշերի իրենց անկյունը՝ դասամատյանում նրան հավերժ ներկա նշանակելով: 2018-2021 թվականներին Հրաչյան ուսումը շարունակեց Երևանի արհեստագործական պետական ուսումնարանում, ավարտեց այն ու ստացավ հրուշակագործի որակավորում։

«Ե՛վ ինքը, և՛ հոգին, և՛ սիրտը  շատ մաքուր էին: Երբեմն հոգու հետ խաղում էինք, որ շատ էր լվացվում, չափից դուրս մաքրասեր ու բծախնդիր էր, միշտ պետք է հարդարված ու կոկիկ լիներ, աղջիկների խելքը գնում էր Հրաչյայիս համար: Դրանով հանդերձ շատ զուսպ էր, չափավոր խոսում էր, չափավոր ուտում, յոթ չափում էր, մեկ՝ կտրում, անսահման համեղ էր պատրաստում, իրարից տարբեր բաղադրատոմսեր գիտեր, որ մենք անգամ չգիտեինք»,-ասում է հորաքույրը:

Դեպքից 3 օր առաջ Հրաչյան զանգել է հարզատներին, խոսել ծառայությունից ու ասել, որ մինչև վերջին շունչը կկռվի: Հրաչյան սկզբունքային մարդ էր, հասուն մտածելակերպ ուներ,  հավասարակշռված ու պատասխանատու վարքագիծ: Նա քայլող օրինակ էր, ումից կարելի էր սովորել բարություն ու կարեկցանք ցուցաբերելու պարզ ու նուրբ արվեստը: Բարության անսահման ծիլերն իր հոգում սփռած՝  նա այդպես էլ պայքարեց կյանքի գնով, չընկավ, այլ զոհվեց հանուն իր բաժին հայրենիքի: Ի թիվս այլոց, նա իր տեղը գտավ Եռաբլուրում, հանգչեց նրանց կողքին, ովքեր լավ գիտեին  սեփական երկրի պահպանության ու պաշտպանության և՛ անհրաժեշտությունը, և՛  կարիքը:

2023 թվականի մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում մառախուղի ու ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ Զինված ուժերի զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունենում փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչում նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվում է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի դին՝ հրազենային մահացու վնասվածքներով: Դեպքի հանգամանքները մինչ օրս լիարժեք չեն հայտնաբերվել ու պարզաբանվել, քննությունը դեռ ընթացքի մեջ է: Հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Հրաչյա Սարուխանյանը 1 տարի 2 ամսվա զինծառայող էր, նա տան միակ որդին էր, ունի երկու քույր:

2024 թվականի հուլիսի 12-ին Հրաչյա Սարուխանյանը 21 տարեկան կդառնար․․․

Սաթենիկ Խալաթյան

4-րդ կուրս

Կիսվել