«Տպագիր և առացանց մամուլը պետք է ավելի շատ տեղ հատկացնի վերլուծական ժանրերին»

«Տպագիր և առացանց մամուլը պետք է ավելի շատ տեղ հատկացնի վերլուծական ժանրերին»

256

Journalist.am-ի զրուցակիցն է ՀՀ քնչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Գոռ Աբրահամյանը:

-Պարոն Աբրահամյան, որքա՞ն հաճախ եք լրատվադաշտում հանդիպում էսսեների. Ձեր կարծիքով ժանրն այսօր արդի՞ է։ Ըստ Ձեզ՝ ինչու՞ այս ժանրի շուրջ ընթերցողների կողմից չկա մեծ հետաքրքրություն:

-Էսսեի ժանրով ստեղծագործությունները ներկայիս մեդիամիջավայրում հաճախակի չեն հանդիպում, քանի որ հանրային լայն սպառողական մտածողությունը մեծ հաշվով մերժում է իռացիոնալությունը։ Իսկ Էսսեի հիմնական հատկանիշներից մեկը հենց որևէ հիմնահարցի, երևույթի իռացիոնալ, ոչ ստանդարտ մատուցումն է, որտեղ գեղագիտական հենքն ավելի գերակշռող է, քան փաստականը։

Սակայն որպես լրագրողական ժանր՝ Էսսեն երբեք մասսայական կիրառության չի էլ եղել և դրա արժեքը հենց դրանում է՝ գրեթե նույն սկզբունքով, ինչպես գրականությունը։

21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաները ոչ միայն արագացրել են ինֆորմացիայի, կոնտենտի ստեղծման գործընթացը, այլ նաև ստիպում են միավոր ժամանակում ավելի շատ այսպես կոչված միագիծ տեղեկատվություն կլանել՝ ընդ որում, շատ դեպքերում տարբերակում չդնելով կեղծ և իրական տեղեկատվության միջև։

Մինչդեռ էսսեն ոչ թե տեղեկատվություն է փոխանցում, այլ իրողությունների վերաբերյալ հեղինակի անհատական ընկալումը՝ ոչ ստանդարտ և ազատ մտավարժության, շարադրանքի միջոցով։ Էսսեով ստեղծագործությունների ընկալման համար մտավոր որոշակի աշխատանք է պահանջվում ընթերցողից, որի ժամանակը 21-րդ դարի մարդը չունի։ Դրա համար էլ նա մնում է զուտ տեղեկույթի արտաքին, պարզունակ հուզական ազդեցության տակ։

Ձեր կարծիքով որակյա՞լ են հայաստանյան լրատվադաշտում հրապարակվող էսսեները:

-Հայաստանյան լրատվադաշտում էսսեի ժանրով գրող լրագրողների դեֆիցիտ է։ Դա պայմանավորված է մի կողմից զանգվածային լրատվության միջոցների կողմից նման ժանրով ստեղծագործելու և նյութ մատակարարելու պատվերի բացակայությամբ, մյուս կողմից՝ լրագրողների՝ պրոֆեսիոնալ էսսեիստ դառնալու ձգտման բացակայությամբ։ Այս հանգամանքը կարող է բացատրվել գրականության և լրագրության միջև՝ գնալով ավելի խորացող անջրպետով։ Նախկինում գրականության մշակները շատ սերտ համագործակցում էին հանրապետական մամուլի հետ, շատ դեպքերում թղթակցում, և այդ հանգամանքը թույլ էր տալիս, որ այդ ժանրով նրանց ստեղծագործությունները շատ հրատարակվեն թերթերում։ Այսօր չկա նման երևույթ․ ավելին՝ գրականության մշակները փորձում են ինքնադրսևորման իրենց անհատական, բլոգային հարթակներն առաջ մղել։ 

Չնայած դրան՝ առսանձին անհատատներ, որոնք կայացել են այդ ժանրում և չեն դավաճանում ընտրած ուղղուն, իրենց իրական կոչմանը, շարունակում են ստեղծագործել, ստեղծել որակյալ պատումներ։ Նրանց թիվը, ցավոք, շատ չէ։ 

-Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ ժանրի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար:

-Ինչպես տպագիր, այնպես էլ առցանց մամուլը պետք է ավելի շատ տեղ հատկացնեն էսսեներին։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն էսսեին է վերաբերում, այլ առհասարակ գեղարվեստական-հրապարակախոսական ժանրերին, որոնք այսօր կարողանում են հանդես գալ նաև հիբրիդային տեսքով։ Դա անհրաժեշտ է աշխարհայացք զարգացնելու, գեղագիտական ճաշակ թելադրելու, գաղափարական որոշակի մտքեր, մտավոր արժեքներ գեներացնելու համար։

Դրան զուգահեռ՝ ժուռնալիստական կրթության մեջ պետք է կարևորվի ոչ միայն ինֆորմացիայի, փաստի հետ աշխատանքը, այլ նաև՝ մտքի, գաղափարի։ Պետք է խրախուսել ուսանողների, սկսնակ լրագրողների ազատ, բայց կոմպոզիցիոն շարադրանքը։

Երրորդ՝ պետք է ջանքեր գործադրել գրական պրոզան լրագրային դաշտ վերադարձնելու, այդ կերպ նաև լրատվամիջոցի միջոցով ընթերողներին հոգևոր սնունդ տալու ուղղությամբ։ Եթե նման քայլեր կատարվեն ԶԼՄ-ների տեղեկատվական քաղաքականությունը որոշողների կողմից, էսսեն ինքնաբերաբար կգտնի իր համար ավելի լայն ինքնադրսևորման տարածքներ։

-Կարելի՞ է ենթադրել, որ նման տեմպերով ժանրը շուտով «կսպառի իրեն»:

-Ժանրի սպառման հեռանկարի մասին դիտարկումները չափազանցված են։ Ստեղծագործական ինդիվիդուալ միտքը, մտածողության և շարադրանքի գեղարվեստականությունը միշտ լինելու են պահանջարկված, իհարկե, ոչ լայն մասսայական սպառման համատեքստում։ Կփոխվեն արտահայտչամիջոցները, տեղեկատվությունը ընթերցողներին կամ սպառողներին հասցնելու ձևաչափերը, սակայն իրականության այլաբանական, ինչ-որ իմաստով աբստրակտ ընկալում ունեցող կամ փնտրող լսարանի համար, որն իհարկե, մեծ չէ, այն լինելու է փնտրված ժանր։ 

Հարցազրույցը՝ Մոնիկա Ավետիսյանի

4-րդ կուրս

Կիսվել