Օնլայն բուքմեյքերները՝ լավ փաթեթավորված ծուղակ

Օնլայն բուքմեյքերները՝ լավ փաթեթավորված ծուղակ

244

Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները վերջին տարիներին մեծ թափով ընդլայնվել են: Բացվել են նոր գրասենյակներ ու մասնաճյուղեր: Արդյունքում խաղերի այս ոլորտը դարձել է ծառայությունների առաջատար ճյուղերից մեկը, թեպետ ոլորտում գործող շատ ընկերություններ չունեն լիցենզիա: Լիցենզավորված և գործող ընկերությունները չորսն են, ըստ Ֆինանսների նախարարության հրապարակած ցանկի՝ վիճակախաղեր են կազմակերպում «Վիվառո Բեթինգ» (Վիվառոբեթ), «ԳուդվինԲետ» (Գուդվին), «Սաբարկո» (Աջարաբեթ) և «Դիջիգեյմ» (Տոտո գեյմինգ) ընկերությունները։ Չնայած որ 2022 թվականի սեպտեմբերի 11-ից արգելված են փողոցներում, հասարակական տրանսպորտում և գրեթե ամենուր հանդիպող խաղադրույքների, վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդները, այնուամենայնիվ բուքմեյքերների հասցեատերերը շարունակում են օգտվել դրանցից:

Սյուզաննա Մելիքյանի ընկերներից մեկը խաղամոլության զոհ է դարձել: Ըստ նրա՝ մեկ շաբաթ առաջ վաճառել է սեփական մեքենան ու գումարը վատնել առցանց բուքմեյքերների վրա:

«Ընկերս, կարծես, թակարդի մեջ լինի, չենք կարողանում նրան կտրել այդ սովորությունից, մեկ շաբաթ առաջ մեծ գումար տանուլ տվեց: Մի քանի անգամ առաջարկել եմ գնալ հոգեբանի մոտ, սակայն կտրուկ մերժել է: Մարդկային ճակատագրերի հետ են խաղում այդ խաղատներն ու ինտերնետային շահումները, կարծում եմ, որ լուրջ սահմանափակումներ պետք է դրվի»,-ասում է Սյուզաննան:

Հայաստանի Հանրապտության Կառավարության նիստում գովազդի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարութոյւնը հայտարարեց, որ որևէ մեկին չեն կարող արգելել խաղատուն գնալ, բայց որոշակի արգելքներ կլինեն։ Հատկանշական է այն փաստը, որ բուքմեյքերական ընկերությունները Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են, օրինակ՝ 2019 թվականին դրանց մի մասը պետական բյուջե են վճարել 9 մլրդ 342 մլն դրամ։

Հարութ Խաչատրյանը հաճախ է օգտվում բուքմեյքերների ինտերնետային շահումների հնարավորություններից: Վերջերս նա խոշոր չափի գումար է շահել:

 «Մեկ շաբաթ առաջ հերթական անգամ պտտում էի, այսպես կոչված, հաջողակ անիվն ու բախտս բերեց: Առհասարակ ես հաճախ եմ օգտվում բուքմեյքերներից, մեկ-մեկ շահում եմ, մեկ-մեկ՝ պարտվում, բայց այնպես չէ, որ կախվածության մեջ եմ, պարզապես ժամանակ եմ անցկացնում: Հետաքրքիր է, թե ինչ է կատարվում մարդու հետ, և ինչ նոր էմոցիաներ է նա ունենում հաղթելու կամ պարտվելու ժամանակ»,- ասում է նա։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Հայկ Բեջանյանը ասում է, որ խաղադրույքներ կատարելու պրակտիկան տարբեր երկրներում տարբեր է, օրինակ՝ ԱՄՆ-ում կան նահանգներ, որտեղ վիճակախաղերը պետական են ու նահանգի իշխանություններն են կազմակերպում այդ գործընթացը, կան նահանգներ որոնց բյուջետային եկամուտների զգալի կշիռն առաջանում է խաղադրույքների գեներացրած միջոցներից:

«Ամերիկացին իր եկամտի միայն 2-3 տոկոսն է ուղղում վիճակախաղ գնելուն` ակնկալիքով, որ մի անգամ կարող է հաջողել ու շահել, սակայն չի չարաշահում և ամբողջ գումարը չի ներդնում, քանի որ կա քվոտավորում, թե յուրաքանչյուր մարդ ինչ քանակի խաղադրույք կարող է գնել ու մասնակցել վիճակախաղին»,- ասում է նա։

Բուքմեյքերներից մեկի աշխատակիցները, ովքեր չուզեցան նշել ընկերության անունը, մեզ հետ զրույցում ասացին, որ ամենափոքր խաղադրույքը, որ հիմնականում կատարվում է 1000 ՀՀ դրամն է, իսկ ամենամեծը՝ դժվարանում են նշել, քանի որ այն կարող է կազմել միլիոններ:

«Խաղադրույք կատարելու համար շատ պատճառներ կան, օրինակ՝ մեկը պարտք ունի կամ ամբողջական գումարից մի քիչ պակասում է, մտածում է, որ այդ գումարը կարող է լրացնել, եթե հաջող խաղադրույք անի, մյուսը դա անում է ուղղակի հաճույքի համար, այսինքն շարժառիթները տարբեր են»,-ասում է աշխատակիցներից մեկը:

Աշխատակցները նաև նշեցին, որ բուքմեյքերական ծառայություններից հիմնականում տղամարդիկ են օգտվում, կանայք ավելի պասիվ են: Իսկ մշտական օգտվողները հիմնականում 20-25 տարեկան երիտասարդներն են:

Հոգեբան Ազնիվ Հարությունյանի խոսքով՝ բուքմեյքերների ախորժելի առաջարկները մարդկանց հասցնում են խաղամոլության, ինչը հետագայում ծանր հետևանքներ է թողնում:

«Խաղամոլությունը ոչ քիմիական կախվածություն է, կարելի է ասել, որ այս դեպքում գիտակցությունը պարտվում է էմոցիաներին: Շատերը միջոցների բացակայության դեպքում դիմում են ինքնավնասման, կան նաև այդ հողի վրա ինքնասպանություն գործողներ»,- ասում է հոգեբանը:

Ազնիվ Հակոբյանը վստահ է, որ երիտասարդության ներգրավվածությունը այս ամենում չափից շատ ռիսկեր է պարունակում, ինչի ապացույցը հենց նրանց ագրեսիվ վարքն ու պահելաձևն է:

Հիշեցնենք, որ 2022 թվականին ՀՀ Ազգային ժողովը շրջանառության մեջ դրեց «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվեց սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։ Այդպիսով սահմանափակվեցին բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև արգելվեց գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումը: Դրանով քաղաքացիները այլևս չեն կարող խաղադրույքների համար գումար փոխանցել վճարային սարքերով, խաղադրույք անել հնարավոր կլինի միայն բանկային հաշիվներից կամ բանկային քարտերով դա իրականացնել։

Ըստ պաշտոնական վիճակագրությամբ՝ անցած տարի Հայաստանում բուքմեյքերական ոլորտում ավելի քան 6,5 միլիարդ դոլար է շրջանառվել, համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում ողջ երկրի պետբյուջեն երկու անգամ ավելի քիչ եկամուտ է ստացել։ Մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվել մի երկրում, ուր յուրաքանչյուր երրորդն ապրում է աղքատության մեջ։ Կարելի է ենթադրել, որ կիրառվող սահմանափակումները լիարժեքորեն չեն զսպում բուքմեյեքերների գործունեությունը։ Հաճախ դիմելով թաքնված գովազդի կիրառմանը, ընկերությունները կարողանում են մեծացնել իրենց թիրախային լսարանը, իսկ մարդիկ սոցիալական ծանր դրության պատճառով շարունակում են օգտվել առաջարկվող հրապուրիչ ծառայություններից ու ընկնում ծուղակը: Արդյունքում տուժում է հասարակությունը, շահում՝ բուքմեյքերական ընկերությունը:

Սաթենիկ Խալաթյան

4-րդ կուրս

Կիսվել