Լեռներ նվաճելու արվեստը

Լեռներ նվաճելու արվեստը

168

Անին 2018 թվականին առաջին անգամ լեռ բարձրացավ և հասկացավ, որ լեռնագնացությունն իր կյանքի անբաժան մասը պետք է դառնա: Լեռնագնացությունը սպորտի և ակտիվ հանգստի տեսակ է, որի նպատակը վերելքն է լեռնային դժվարամատչելի տարածքներ: Անին պատմում է, որ առաջին անգամ Գութանասար է բարձրացել և զգացողություններն այնքան հաճելի են եղել, որ կարծես թե կախվածություն է առաջացել։ Դրանից հետո 4 տարի շարունակ նույն անհամբերությամբ սպասում է կիրակի օրվան՝ լեռ բարձրանալուն: Սա իր յուրօրինակ մեդիտացիան է. ամբողջ շաբաթվա սթրեսը, հոգսերն ու անհանգստությունները մոռացվում են լեռ բարձրանալիս: Ադրենալինն անպակաս է, զվարճալի պատմությունները՝ նույնպես: Հիշում է, որ մի անգամ ընկերներից մեկին զգուշացրել էին, որ իր հետ անձրևապաշտպան հագուստ բերի, ասել էին՝ «дождевик» կվերցնես, ինքն անձրևանոց էր հասկացել, սարի վրա անձրևանոցը բացելուց անմիջապես հետո քամուց ծալվել ու կոտրվել էր:

Անին թվարկում է առաջին անհրաժեշտության պարագաները, որ պետք է իր հետ ունենա ցանկացած լեռնագնաց.

«Առաջին հերթին՝ ջուր, այնուհետ՝ դեղատուփ, հատկապես եթե ունես առողջական որևէ խնդիր, տաք և անձրևապաշտպան հագուստ, լապտեր, ուսապարկ և կոշիկներ, որոնք քայլելիս անհարմարություն չեն պատճառի, ինչպես նաև դյուրամարս սնունդ»:

Հայաստանի բոլոր լեռներն էլ սիրում է, բայց իր սրտում հատուկ տեղ ունեն Արագածն ու Խուստուփը.

«Արագածն ունի կեղծ և իրական գագաթներ: Մենք բարձրացանք իրական՝ հյուսիսային գագաթը, որն իրականում բավականին բարդ էր: Զգացողություն էր, որ ես ինքս ինձ հաղթել եմ, մտածել եմ՝ չեմ կարող, բայց բարձրացել եմ ու ինքս ինձ ասել՝ ես կարողացա: Խուստուփն էլ ինձ համար ուրիշ նշանակություն ունի. այնտեղ գնալիս ինձ թվում է, թե Նժդեհի հոգու հետ եմ ապրում»:

Այն մարդուն, ով կյանքում առաջին անգամ որոշել է լեռ բարձրանալ, Անին տալիս է 3 հիմնական խորհուրդ՝ հոգեբանական, ֆիզիկական և տեխնիկական. «Լեռ բարձրանալն այդքան էլ հեշտ չէ, եթե նույնիսկ ֆիզիկապես պատրաստ ես, պիտի անպայման հոգեբանորեն պատրաստ լինես բարձրության վրա գտնվել, ի վիճակի լինել տանելու բոլոր ծանր ու դժվար ապրումները, որ ունենում ես այդքան մեծ բարձրության վրա: Ֆիզիկական առումով շատ կարևոր է կարողանալ ճիշտ գնահատել սեփական ուժերը, չգերագնահատել և չթերագնահատել ինքդ քեզ, ուսումնասիրել և փորձարկել քո ֆիզիկական պատրաստվածությունը և, ի վերջո, հասկանալ՝ կարո՞ղ ես արդյոք: Տեխնիկական խորհուրդն է` հետեւել ուղեկցորդի հրահանգներին, ավելորդ ծանր իրեր չվերցնել ու հագնել ամենահարմար հագուստն ու կոշիկները»:

Իր գիտելիքներն Անին տարիների փորձով է ձեռք բերել, լեռնագնացությունն իր կյանքի անբաժան մասն է, որից կարող է հրաժարվել միայն մեկ դեպքում՝ եթե ոտքեր չունենա, սակայն այդ դեպքում էլ, ասում է, մի լուծում հաստատ կգտնի:

Մարիամ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել