«Պետք է լինել մշակութային փոխանակության մեծ ընտանիքի մի անդամ, բայց և չկորցնել...

«Պետք է լինել մշակութային փոխանակության մեծ ընտանիքի մի անդամ, բայց և չկորցնել անձնային ու ազգային ինքնությունը»

181

Մեր զրուցակիցը Ֆլեքս ծրագրի 2019-2020 թվականների շրջանավարտ Նանե Կոստանդյանն է: Ֆլեքս անգլերենից թարգմանաբար (Future Leaders Exchange) նշանակում է ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր, անց է կացվում երեք փուլով, որի հաղթողները մեկնում են ԱՄՆ՝ սովորելու ավագ դպրոցում և մասնակցելու մշակութային փոխանակման:

Ինչու՞ որոշեցիք մասնակցել Ֆլեքս ծրագրին և ինչպե՞ս եք պատրաստվել փուլերին:

-Ես ծնվել եմ Գորիսում: Երբ դեռ 8-րդ դասարանում էի, իմ ավագ ընկերներից ու համաքաղաքացիներից որոշները դիմել էին ծրագրին ու անցել։ Այդպես լսեցի ծրագրի մասին, ու հենց տարիքս համապատասխանեց, 9-րդ դասարանում առաջին անգամ դիմեցի։ Քանի որ շատ էի սիրում անգլերենն, ու այն սովորելն ինձ մոտ լավ էր ստացվում, ես մեծ ոգևորությամբ էի դիմել ծրագրին, առաջին անգամ հասա մինչև երրորդ փուլ, որից հետո չանցա։ Տասերորդ դասարանում նորից փորձեցի, անցա 2 փուլերը ու երրորդը էլի չանցա։ 11-ում փոքր ինչ հուսահատվել էի ու չմասնակցեցի։
12-րդ դասարանում համառությունս ինձ հաղթեց ու նորից դիմեցի, վերջապես անցա։

Որպես Հայաստանից մասնակից, ինչպե՞ս եք ներկայացրել Հայաստանի մշակույթը։

-Իմ և այլ դպրոցներում մի քանի անգամ ներկայացրել եմ հայկական մշակույթը տեսանյութերի, նկարների միջոցով: Միջոցառումներից մեկի ժամամակ Հայաստանից տարած լավաշը փոքրիկ կտորների էի բաժանել ու մասնակիցներին հյուրասիրել: Գորիսում հայրս հենց լավաշի արտադրության բիզնեսով է զբաղվում, ու շատ դրական էմոցիաներով եմ հիշում, թե ինչպես էին ամերիկացիները մեր թոնրի լավաշից ուտում, տեսանյութերով դիտում թխման պրոցեսը: Բոլորին, որպես հուշ, հայկական մետաղադրամներ էի տալիս ու փոքրիկ դրոշներ։ Դե իսկ ընտանիքիս հետ հայկական տոլմա, գաթա, չիր ու չամչով փլավ ենք պատրաստել։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք հոսթ եղբորս հետ հայկական երաժշտության տակ տոլմա պատրաստում։

-Ի՞նչ դժվարությունների եք առնչվել ծրագրի շրջանակներում։

-Շատերը կարծում են, որ Ֆլեքսը անգլերենի մրցույթ է, սակայն անգլերենի իմացությունը միակ չափանիշը չէ ծրագրում հաղթելու համար։ Անգամ անգլերենի ցածր մակարդակի դեպքում մասնակիցը կարող է իր անձնային ու առաջնորդական տվյալներով համապատասխանել ծրագրի պահանջներին ու անցնել։ Դիմելու ընթացքում՝ հատկապես առաջին ու երկրորդ անգամ, դժվար էր հասկանալ, թե ինչի վրա պետք է աշխատեմ, որ ընտրվեմ: Հիմա հասկանում եմ, որ ես ընտրվել էի հենց այն ժամանակ, երբ ամբողջովին պատրաստ էի ընդունել ծրագրի մարտահրավերները։

Ֆլեքս տարին իմ կյանքի լավագույն տարին էր, ուստի դժվարությունների մասին անգամ չեմ հիշում, սակայն հիշում եմ, որ չնայած ինձ թվում էր  լավ գիտեմ անգլերեն, առաջին մեկ ամիսը դպրոցում ուսուցիչներին ու աշակերտներին այքան էլ լավ չէի հասկանում, ինչն, իհարկե, գնալով ավելի հեշտ դարձավ։

Երբ հասա իմ հյուրընկալ նահանգ՝ Հավայա, դժվար էր գիտակցել, որ ես աշխարհի մյուս ծայրում եմ ու այնտեղ հայեր գրեթե չկան, սակայն Հավայան կղզիների բնակիչներն այնքան ընկերասեր ու բարի են, որ կարճ ժամանակ անց ես ինձ տանն էի զգում։

-Ի՞նչ տարբերակներ կառաջարկեք նոր միջավայրին հարմարվելու համար։

-Միանշանակ, ինչքան հնարավոր է շփվել մարդկանց հետ։ Իհարկե, գուցե Ամերիկայում ավելի դժվար է ընկերներ ձեռք բերելը, բայց թե՛ դպրոցի ընկերների, թե՛ հյուընկալ ընտանիքի անդամների հետ շատ ժամանակ անցկացնելը օգնում է արագ հարմարվել։

-Հե՞շտ էր հյուրընկալ ընտանիքի հետ շուրջ մեկ տարի ապրել, տարաձայնություններ կամ որոշակի խնդիրներ եղե՞լ են:

-Հյուրընկալ ընտանիքիս հետ ապրելն ինձ համար շատ հեշտ էր ու շատ հաճելի, քանի որ հենց առաջին օրվանից մենք ապրել ենք փոխադարձ վստահության ու համաձայն մթնոլորտում:
Հյուրընկալ ծնողներս պատրաստ էին ինձ օգնել ամեն հարցում, իսկ ես ամեն կերպ փորձում էի լինել պատասխանատու ու շնորհակալ, հետևել ընտանիքի կանոններին։
Երբ փոքրիկ խնդիրներ էին առաջանում, անմիջապես քննարկում ու տեղում լուծում էինք։ Երբեմն տպավորություն էր, որ իմ ընտանիքի անդամներին տարիներ շարունակ գիտեմ, ուստի փոքրիկ խնդիրները շատ սահուն էին անցնում, ծնողներս էլ բավականին փորձառու էին աշակերտներ հյուրընկալելու հարցում, ես նրանց վստահում էի այնքան, որքան իմ հարազատ ծնողներին։

Ի՞նչ ակնկալիքներ ունեիք ծրագրից, եղե՞լ են հիասթափություններ։

Կարծում եմ, որ ծրագրից ավելին եմ ստացել, քան ակնկալում էի։ Ես ակնկալում էի ճանաչել Հավայան մշակույթը, նախքան մեկնելս չէի պատկերացնում, որ այդ փոքրիկ կղզին ինձ այնքան հարազատ կդառնա, որ երբեմն կմտածեմ, թե հենց այնտեղ եմ ծնվել։
Ես, ով լողալ չգիտեր, Հավայա հասնելուց քիչ ժամանակ անց բառիս բուն իմաստով ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում, սովորեցի լողալ ու սուզվել, ուսումնասիրել Խաղաղ օվկիանոսի ստորջրյա աշխարհը: Ընտանիքս ոչինչ չէր խնայում ինձ Հավայան մշակույթին ծանոթացնելու համար, ու ես լիարժեքորեն ընդգրկված էի տեղացիների առօրյային։
Ես չէի սպասում նաև, որ այդքան կարճ ժամանակում կարող եմ այդպես մտերմանալ ընտանիքիս հետ, զարմանալի է, որ իմ երկրից այդքան հեռու գտնվող մի վայրում ես գտա այնպիսի մարդկանց, ովքեր իմ կյանքում ամենակարևոր մարդկանցից են, և որոնց իրոք համարում եմ իմ ծնողներն ու ընտանիքը։

Ի՞նչ չեք հասցրել անել ծրագրի ընթացքում, որ խորհուրդ կտայիք անել դիմորդներին։

-Խորհուրդ կտամ նախօրոք ուսումնասիրել այն տեղը, որտեղ գնալու եք, ու to do list կազմել, որ կարողանաք արդյունավետ օգտագործել ժամանակը։ Վերադառնալուց հետո երբեմն վայրեր եմ բացահայտում, որոնցում չեմ եղել, ուստի խորհուրդ կտամ նախօրոք շատ ուսումնասիրել։ Խորհուրդ կտայի նաև դպրոցում շատ սպորտաձևեր ընտրել, որովհետև դպրոցում սպորտերի լայն ընտրությունը շատ է տարբերվում Հայաստանի դպրոցներից:Կորոնան խանգարեց, որ հասցնեմ սյորֆինգի դասերի գնալ: Եթե մինչ գնալս լավ լողալ իմանայի, կգրանցվեի տարբեր ջրային սպորտերի։

Արդյոք Ամերիկայում կրթությունը հենց այն կրթությունն է, որը մենք տեսնում ենք ամերիկյան ֆիլմերում:

Իհարկե այս հարցին ավելի լավ կպատասխանեն իմ ընկերները, ովքեր բուն ամերիկյան նահանգներում են ապրել։ Հավայան կղզիներում անգամ դպրոցի շենքերն են այլ կերպ կառուցված, օրինակ առանձին փոքրիկ շենքներ են, միջանցքները բացօթյա են, քանի որ շոգ է։
Իհարկե cheerleaderները, մեծ դեղին ավտոբուսները ու յուրաքանչյուր դասի համար առանձին դասասենյակներն իրական են։
Ուսուցիչներն ունեն իրենց դասասենյակներն ու դասը անցկացնելու իրենց հետաքրքիր երբեմն նաև զվարճալի մեթոդները։

Հետաքրքիր դեպք, որ պատահել է ձեզ հետ Ամերիկայում։

-Դպրոցը մեր տանը մոտ էր, ու ես հեծանիվով էի գնում դասի: Մի անգամ հեծանիվիս ինչ-որ մաս խախտվեց, դե ես էլ ինչ անում, չէի կարողանում սարքել։ Մեկ այլ հեծանվորդ, երբ տեսավ ինձ, ասաց, որ սպասեմ, գնաց ու մոտակայքում գտնվող իր տնից գործիքներ բերեց ու սարքեց հեծանիվս։ Մինչ այդ շատ էի լսել, որ Ամերիկացիները անտարբեր են, սա կոտրեց իմ մեջ այդ կարծրատիպը։

Մի օր զանգ ստացա գերմանացի ընկերոջիցս, ով ինձ հետ նույն քաղաքում էր ապրում։ Զարմացա, որ ասաց, որ մի շատ հաճելի աղջիկ ուզում է խոսել ինձ հետ: Հեռախոսը փոխանցեց աղջկան, ես էլ զարմացած.
– Hi?
-Բարև, Նանե ջան,- լսում եմ հեռախոսի մյուս կողմից։
Պատկերացրեք իմ վիճակն էդ պահին. ես համարյա երեք ամիս է՝ ապրում եմ Օահու կղզում, ու երբ իմ ընկերները մյուս նահանգներում հայկական համայնքներ են գտնում ու շփվում հայերի հետ, ես երբևէ հայի չեմ հանդիպել, ու ինձ թվում էր, որ էստեղի միակ հայը ես եմ։
Հերմինեին չեմ ճանաչում, ընդամենը մի քանի րոպե խոսեցինք հեռախոսով ու պայմանավորվեցինք հանդիպել, բայց ներսս ամբողջովին տակնուվրա եղավ, չկարողացա հուզմունքս զսպել երբ լսեցի “Բարև Նանե ջանը” ։

3 ամիսների ընթացքում առաջին անգամ մեկը հետս հայերեն խոսեց ու էդ “ջանը” հայկական շատ մեծ ջերմություն տվեց ինձ։
Անհամբեր սպասում էի իմ ու Հերմինեի հանդիպմանը, Հերմինեն մի ամսով էր եկել, ու առաջիկա մի ամիսը էս կղզին 2 հայ կունենար։ Այս դեպքը ևս մի ապացույց է, որ աշխարհի որ ծայրում էլ լինի, երկու հայ հաստատ իրար կգտնեն։ Հայրենիքից հեռու Հայաստանի հետ կապված ամեն բան հուզում է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա դիմորդներին։

-Հստակ որոշել, թե կոնկրետ ինչի համար են ուզում դիմել ծրագրին, դիմել այն ժամանակ, երբ զգում են, որ բավական հասուն են ու պատրաստ, չհանձնվել ու չհուսահատվել, եթե չեն անցնում, նորից դիմել, լինել մշակութային փոխանակության մեծ ընտանիքի մի անդամ, բայց և չկորցնել անձնային ու ազգային ինքնությունը։

Հարցազրույցը՝ Մարիամ Վարդանյանի

4-րդ կուրս

Կիսվել