«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը մոտենում է ավարտին

«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը մոտենում է ավարտին

154

Հանրապետությունում ապրիլի 17-ից մայիսի 3-ը անցկացվում է «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի ծրագիրը բավականին հագեցած է։ Փառատոնին ցուցադրվում է  20 ներկայացում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից։ Բավական ակտիվ մասնակցություն ունեն Հայաստանի բեմադրիչները, դրամատուրգները։

«Փառատոնը հատուկ շեշտադրում է երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործերը։ Նրանցից ոմանք առաջին քայլերն են կատարում դեպի մեծ բեմեր։ «Արմմոնո»-ն նաև լավ հարթակ է միջազգային ասպարեզ դուրս գալու համար»,- ասաց միջազգային թատերական փառատոնի տնօրեն  Մարիաննա Մխիթարյանը։

Ապրիլի 17-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տրվեց «Արմմոնո» փառատոնի մեկնարկը ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Սիգրիդ Կարե-Լըկուանդրի «Էդա» մոնոդրամայով։ Ներկայացման բեմադրիչն ու դերասանուհին ֆրանսիացի Լենա Պոգամն է։

«Ներկայացումը ընտանեկան դժվար փուլերի, բռնության մասին է։ Ես ցանկացա պատմել այն մասին, թե ինչպես է երբեմն բռնությունը միախառնվում սիրուն կամ ինչպես է սերն անհետանում՝ տեղը թողնելով բռնությանը։ Ես չէի ցանկանում ներկայացում բեմադրել տղամարդկանց դեմ, բայց ցանկանում էի մատնանշել խնդիրը»,-ասաց Լենա Պոգամը։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի ֆրանսիական ծրագրի համակարգող Լուսինե Աբգարյանը տեղեկացրեց, որ «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիան թարգմանում է ֆրանսագիր հեղինակների` հարստացնելու թատրոնների խաղացանկը։

«Սա հնարավորություն է տալիս, որ մեր դերասանները ծանոթանան ժամանակակից դրամատուրգների հետ: Ուրախ ենք, որ բելգիական պիեսները, որոնք նախորդ տարի թարգմանեցինք, մեծ արձագանք գտան հայ հանդիսատեսի շրջանում։ Եվ ուզում եմ նշել, որ այդ պիեսների հիման վրա արված բեմադրություններ ներկայացվելու են նաև «Արմմոնո» փառատոնի շրջանակում»,-ասաց Լուսինե Աբգարյանը։

Ներկայացումները ցուցադրվում են Երևանում և Աշտարակում։ Հիշեցնենք, որ մուտքն ազատ է, միայն պետք է նախապես գրանցվել։

Մոնիկա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել