Ստուգումներ աշխատանքային իրավունքի ոլորտում

Ստուգումներ աշխատանքային իրավունքի ոլորտում

249

Տարվա առաջին եռամսյակում աշխատանքային իրավունքի ոլորտում իրականացվել է 168 ստուգում։ Այս տարի նշանակվել է 57 մլն դրամից ավելի տուգանք։  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ  Վահագն Գրիգորյանը նշեց, որ  արձանագրված խախտումները ամենատարբեր բնույթի են։

«Տուգանքները եղել են հիմականում օրենքով սահմանված ժամանակում աշխատավարձը չվճարելու, ամենամյա արձակուրդ չտրամադրելու, առանց հիմքերի աշխատանքային պայմանները փոխելու համար»,-ասաց Վահագն Գրիգորյանը։

Քիչ չեն դեպքերը, երբ խախտումներ են արձանագրվում անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Եվ՛ իրավունքի, և՛ անվտանգության մասով խախտումներն առավել հաճախ հանդիպում են շինարարության ոլորտում։

«Լինում են դեպքեր, երբ  աշխատողները չեն կրում անհատական պաշտպանիչ միջոցներ, բարձրության վրա միջհարկային աստիճանավանդակները կահավորված չեն լինում, աշխատողները սանիտարակենցաղային պայմաններով ապահովված չեն լինում»,-ասաց Վահագն Գրիգորյանը։

Անվտագության կանոնները չպահպանելու հետևանքով գրանցվում են դժբախտ դեպքեր։ Այս տարվա առաջին եռամսյակում արդեն մահվան 3 դեպք է գրանցվել։

Վահագն Գրիգորյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Առաջարկեց  որոշ դեպքերում տուգանքների չափը վերանայել, առանձնակի դեպքերում տնտեսվարողի գործունեությունը ժամանակավորապես կասեցնել։

«Օրինակ, շինհրապարակում աշխատանքային պայմանները չեն պահպանվել, ու դժբախտ դեպք է գրանցվել։ Տուգանքը կազմում է 130 հազար դրամ, ինչը կարծում եմ բավարար չէ։ Տեսչական մարմինը նախաձեռնում է նաև գործընթաց, որ հնարավոր լինի ժամանակավոր կասեցնել տնտեսվարողի գործունեությունը։  Արդեն այդ հարցերը քննարկել ենք օրենսդիրի հետ»,-ասաց Վահագն Գրիգորյանը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նշեց, որ բազում դիմումներ են ստանում և՛ քաղաքացիներից, և՛ գործատուներից։ Սա նշանակում է, որ վստահություն կա մարմնի նկատմամբ։

Մոնիկա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել