Տեղի է ունեցել «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան Մոսկվա կինոթատրոնում

Տեղի է ունեցել «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան Մոսկվա կինոթատրոնում

201

Մարտի 20-ին էկրան բարձրացավ «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան: «Կատարյալ ապուշը» հայկական նոր կատակերգություն է, որտեղ ֆիլմի գլխավոր հերոս Տիգրիսը ցանկանում է փոխել աշխարհը դեպի լավը և մարդկանց միջից հանել չարությունը, ինչի արդյունքում անընդհատ ընկնում է անհավանական արկածների մեջ և հայտնվում է քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։

Ֆիլմում առկա է նաև շատ գեղեցիկ սիրո պատմություն՝ Տիգրիսի և գլխավոր հերոսուհի Սոֆիի միջև, որը նույնպես համեմված է հետաքրքիր արկածներով։ Կինոնկարը, բացի ուրախ պահեր պարգևելուց, նաև շատ բարի և դաստիարակչական է, ունի շատ կարևոր «մեսիջներ»` պատմում է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Նալչաջյանը։

Ֆիլմում նկարահանվել են Արթուր Հակոբյանը, Վահագն Գալստյանը, Սերգեյ  Սարգսյանը, Սեպուհ Ապիկյանը, Գեորգի Հովակիմյանը և այլ արտիստներ:

-Տիգրան, ի՞նչ խորհուրդ ունի այս ֆիլմը և ու՞մ եք համարում թիրախային դիտորդ:

-Ֆիլմը կատակերգություն է, ժամանցային ֆիլմ, որը նախատեսված է հանդիսատեսի լայն շրջանակի համար: Որպես այդպիսին՝ կարելի է անվանել ընտանեկան ֆիլմ, որը կարող են դիտել բոլորը։

Գլխավոր հերոս Տիգրիսը, ով խենթ կերպար է, որոշել է փոխել աշխարհը դեպի լավը և մարդկանց միջից հանել չարությունը։ Արդյունքում անընդհատ հայտնվում է տարատեսակ զվարճալի արկածների մեջ, որտեղ հանդիպում է տարբեր կերպարների, որոնց մարմնավորում են ճանաչված և սիրված դերասաններ։ Բացի այդ, ֆիլմում կա շատ գեղեցիկ սիրո պատմություն, որն էլ ընթացքում ունենում է իր վայրիվերումները։

-Ինչպե՞ս եք ընտրել դերասանական կազմը, և արդյոք հեշտ էր նրանց հետ աշխատելը:

-Մեծ քասթինգ չեմ հայտարարել։ Առանձին քասթինգներ եղել են որոշ կերպարների համար, որոնց հարցում տատանվել եմ։ Արդյունքում կայացրել եմ օպտիմալ որոշում, որովհետև այս ֆիլմը առանձնանում է նաև բացառապես պրոֆեսիոնալ և ուժեղ դերասանական խաղով։ Անգամ էպիզոդիկ դերերում պրոֆեսիոնալ դերասանների ենք նկարահանել։

Նկարահանումները հիմնականում անցել են շատ թեթև, մինչև այն պահը, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մեծ ողբերգություն՝ քրոջս մահը։ Երկարատև դադարից հետո ես իմ մեջ ուժ գտա և վերադարձա նկարահանման հրապարակ, քանի որ մի մեծ թիմ ինձ էր սպասում։ Նաև նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի նկարահանումները հարթ ընթանան, և ունենանք այն կինոն, որն արդեն կա։ Բացի այդ, իմ կերպարն ունի նմանություն քրոջս՝ Նվարդի հետ, ով հայտնի է իր բացառիկ բարեգործություններով և ես ոգեշնչվում էի հենց նրանով։ Ի դեպ, առաջին նկարահանման օրը քույրս էլ էր ներկա, ով բերել էր իր կատվին, որ նկարենք ֆիլմում։

Սցենարով և նկարահանումներով հանդերձ՝ որքա՞ն ժամանակ է տևել ֆիլմի նկարահանումը և ի վերջո արդարացրե՞լ է ձեր բոլոր սպասելիքները:

-Սցենարը գրել եմ շատ հանգիստ պայմաններում, լեռներում, 2022թ. ամռանը։ Բացի հանդիսատեսի համար հաճելի ժամանց ապահովելուց, ֆիլմը նպատակ ունի նաև բարություն և արժեքներ հաղորդել հասարակությանը։ Կարծում եմ, որ դահլիճից դուրս եկող հանդիսատեսը կունենա ցանկություն բարի գործ անելու։ Եվ եթե յուրաքանչյուրը կատարի թեկուզ մեկ, թեկուզ չնչին բարի գործ՝ աշխարհը կդառնա ավելի լավը։

Ակնկալում եմ, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը և կլինեն լեփ-լեցուն դահլիճներ, որն էլ ինձ կտա հնարավորություն վերադառնալու նկարահանման հրապարակ, հավաքելու շատ լավ թիմ և նկարելու իմ նոր կինոն, գուցե հենց «Կատարյալ ապուշը-2»-ը։ Ժամանակը ցույց կտա։

-Լինելով ֆիլմի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ դժվա՞ր էր ֆիլմը ստեղծել միայնակ:

-Այո, սեփական ուժերով շատ դժվար ու շատ ռիսկային է մեծ ֆիլմ նկարելը, սակայն նախորդ ֆիլմս բավական մեծ թվով հանդիսատես էր հավաքել և ես ողջ գումարը ներդրեցի այս ֆիլմի մեջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ Հայաստանում «Դասարանցիները» ֆիլմը դիտած հանդիսատեսին, ովքեր ինձ տվեցին հնարավորություն նկարելու «Կատարյալ ապուշը» ֆիլմը։

Հարցազրույցը՝ Անուշ Բաբայանի

4-րդ կուրս

Կիսվել