Սոցիալական մանկավարժության խնդիրն աշխատատեղերի սակավությունն է․Հակոբ Թադևոսյան

Սոցիալական մանկավարժության խնդիրն աշխատատեղերի սակավությունն է․Հակոբ Թադևոսյան

572

Մանկավարժական գիտելիքների  որոշ առանձնահատկություններ նկարագրված են «սոցիալական» հասկացության մեջ: «Սոցիալական» հասկացությունն ունի լատինական ծագում` «socialis», որը նշանակում է «ընդհանուր», «հասարակական»: Եվ դա նկատի առնելով էլ գոյություն ունի մանկավարժության առանձին ճյուղ, որն անվանում են սոցիալական մանկավարժություն:  Եվ եթե մանկավարժությունը գիտություն է մարդու դաստիարակության, կրթության և զարգացման մասին, ապա սոցիալական մանկավարժությունը մարդու դաստիարակության և կրթության գործընթացներում առանձնացնում է այն կետերը, որոնք կապված են երեխային հասարակությունում համատեղ կյանքին ընդգրկելու հետ, մեկ խոսքով` երեխայի ինտեգրումը հասարակություն:

Մենք զրուցել ենք ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանի հետ սոցիալական մանկավարժության կարևորության մասին:

-Ի՞նչ է սոցիալական մանկավարժությունը, որտեղի՞ց է այն ծագել:

-Ինչպես նշեցինք, սոցիալական մանկավարժությունը մանկավարժական գիտության ինտեգրատիվ ճյուղ է։ Որպես ինքնուրույն գիտաճյուղի ձևավորումը պայմանավորվում է Ֆ.Դիստերվեգի, Պ.Նատորպի անունների հետ, որոնք տարբեր երևույթների, դրսևորումների պարագայում, տարբեր սոցիալական խմբերի հետ իրականացվող հատկապես մանկավարժական աշխատանքն անվանեցին սոցիալական մանկավարժություն։ Սոցիալական մանկավարժներն աջակցում են տարբեր տարիքային խմբերին սոցիալականացման գործընթացում, հատկապես կենսական դժվար իրավիճակներում հայտնված անձանց, առանց ծնողական խնամքի մնացած, վարքագծային խնդիրներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, դժվար որակված, օժտված երեխաներին։ Սոցիալական մանկավարժները կարող են աշխատել նախադպրոցական հաստատություններում, հանրակրթական և հատուկ դպրոցներում, մանկատներում, քրեակատարողական հիմնարկներում, տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններում, ցերեկային հոգածության կենտրոններում և այլն։

-Որքա՞ն կարևոր դեր ունի սոցիալական մանկավարժությունը մեր հասարակությունում:

-Սոցիալական մանկավարժությունը մանկավարժական գիտության կիրառական ճյուղ է։ Հասարակության համար կարևորությունը պայմանավորված է սոցիալական մանկավարժության գիտահետազոտական, գիտագործնական ձեռքբերումներով, որոնք տարիքային տարբեր խմբերի հետ դաստիարակչական, սոցիալ-մանկավարժական վերականգնողական, շտկողական աշխատանքներում կիրառում են սոցիալական մանկավարժ (և ոչ միայն) մասնագետները՝ նպաստելով շահառուների արդյունավետ կամ հաջող սոցիալականացմանը։

-Արդյոք այն Հայաստանում մեծ տարածում  և պահանջարկ ունի:

-Հայաստանում 2002-2003 ուսումնական տարում Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվեց «Սոցիալական մանկավարժություն» բաժինը (ՄԿԾ)։ Մի քանի տարի հետո հանրակրթական դպրոցներում ներդրվեցին սոցիալական մանկավարժի հաստիքներ։ Սոցիալական մանկավարժները հիմնականում զբաղվում էին ԿԱՊԿՈՒ երեխաների սոցիալականացման հարցերով։ Նշենք, որ մեթոդաբանական առումով սխալ էր սոցիալական մանկավարժների գործառույթների, պարտականությունների շրջանակի ու շահառուների սահմանափակումը։ Խնդիրն այն է, որ սոցիալականացման գործընթացում ուղեկցման, աջակցության, խորհրդատվության կարիք ունեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն ԿԱՊԿՈՒ երեխաները։ Այնուհետև սոցիալական մանկավարժի հաստիքներ ներդրվեցին ցերեկային և շուրջօրյա խնամքի կենտրոններում (նաև մանկատներում), տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններում, որոշ բժշկական հաստատություններում։ Այսօր թեև հանրակրթական դպրոցներում պարտադիր չէ սոցիալական մանկավարժի հաստիքը, այնուամենայնիվ, պահանջարկը մեծ է, քանի որ թվայնացման, տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում երեխայի անձի սոցիալականացման գործընթացում ավելանում են ռիսկերը՝ հաղորդակցման կարողությունների, ուսումնական մոտիվացիայի, ինքնուրույնության և այլ սոցիալական հմտությունների ձևավորման, վարքագծային խնդիրներ։

-Ի՞նչ խնդիրների են բախվում այն մասնագետները, ովքեր աշխատում են այս ոլորտում:

-Մասնագետների 1-ին հիմնական խնդիրը աշխատատեղերի սակավությունն է, թեև լիահույս ենք, որ ինչպես հոգեբանների դեպքում, սոցիալական մանկավարժների հաստիքը հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում կդառնա պարտադիր։ Հաջորդ խնդիրը հասարակության մեջ սոցիալական մանկավարժ մասնագետի մասին ցածր իրազեկվածությունն է։ Հաջորդ խնդիրը ցածր աշխատավարձն է։

-Կարելի՞ է ասել, որ սոցիալական մանկավարժները կիսով չափ հոգեբաններ են:

-Պատկերավոր ասած՝ այո։ «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտական կրթական ծրագրում ընդգրկված են հոգեբանության առարկայախմբի մի շարք դասընթացներ, որոնք օգնում են սոցիալական մանկավարժին մասնագիտական աշխատանքում։

Հարցազրույցը՝ Անուշ Բաբայանի

4-րդ կուրս

Կիսվել